Փետրվարի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք նույն մարդիկ, որոնք մի քանի անգամ վարակվել են կորոնավիրուսով, ներառվում են նախարարության կողմից ներկայացվող ընդհանուր դեպքերի վիճակագրության մեջ, թե՞ ոչ։
«Երբ ասվում է 396,885 մարդ էս պահի դրությամբ վարակվել է, դա նույն մարդու՞ն է վերաբերում, թե՞ մի քանի մարդ տարբեր անգամներ ընդգրկվում է այս թվի մեջ»,- մասնավորապես, հարցրեց Նազարյանը:
Հարցին ի պատասխան, Ավանեսյանը նշեց, որ տվյալները վերաբերում են անձանց, ոչ թե դեպքերին․ «Ձեր կողմից նշված տվյալները վերաբերում են անձերին: Այսքան անձ վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ, բայց մենք նաև առանձին ստատիստիկա ենք վարում, ժամանակ առ ժամանակ հրապարակում ենք կրկնավարակների վիճակագրական տվյալները»:
Այսինքն, նախարարի պնդմամբ՝ ներկայացվող վիճակագրությունը ցույց է տալիս, թե քանի մարդ է մինչ օրս վարակվել կորոնավիրուսով։
Իրականում, սակայն, նախարարության կողմից ներկայացվող ամենօրյա վիճակագրությունը ներկայացնում է կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը։
Այսինքն, փաստացի՝ եթե նույն մարդը տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ է վարակվել կորոնավիրուսով, այդ բոլոր դեպքերը հայտնվում են ընդհանուր վիճակագրության մեջ:
Այլ կերպ ասած՝ երբ նախարարությունը հայտարարում է, թե ընդհանուր դեպքերի թիվը կազմել է 396 հազար, սա նշանակում է, որ Հայաստանում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի թեստավորման 396 հազար դրական դեպք, որոնց մեջ, բնականաբար, ներառված են նաև կրկնավարակները: Նույնիսկ Առողջապահության նախարարության ամենօրյա վիճակագրության մեջ նշվում է ընդհանուր դեպք, այլ ոչ թե՝ անձ:
Դիմակների արդյունավետության մասին
Գեղամ Նազարյանը հարցրեց Անահիտ Ավանեսյանին, թե արդյո՞ք գիտական հետազոտություն կատարվել է՝ պարզելու, թե, ի վերջո, քանի մարդու կյանք է փրկել դիմակների կրումը. «Եթե, իրոք, փրկում է, ինչու՞, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում հիվանդությունը շարունակվեց տարածվել»:
FIP.am-ը դեռ 2020 թ․-ին էր անդրադարձել դիմակների արդյունավետության մասին քննարկումներին:
Համավարակի սկզբնական շրջանում, երբ վարակակիրների թիվը քիչ էր, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսով չվարակված մարդկանց խորհուրդ չէր տալիս դիմակ կրել, քանի որ այն հիմնականում ոչ թե պաշտպանում է վարակվելուց, այլ օգնում է չվարակել այլոց։ Դիմակները, իհարկե, ամբողջովին չեն չեզոքացնում, բայց կարող են նվազեցնել վարակվելու և վարակելու հավանականությունը։
2022 թվականին թարմացված ուղեցույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ դիմակի կրումը վարակի փոխանցումը կանխարգելող կարևորագույն միջոցներից է և այն պետք է կիրառել հակահամաճարակային այլ միջոցառումների հետ միասին, այն է՝ փակ տարածների օդափոխում, հեռավորության պահպանում և այլն: Կախված տեսակից՝ դիմակները կարող են օգտագործվել կա՛մ առողջ մարդկանց պաշտպանության, կա՛մ հետագա փոխանցումը կանխելու համար, կա՛մ երկուսը միասին:
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամի ի հայտ գալուց հետո ամերիկացի մասնագետները խորհուրդ են տալիս առավել որակյալ դիմակներ կրել, օրինակ՝ N95, KN95 կամ KF94 տեսակի, քանի որ հիվանդության այս մուտացիան ամենից արագ տարածվող տեսակն է:
Այսպիսով՝ Առողջապահության նախարարության կողմից ամենօրյա հաճախականությամբ հրապարակվող կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը ոչ թե վարակված անձանց թիվն է, այլ կորոնավիրուսի թեստավորումների դրական արդյունքներինը, և դրա մեջ ներառված են նաև կրկնավարակները, իսկ դիմակների կրումը ոչ թե բացառում է վարակի տարածումը, այլ նվազեցնում է վարակելու կամ վարակվելու հավանականությունը։