«Վարչապետ լինելը ոչ թե վայելք է, այլ պատասխանատվություն». Փաշինյան. «Արմենպրես»

«Վարչապետ լինելը ոչ թե վայելք է, այլ պատասխանատվություն». Փաշինյան. «Արմենպրես»
«Վարչապետ լինելը ոչ թե վայելք է, այլ պատասխանատվություն». Փաշինյան. «Արմենպրես»

«Մինչև հիմա ընդունված է քննադատաբար ասել, որ այս երկրում երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն նախարար կա: Դա ասվում էր որպես քննադատություն, բայց ես դա համարում եմ առավելություն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, որովհետև,  երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը դուք եք, հենց դա նկատի ունենք: Նոր ժամանակներում վարչապետ լինելը վայելք չի, այլ պատասխանատվություն է»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այսօր՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի  քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարել է, թե երբ ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նշանակում է, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա,  և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է:

«Ձեզանից յուրաքանչյուրն, այո, այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզանից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար»,-ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ այժմ եկել է ամեն մեկի պատասխանատվության ժամանակը, որպեսզի բոլորը հասկանան, թե իրենց  որոշումից ինչքան բան է կախված:

«Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, մարզպետն ու նախարարն էլ մի ձայն ունեն: Ընտրություններում ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը: Որովհետև հիմա այն ժամանակը չէ, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, կաշառք տվողն են որոշում կայացնելու: Հիմա դուք եք կայացնելու որոշումը, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է զգա այդ պատասխանատվությունը: Ձեր քվեն տալով՝  դուք որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, որոնք դեռ քվեարկելու իրավունք չունեն»,-ասել է Փաշինյանը: