«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը
– Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է օրական աշխատաժամանակը 8 ժամից դարձնել 7 ժամ, շաբաթական տևողությունը 40 ժամից դարձնել 35, բայց պահպանել աշխատավարձը։ Պարո՛ն Թադևոսյան, ի՞նչ է տալու այս նոր փոփոխությունը, ինչպե՞ս եք գնահատում նախագիծը։
– Տեսեք, որ գրված է՝ աշխատանքի ժամը կրճատվում է, բայց աշխատավարձի չափը պահպանվում է, դրանից խուսափելու այնքան ձևեր կան, որ այդ մի ժամը կրճատեն, ու աշխատավարձը նույնությամբ չպահպանեն։ Ժամանակին էլ մի նախագիծ էին գրել՝ անկանխիկ վճարումների օրենքը, որ ուժի մեջ մտավ, ասում էին՝ ապրանքի կանխիկ ու անկանխիկ գինը չպետք է տարբերվի, բայց իրականությունը լրիվ այլ եղավ, այսինքն՝ միայն գրելով չէ, իրականությունից կտրված բաներ չպետք է անել:
Ինչ վերաբերում է կոնկրետ նախագծին. տպավորություն է, որ ինչ-որ մեկն ասել է՝ այնպես արեք, որ մարդկանց ինչ-որ մեծ խումբ գոհ լինի, ծափ տա, որովհետև, մեծ հաշվով, պետական հիմնարկներում աշխատաժամանակը ութ ժամից յոթ ժամ դարձնելով մեծ մասի համար միևնույն է լինելու, պետությունը դրա համար լրացուցիչ ծախսեր չի անի, այսինքն՝ բյուջեի վրա պետական աշխատողների մասով բեռ չի նստի, բայց մասնավորի դեպքում դա բեռ է լինելու։
Մասնավորի պարագայում, եթե օրվա ընթացքում աշխատողը մեկ ժամ պակաս է աշխատելու, ապա այդ աշխատանքը մեկը պետք է կատարի, կամ նա պետք է լրացուցիչ մնա, կամ այլ մարդ պետք է կատարի, նշանակում է, որ այս պարագայում մասնավորի բեռն ավելանում է։
Մտավախություն ունեմ, որ այս նախագծով այլ հարց էլ են ուզում լուծել, օրինակ՝ մեկ աշխատողի հաշվով ստեղծվող արդյունքի բարելավում են ուզում ապահովել, բայց, իհարկե, ոչ իրականությանը մոտ։ Աշխատաժամերի քանակը, այո՛, փոխվելու է, բայց դա չի նպաստելու, որ երկրում արտադրողականության պատկերը փոխվի: Ստացվում է, որ միայն ցուցանիշի համար է արվում ու մեկ էլ նրա համար, որ մարդիկ ասեն՝ ինչ լավ է, մեր աշխատաժամանակը կրճատեցին, ավելի շուտ տուն կգնանք։ Պարզ է, որ մի մեծ հատվածում, հատկապես պետական, շատ ուրախ կլինեն։
Ուշագրավ մի բան էլ կա այստեղ․ գաղտնիք չէ, որ պետական համակարգում բազմաթիվ թափուր հաստիքներ կան, իսկ այս նախագծում նշված է, որ նոր աշխատատեղեր կառաջանան: Հիմա, եթե այսպես թե այնպես պետական հատվածում այդ թափուր հաստիքները կային, այս նախագծի հետևանքով այդ թափուր հաստիքները մի բան էլ ավելանալու են, ի՞նչ հարց են դրանով լուծում։ Ստացվելու է, որ պետական հատվածում աշխատատեղեր չեն ավելանա, մասնավոր հատվածում էլ թափուր տեղեր կմնան, որովհետև բազմիցս ենք լսել, որ գործադիրն ասում է՝ մասնավորում աշխատատեղ կա, բայց համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ չկան։
– Ստացվում է, որ այս նախագիծն ինքնանպատա՞կ է ու ոչ մի արդյունավետություն չի՞ ապահովելու։
– Իհարկե չի ապահովելու։ Տարբեր երկրների այդ օրինակները, որ բերել են այս փոփոխությունը հիմնավորելու համար, մեղմ ասած, ծիծաղելի են, որովհետև այդ համեմատությունները շատ հաճախ սխալ են արվում, բոլորովին այլ հարցեր կան, որոնց դեպքում կարելի է համեմատվել, բայց, չգիտես ինչու, դա չեն անում։
Հետաքրքիր փաստեր. Ֆրանսիայում 2000 թվականին ներդրվեց 35-ժամյա աշխատանքային շաբաթ՝ նպատակ ունենալով խթանել աշխատատեղերի ստեղծումը և բարելավել աշխատողների կյանքի որակը: Այս փոփոխությունը սահմանեց, որ աշխատակիցները պետք է աշխատեն շաբաթական 35 ժամ՝ առանց աշխատավարձի կրճատման: Թեև որոշ ոլորտներում գործազրկությունը կարճաժամկետ նվազեց (2000-2001 թվականներին գործազրկության մակարդակը նվազեց 9.6%-ից մինչև 8.6%), շատ ընկերություններ բախվեցին արտադրողականության անկման խնդիրներին և ստիպված եղան ներդնել հավելյալ ճկունություն՝ աշխատակիցներին լրացուցիչ ժամեր առաջարկելու համար: Գերմանիայի համեմատությամբ, որը պահպանեց ավելի ճկուն աշխատանքային ժամեր (սովորաբար 35-40 ժամ՝ կախված ոլորտից), Ֆրանսիայի տնտեսությունը ժամանակավորապես կորցրեց մրցունակության որոշ առավելություններ, ինչը նկատելի դարձավ արտահանման և արդյունաբերական արտադրության ոլորտներում:
– Պարո՛ն Թադևոսյան, մասնավորի համար հնարավոր ի՞նչ խնդիրներ է առաջացնելու այս նախագիծը, առավել մանրամասն կներկայացնե՞ք։
– Օրինակ՝ սպասարկման ոլորտում աշխատում է մեկ անձ, որն աշխատում էր ութ ժամ ու պետք է տեղում լինի՝ անկախ աշխատանքի արդյունքից: Հիմա ասում են՝ ութի փոխարեն յոթ ժամ աշխատի, նշանակում է, որ գործատուն այդ մեկ ժամի համար պետք է լրացուցիչ այլ մարդ ներգրավի, որ այդ մեկ ժամն աշխատի։
Մի կողմից մենք ասում ենք, որ աշխատատեղեր շատ կան, բայց աշխատող չկա, որ գա աշխատի, մյուս կողմից էլ՝ եղածին ծանրաբեռնում ենք, աշխատավարձի, ծախսերի գծով մեկ ութերորդով իր բեռն ավելացնում ենք։ Ստացվում է, որ հարկ վճարողին դարձրին հերոս, որ աստիճանաբար ավելացնեն արդեն իսկ ավելացված հարկային բեռը, տարբեր տիպի վարչարարական բեռ է ավելացնում պետությունը, հիմա էլ այս նոր աշխատաժամի բեռն ընկնելու է մասնավորի վրա, որովհետև, արդեն ասացի, պետությունը բան չի կորցնում։
Մեկ էլ ասում ենք, որ Հայաստանում մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունը մյուս երկրների համեմատությամբ ցածր է, փոխանակ մտածեն ավելի շատ աշխատելու, որ արդյունքն ավելի շատ լինի, ասում են՝ ավելի քիչ աշխատեք։
Մի բան էլ, որ ասում են՝ քիչ աշխատելն առողջությանն օգուտ է, շատ են հանգստանալու, չաշխատելը շատ ավելի օգուտ է, եկեք բոլորս չաշխատենք, թող գումարը տան, ոչ մեկն էլ թող չաշխատի, բոլորը գնան հանգստանալու։ Օդի մեջ եղած հիմնավորումներով, առանց ռեալ հաշվարկների, նախագծեր չեն մշակում։ Էս նախագիծն էական ոչ մի հարց չի լուծելու, միայն ծափեր է ապահովելու։
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















