Եթե ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը, «Փյունիկ»-ը չի մասնակցի Հայաստանի առաջնությանը. Արթուր Սողոմոնյան

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի 34 թիմ և երկու գլխավոր թիմեր չեն հայտավորվի հաջորդ տարվա Հայաստանի ֆուտբոլի առաջնություններին, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  ղեկավար կազմը վերընտրվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը:

Վերջինս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերջին 4 տարվա գործունեությունը` շեշտելով, որ վերջին տարիներին հայկական ֆուտբոլից հեռացել են բազմաթիվ ներդրողներ, ֆեդերացիան աշխատանքներ չի տանում մանկապատանեկան մասսայական ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ, պատանեկան առաջնություններում գրանցված արդյունքները ենթադրել են տալիս, որ այդ տարիքային խմբերում մրցակցության բացակայություն կա: Ըստ Սողոմոնյանի՝ առկա խնդիրներից են նաև պատանեկան թիմերում որակավորված մարզիչների բացակայությունը, երիտասարդական հավաքականի անհաջող ելույթների շարքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում և այլն:

«Նախորդ տարիների ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի շարք կազմակերպություններից ստացել է մոտ 70 միլիոն եվրո: Ես չգիտեմ, թե որտեղ են ծախսվել այդ գումարները: Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվի Արմեն Մելիքբեկյանը, և փոփոխություն չլինի, «Փյունիկ»-ը կդադարի մասնակցել Հայաստանի առաջնությանը»,-ասաց Սողոմոնյանը:

Վերջինս կոչով դիմեց ՀՖՖ նախագահի ընտրությանը մասնակից գործկոմի անդամներին` ընդգծելով, որ ընտրվում է ոչ միայն ֆեդերացիայի նախագահ, այլ ընտրում են երկրի ֆուտբոլի ապագան:

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը իր խոսքում շեշտեց, որ ՀՖՖ-ն վախի մթնոլորտ է ստեղծել, և ֆեդերացիային կոչ արեց առավել թափանցիկ գործել:

Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը հորդորեց ցույց տալ 4 տարվա ընթացքում կատարված աշխատանքը, որը նրանց իրավունք կտա շարունակել ֆեդերացիայի  ղեկավարումը։

«Փյունիկ»-ը դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում կքվեարկի  Արաս Օզբիլիզի օգտին: