Որտեղի՞ց այդ փաստաթուղթը հայտնվեց Միքայել Մինասյանի ձեռքին. Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ ադրբեջանական աղբյուրից

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարո՛ն Սիմոնյան, մինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շտապում էիք հերքել, որ ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութը կեղծ է, ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թ. մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: Ինչո՞ւ էիք շտապում հերքել։

– Իմ հրապարակման մեծ նշված է, որ դա ՊՆ պնդումն է, և տակը դրված է հղումը, նույն հաջողությամբ կարող են ասել, թե ինչո՛ւ է «Մեդիալաբը» նման բան գրում այն պարագայում, երբ հղում կա դրված։

Եվ երբ ՊՆ-ն թարմացրեց իր տեղեկատվությունը, ես դա իմ էջում տեղադրեցի։ Եվ արհեստական աղմուկը և անձերի վրա ուղղած հարձակումն անտեղի եմ համարում։ Ես գրել եմ՝ ՀՀ ՊՆ, որ նման բան տեղի չի ունեցել, հետո ավելացրել եմ՝ թարմացված, իսկ հետո ասում են, որ իբր ես եմ դա ասել, մինչդեռ ես հղում եմ արել ՊՆ-ին։

– Ստացվում է՝ խնդիր կա պետական օղակների՞, մասնավորապես, ՊՆ-ի հետ, երբ հերքում, ապա հաջորդ պահին հաստատում է տեղեկատվությունը։

– Նման տեղեկատվական հակասությունը համարում եմ ՊՆ բացթողումը և ներողություն եմ խնդրում, բայց սա պետական մի օղակի մյուսի հետ համագործակցություն չէ։ 

Ես, ինչպես մեր բոլոր ընթերցողները, ընթերցել և հրապարակել եմ այն, ինչ հրապարակել է ՊՆ-ն։ Ի վերջո, մենք պետք է հասկանանք, որ արագ տեղեկատվական հոսքերի մեջ հաճախ ճշգրտման խնդիր է լինում, որովհետև երեկ որևէ նման միջադեպ չէր եղել, և, ինչպես պարզվեց, տեսանյութը ամսի 17-ի միջադեպից մի հատված էր, որն արդեն լրատվական կայքերում հրապարակվել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, և մեր տղաները, ժողովրդական լեզվով ասած, տակ չեն մնացել։

– Այսօր Կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այն, ինչ կստորագրվի, 100 տոկոսով Հայաստանի Հանրապետության շահերից է բխում։ Շատերը, սակայն, խիստ վերապահումներ ունեն, հիշեցնում են նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ծանո՞թ եք փաստաթղթին, թե՞ ոչ։

– Ես ծանոթ եմ փաստաթղթին, և այն մարդիկ, որոնք կասկածներ ունեն, թող կասկածներ ունենան իրենց հետ կապված, որովհետև փաստաթղթի մեջ որևէ դրույթ չկա, որը կարող է հակասել կամ տարբեր ենթադրությունների տեղիք տալ։ 

Հիմա մանրամասն չեմ կարող բացահայտել, բայց վարչապետի պաշտոնակատարի ասածը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։ Ցավոք սրտի, ես հիմա չեմ կարող այդ փաստաթղթի բովանդակությունը բացահայտել։

– Ձեր իշխանության հասցեին քննադատություններ են հնչում, որ մինչև Սյունիքն էլ չտա, չի հանգստանա։

– Ես պնդում եմ, որ այն բոլոր շրջանակները, որոնք հնչեցնում են այդ կարծիքները, պատրաստվում են և պատրաստվել են հանձնել ոչ միայն Սյունիքը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը, որ գան իշխանության։ 

Ես դա պնդում եմ, որ իրենք պատրաստվել են, ամեն ինչ արել են, փաստաթղթեր են քննարկել, գծել են քարտեզներ։ Եվ հիմա խնդիրն այն է, որ այսօրվա իշխանությունը թույլ չի տալիս իրենց պարտությունը, պայմանավորվածությունը, ըստ որի՝ իրենք պատրաստվել են հանձնել Արցախը և մնացած ամեն հնարավորը, որ գան իշխանության, այսօրվա իշխանությունը դա ուղղակի թույլ չի տալիս, և դրանով է պայմանավորված նրանց վայնասունը, որի հիմնական նպատակն է մեղադրել իշխանությանն այն բանի համար, ինչն իրենք ուզել են անել, բայց չի ստացվել։

– Ինչ եք կարծում, նման պայմաններում իշխանությունն էլ ավելի թուլացած չի՞ մասնակցում արտահերթ ընտրություններին։

Ես չեմ կարող ասել՝ իշխանությունը թուլացած է կամ թուլացած չէ, բայց մենք այլընտրանք չունենք: Նախ՝ չենք կարող ընտրությունների չգնալ, երկրորդ՝ իշխանության երկխոսությունը ժողովրդի հետ ստացվել է և ստացված է, և այս վայնասունի պատճառներից մեկն էլ այն է, որ գիտակցում են՝ չի ստացվել ժողովրդի իշխանությանը պոկել ժողովրդից, և ակնհայտ է, որ իշխող ուժը միանձնյա առաջատար է գալիք ընտրություններին, և այդ վայնասունը նաև դրա հետ է կապված։ 

Չէ՞ որ բոլորդ ականատես եք եղել այն հայտարարություններին, որ պետք է մինչև ընտրությունները այս իշխանության հարցը լուծել, ինչպես հայտարարում էին, որ պատերազմի ժամանակ պետք է ոչ թե թուրքի ուղղությամբ կրակել, այլ գալ Հանրապետության հրապարակ։ 

Եվ այդ նույն տրամաբանության մեջ էլ արվում են այս իրադարձությունները։ Մենք ունենք 30 օր, և պետք է դիմանանք, որպեսզի ազատվենք այն մարդկանցից, որոնք ուղղակի կամ անուղղակի գտնվում են թուրքական, ադրբեջանական ազդեցության տակ։

– Պարո՛ն Սիմոնյան, երեք տարի է՝ հայտարարում եք՝ թուրքական գործակալներ կան և այլն, բայց դրա ուղղությամբ քայլեր չեն արվել։ 

– Այդ մասին 2020-ին են հայտարարել՝ եկեք հարձակվեք Հայաստանի վրա, 2020-ին են սկսել ուղղությունները ցուցադրվել, թուրքական աղբյուրներից ինֆորմացիա ստանալ, հրապարակել։ 

Ուզում եմ հարց եմ տալ. որտեղի՞ց այդ փաստաթուղթը հայտնվեց Միքայել Մինասյանի ձեռքին, եթե հայկական կողմը այդ փաստաթուղթը չի տրամադրել որևէ մեկին, ռուսական կողմը նույնպես չի տրամադրել։ Պնդում եմ, որ, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմի տրամադրած փաստաթուղթ է, որպեսզի վիժեցնեն այն գործընթացը, որը կարող է ուժեղացնել Հայաստանի իշխանության դիրքերը։ 

Չէ՞ որ մենք 6 ամիս առաջ պատերազմ ենք պարտվել, ինչպե՞ս կարող է վեց ամիս առաջ պատերազմում պարտված երկիրը բանակցել մի փաստաթղթի շուրջ, որն ի նպաստ իրեն է։

Կա փաստաթուղթ, կա քննարկում, կա հավասարը հավասարի հետ համագործակցություն՝ ի հեճուկս այն խոսակցությունների, որ այսօրվա իշխանությունը այլևս չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահը, բայց արի ու տես, հերիք չի ներկայացնում է, մի հատ էլ փաստաթուղթ է ստորագրում, որը չի ենթադրում որևէ գյուղի հանձնում, որևէ միջանցք, ոչ մի զիջում, ընդհակառակը՝ ֆիքսում է դիրքերի գոյությունը, հայկական դիվանագիտության աշխատանքն է ֆիքսում, որը կրկին ցույց տվեց աշխարհում լսելի լինելու իշխանության կարողությունը։ 

Բա այս ամենը հիստերիայի առիթ չէ՞ այդ ընդդիմադիրների համար, իհարկե հիստերիայի առիթ է։ Իսկ ինչո՞ւ փաստաթուղթը չհրապարակվեց ամբողջությամբ։

– Իսկ գուցե այդ փաստաթուղթը ռուսական իշխանությունների միջոցո՞վ է հայտնվում նրանց ձեռքին։

Հավանական եմ համարում, որ դա ադրբեջանական աղբյուր է։

Մանե Հարությունյան

MediaLab.am