Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցն ԱԺ ամբիոնից պատգամավորների՝ դատական համակարգի խնդիրների առնչությամբ հնչեցրած քննադատությունները համարում է ոչ թե կազմաքանդ, այլ կազմաստեղծ՝ շեշտելով, որ դատական իշխանությունն անկախ է, սակայն անկախության շարունակական բարձրացման ձգտումներին դեմ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց ԱԺ-ում դատավորի ընտրության քննարկմանը:
Նա նախ շնորհակալություն հայտնեց երկու օր տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների համար: «Բարձրացվում էին մտահոգություններ, որոնք տեղին էին, և ոչ ոք չի կարող ժխտել: Կարծում եմ, որ և պատգամավորները, և դատական իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս թեկնածուների, չեն ժխտում այդ խնդիրների առկայությունը. արդարության հետ կապված խնդիրները մեր երկրում, մեր պետությունում»,-ասաց Հայկյանցը:
Նա, սակայն, արձանագրեց՝ եթե կողմերը միակարծիք են այդ խնդիրների առկայության հարցում, ապա այդ խնդիրների լուծման պատկերացումներում մոտեցումները հաճախ երկատվում են: Թեկնածուն նշեց, որ ԱԺ-ում քննարկումներում լարվածության մակարդակը բարձր էր, սակայն ինքը շատ բարձր է գնահատում այդ լարվածությունը՝ դա համարելով ստեղծագործ լարվածություն:
Ըստ նրա՝ իշխանության թևերը հավասար են, համագործակցում են, ներազդում են միմյանց վրա՝ հանուն երկրի առաջընթացի: «Այստեղ հնչող քննադատությունները և ընդհանրապես քննադատության ֆենոմենը կազմաքանդ չէ, կազմաստեղծ է: Քննադատությունը՝ իշխանության մի թևի կողմից մյուս թևի հանդեպ հանդիսանում է երկխոսության բաղադրիչ»,-ասաց նա ու շեշտեց, որ դա իր անձնական կարծիքը չէ:
Հայկյանցը վստահ է, որ դատական իշխանությունն իսկապես անկախ է, չէր էլ կարող անկախ չլինել, որովհետև անկախությունը դատական իշխանության գոյության՝ թերևս միակ հիմնավորումն է: «Բայց ինձ համար կարևոր են անկախության բարձրացման ձգտումները, որը ես տեսա, արձանագրեցի ինձ համար այս շահագրգիռ քննարկումների արդյունքում:
Բոլոր կողմերը՝ և պատգամավորները, և դատական իշխանության ներկայացուցիչները շահագրգիռ են շարունակաբար բարձրացնել դատական իշխանության անկախությունը: Դա չունի հստակ նիշ, որին կարելի է հասնել ու բավարարված կանգ առնել: Դա պրոցես է, որը պետք է անվերջ շարունակվի»,-ասաց նա ու կարծիք հայտնեց՝ բոլորն ունեն այդ ձգտումը:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այդպիսով իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ: