«Մենք ստեղծեցինք մեր երրորդ մշակույթը»․ Մարի և Չանգ Կուն՝ հայ-չինական սեր՝ տարաբնույթ մոտեցումներով և շեշտերով

Փոքր տարիքից Ասիայի մշակույթի հանդեպ հետաքրքրությունը հասուն տարիքում Մարի Սևոյանին տարավ Չինաստան, որտեղ սկզբում ուսումնական ծրագրով, այնուհետև աշխատանքային առաջարկով հաստատվեց, իսկ ավելի ուշ գտավ իր սիրուն՝ Լիու Չանգ Կունին ու ընտանիք կազմեց:

«Ես հիշում եմ, երբ 6-7 տարեկան էի, ատլասի գիրք կար, տատիկիս տարա, ցույց տվեցի, ասեցի՝ ասա, ո՞նց գնամ Չինաստան… Տարիներն անցան, Չինաստանի հանդեպ սերը մնում էր, համալսարանի վերջին տարում էլի սկսեցի հետաքրքրվել Չինաստանով, իրենց մշակույթով, վիդեոներ էի նայում, մարդկանց, որոնք ճամփորդում էին, լսել էի, որ շատերը գալիս են էստեղ ծրագրերով, որոշեցի ես էլ փորձել»,- պատմում է 25-ամյա Մարին ու ասում, որ կրթական ծրագրով 6 ամսով Չինաստան այցելեց, այնուհետև վերադարձավ Հայաստան, սակայն ուշքն ու միտքը կրկին Չինաստան գնալն էր։ 

Երկրորդ անգամ Մարին կրկին ուսումնական նպատակով է Չինաստան մեկնել, այդ շրջանը համընկել է կորոնավիրուսի համաճարակի բռնկման հետ։ 

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների հետևանքով Մարին որոշ շրջան դեպրեսիվ ապրումներ է ունեցել, հայրենիք վերադառնալու հորդորներ լսել, սակայն չի փոխել որոշումը և մնացել է Չինաստանում։ Սահմանափակումների թուլացումից հետո, երբ կյանքը սկսել է ակտիվանալ, Մարին աշխատանքի հնարավորություն է ձեռք բերել, ընկերական խնջույքների է մասնակցել, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն։

«Երբ փակված էի, ինձ մենակ էի զգում, դուրս գալ հնարավոր չէր, ու ես էդ ժամանակ տանը նստած նայում էի չինացիների գրառումները վիչաթում, ամեն Նոր տարուն իրենք սովորություն ունեն ընտանիքով հավաքվել, կարմիր ծրարներ փոխանակել։ Իմ մեջ տպավորվել ա, որ ես նայում էի ու նեղվում, ես էլ էի ուզում զգայի էդ մեծ ընտանիքը, ստանայի կարմիր ծրարները։ Ու չէի պատկերացնի, որ դրանից մեկ տարի հետո ես ընկերոջս ու իր ընտանիքի հետ կանցկացնեմ Նոր տարին»,- հիշում է Մարին ու ժպտում։

Մարին ամուսնուն՝ մասնագիտությամբ իրավաբան Լիու Չանգ Կունին հանդիպել է 2020-ի ապրիլին:

«Ընկերների մեծ խմբով հանդիպեցինք, սկսեցինք շփվել, սկզբում Չանգ Կունը չէր ուզում լուրջ հարաբերություններ հաստատել, ընկերուհի ունենալ, վատ փորձ էր ունեցել, բայց մենք որ հանդիպեցինք, շատ հանգիստ սկսեցինք շփվել, փոխեց որոշումը։ Սկսեց ուսումնասիրել Հայաստանը, հայկական մշակույթը, սկսեցինք հանդիպել»,- պատմում է Մարին ու նշում, որ ամուսնու մեջ իրեն գրավել են շփման մեջ հանգստությունը, ազնվությունը, քիչ բառերով իրար հասկանալն ու Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը։

Մարին ասում է՝ իր ընտանիքն անակնկալի չեկավ՝ իմանալով, որ շփվում է չինացու հետ, քանի որ գիտեին իր հետաքրքրությունը Չինաստանի հանդեպ, և Չինաստանում բնակվելն արդեն խոսում էր այն մասին, որ գուցե ինքն իր ընտանիքը հենց Չինաստանում ստեղծի։ Մարին ասում է՝ ամուսնու ընտանիքը ևս ջերմ է ընդունել իրենց միությունը։ 

«Ես սկզբում կասկածում էի՝ ո՛նց կարող ենք միմյանց հասկանալ, հաշվի առնելով այն փաստը, որ օտարերկրացի եմ, շփվում ենք անգլերենով, բայց ես զգում էի, որ իմ հայ մտածելակերպը, իրենց չինական մտածելակերպը միախառնվում են ու դառնում նոր մշակույթ, մենք ստեղծեցինք մեր երրորդ մշակույթը»։

Մարին ու Լիու Չանգ Կունը երկու տարի ընկերություն անելուց հետո իրենց ամուսնությունը պաշտոնապես գրանցել են, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներից ելնելով, քանի որ ոչ իրենք կարող էին Հայաստան գալ, ոչ էլ Մարիի ընտանիքը կարող էր Չինաստան գնալ, հարսանեկան արարողությունը հետաձգել են, մինչև հնարավոր դառնա ընտանիքի բոլոր անդամների մասնակցությունը:

«Հարսանիք դեռ չենք արել, քանի որ ուզում եմ ընտանիքս ներկա լինի։ Խորհրդանշական էր, որ մեր ամուսնության պետական գրանցումն ընտրել էինք հունիսի 6-ը, ըստ չինական մշակույթի, ի հակառակ ամբողջ աշխարհի, 6 թիվը համարվում ա հաջողակ, ասում են՝ որ այդ օրն ամսունանում են, ընթացքը, հարաբերությունները բարեբեր են լինում, դրա համար ընտրեցինք 6-րդ ամսի 6-րդ օրը»,- պատմում է Մարին։

Մարիին շատ են տպավորել Չինաստանի հարավում՝ Չենդու քաղաքում, որտեղ ինքն է ապրում, ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ չինացիների պատկերացումները։ Ասում է՝ հարավում բնակվող չինացիները կարևորում են կնոջ և տղամարդու իրավունքների հավասարությունը։

«Ես շատ էի լսել, որ հյուսիսում ավելի պատրիարխ մտածելակերպ ա, որ կինը պետք ա տանն ամեն ինչ անի, ու շատ զարմացած էի, որ Չինաստանի հարավում տղամարդիկ պատրաստում են՝ նախ՝ շատ համեղ, ու, ըստ իրենց մտածելակերպի՝ իրենք պարտավոր են իմանալ որոշ ուտեստների պատրաստել, ամոթ ա չիմանալը, շատ աջակցում են իրենց կանանց, մաքրություն են անում»,- նշում է Մարին ու ասում՝ ամուսնու պատրաստած ուտելիքներից շատ է սիրում հավի մսով և ընդեղենով ուտեստը։

Մարին Չինաստանում այժմ աշխատում է որպես կրթության գծով խորհրդատու, ասում է՝ Չինաստանում կյանքին ընտելացել է, հարավում մարդիկ շատ ջերմ են, միմյանց օգնող։ Շատ կարևորում է անվտանգությունը, չինացիների՝ օրենքին հետևելը, հավելվածների միջոցով ծառայությունների հասանելիությունը։

«Շատ ապահով ես էստեղ, եթե նույնիսկ ուշ գիշերով տուն ես վերադառնում, մարդիկ հանգիստ են, հանցագործությունների թիվը ցածր է, էդ ապահովությունը շատ ա գրավում։ Ունեն հատուկ հավելվածներ, քո քարտը ու հասցեն կցված են, ամեն ինչ կարող ես պատվիրել՝ մեքենա ես կանչում, կամ ինչ-որ ծառայություն ա պետք»,- նշում է Մարին։

Մարին, անդրադառնալով երկու տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից ընտանիք ստեղծելուն և տարբեր մշակույթների կրող լինելու հանգամանքին, ասում է, որ մտածելակերպի տարբերության պատճառով հնարավոր են ընդհարումներ, սակայն միմյանց հետ խոսելու ու բացատրելու շնորհիվ խնդիրներն արագ հարթվում են: 

«Մտածելակերպի տարբերության մասին մի դեպք պատմեմ: Ամուսինս ազատ մտածող է, կնոջը ազատություն տվող, ես մեծացել էի էնպիսի շրջապատում, որտեղ տղամարդիկ ավելի հսկողական մոտեցում ունեն՝ ո՞ւր ես, ո՞ւմ հետ:

Ես իրականում շատ զարմացած էի, դժվար էի համակերպվում։ Երբ նոր էինք ընկերություն անում, հանդիպումից հետո տաքսի էի սպասում, իրա մեքենան առաջինը եկավ, ասեց՝ օկ, բայ, ու ես մնացի փողոցում կանգնած: Շատ էի նեղվել, հետո իրան ասեցի՝ ես սովոր չեմ, ու ինքը ասեց՝ ես կփոխեմ, դրանից հետո ինքը տենց չի անում, մտածելակերպի տարբերություն էր, որը շտկում ենք»։ 

Մարին ընդգծում է՝ շատ կարևոր է, երբ զույգից մեկը, որը որևէ հարցի համաձայն չէ, կամ իրեն դուր չեն գալիս որևէ վարքագիծ, մոտեցում, այդ մասին ասի, չմտածի, որ դիմացինը պետք է դա հասկանա:

«Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ երբեք մի՛ մտածիր, որ դիմացինդ առանց քո ասելու, որ քեզ ինչ-որ բան դուր չի եկել, կարող է գուշակել և փոխել իր մոտեցումը։ Շատ դեպքեր են եղել, ինքս իմ մեջ ջղայնացել եմ, որ չի լինում, չի հասկանում, ինքը զարմացել ա, որ եթե ես չեմ ասում, չեմ կիսվում, ուրեմն ինձ համար դա նորմալ ա։ Պետք է խոսել, բացատրել, որ խնդիրներ չմնան»,- նշում է Մարին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am