«Հայաստանը հստակ գնում է համատարած վարակման ճանապարհով». Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, հուլիսի 1-ից Եվրամիությունը սահմանները բացում է 14 երկրների առաջ, այդ թվում՝ Վրաստանի։ Գրառում էիք արել, որում նշել էիք՝ Վրաստանը գնաց այն ճանապարհով, որը դուք առաջարկում էիք Հայաստանի համար։ Դա խիստ կարանտինի սահմանումը և պահպանո՞ւմն էր, ինչպես նաև բարձր տուգանքը։

– Խոսքը ոչ այդքան բարձր տուգանքի մասին էր (թեև դրա կիրառումը կարող էր անխուսափելի լիներ), որքան երկու-երեք շաբաթվա խիստ կարանտինի և այդ ընթացքում առավելագույնս թիրախային թեստավորման միջոցով բոլոր հավանական վարակակիրներին բացահայտելու և մեկուսացնելու մասին։

Դրա օրինակը միայն Վրաստանը չէ։ Այսօր հայտնի դարձավ, որ Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել։

Դա այն դեպքում, երբ համաճարակի կանխարգելման հարցում Նոր Զելանդիան ամենահաջողված փորձ ունեցող երկրներից է։ Երբ բացում եք այդ երկրի համաճարակի դեմ պայքարի մասին տվյալներ ներկայացնող կայքը, պարզապես նախանձ է առաջանում, թե որքան բազմազան ու բազմաբնույթ են նրանց ուսումնասիրությունները, որքան համակողմանի վերլուծություն են կատարում նրանք։

Իհարկե, այդ ամենը մեկ օրում չի ստեղծվել, բայց ցավն այն է, որ մեր պատկան մարմինները ոչ միայն չեն տեսնում այս կամ այն խնդրի լուծման արդյունավետ տարբերակները, այլև նույնիսկ լսելու, քննարկելու ունակություն չունեն։

– Ձեր ասած տարբերակը հիմա կյանքի կոչելու համար ո՞ւշ է, թե՞ դեռ կա իրավիճակը շտկելու հնարավորություն։

– Խնդրի լուծման արդյունավետ ճանապարհ որոշելու համար հիմա ավելի համակողմանի տեղեկատվություն է պետք։

Այն ժամանակ, երբ ես առաջարկում էի, պոտենցիալ վարակակիրների թիվը մեծ չէր, և հնարավոր էր կազմակերպել նրանց մեկուսացման հարցը։ Գումարած դրան՝ մարդիկ դեռ որոշակի նյութական միջոցներ ունեին և կարող էին երկու-երեք շաբաթ լուծել իրենց նվազագույն կարիքները։

Ցավոք, վերջին ամիսների ընթացքում մեր տնտեսությունը նահանջում է և շարունակելու է նահանջել, ինչը, ի դեպ, նույնպես կանխատեսելի էր, և հիմա դժվար է ասել, թե արդյոք նույն մոտեցումը, որը երեք ամիս առաջ կարող էր լավագույն լուծումը ապահովել, հիմա կտա՞ նույն արդյունքը, թե՞ ոչ։

Համենայն դեպս ես գտնում եմ, որ Կառավարության ներկայիս մոտեցումը, երբ ամբողջ հույսը դրված է քաղաքացիների դիմակ կրելու վրա, բավարար չէ վիրուսի դեմ պայքարը գոհացուցիչ համարելու  համար։

– Ընդդիմադիր մի քանի ուժեր նշում են, որ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարում, և պահանջում են Կառավարության հրաժարականը։ Ի՞նչ եք դուք կարծում նրանց պահանջի վերաբերյալ, և արդյոք այս պահին կարելի՞ է արձանագրել Կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողված։

– Ես կարծում, որ պատասխանատուներից առանցքային պաշտոնյաներ կան, որոնք պիտի հրաժարականով չվերջացնեն։ Ինչպես Վանոն էր ասում՝ «Էս երկիրը որբի գլուխ չի»։ Պատասխանատվության ինստիտուտը պիտի կայանա։

Մարդիկ, հատկապես պաշտոնյաները, պիտի իրենց կայացրած որոշումների համար պատասխանատու լինեն։ Մեղքը ժողովրդի վրա բարդելով հարց չի լուծվել, ու եթե այդպես շարունակվի, էլի չի լուծվելու։

Անկախ նրանից, հիմա կլինեն հրաժարականներ, թե ոչ, որովհետև մեծ հաշվով հրաժարականի հարցը ավելի շատ քաղաքական որոշում է, կարծում եմ՝ այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու։

– Կառավարությունը նշում է, որ քաղաքացիները բարձր գիտակցություն պետք է ցուցաբերեն, դիմակ կրեն և հաճախ լվանան ձեռքերը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ պատասխանատվությունը քաղաքացիների վրա է մնում։

– Դա, ավելի շատ, ոչ թե պատասխանատվությունը քաղաքացիների վրա բարդելու փորձի մասին է խոսում, այլ ավելի շատ այն մասին, որ պարետատունը դրանից բացի պայքարի այլ միջոց, ճանապարհ չունի։

Ես չեմ ասում, թե դիմակ դնելը սխալ է, այո՛, դիմակ կրել պետք է, պետք է պահպանել սոցիալական հեռավորություն, հիգիենայի կանոնները, դրանք անչափ կարևոր են, բայց ես դրանցից ավելի ոչինչ չեմ տեսնում։ Հայաստանը հստակ գնում է համատարած վարակման ճանապարհով։

– Նախարարը հայտարարել է, որ Կառավարությունը բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով, որ մենք կվերադառնանք մեր նախկին կյանքին։ Որքանո՞վ է դա ռեալ։

– Բոլոր գիտական կենտրոնները խոսում են, որ պատվաստանյութը մեկ տարուց շուտ չի լինելու։ Եթե հավատանք այդ պնդմանը, և եթե Թորոսյանը չպայմանավորվի պատվաստանյութ արտադրողների հետ, որպեսզի մեզ վրա պատվաստանյութի փորձարկումներ անեն, ապա կարծում եմ՝ մինչև պատվաստանյութի կիրառումը Թորոսյանը այլևս չի լինի առողջության նախարարի պաշտոնում։ Հետևաբար նրա այդ հայտարարություններին դժվար է լուրջ վերաբերվել։

Մանե Հարությունյան

MediaLab.am