«Համավարակային իրավիճակն ավելի ծանր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում». Նարեկ Վանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը

– Պարո՛ն Վանեսյան, միայն երեկվա տվյալներով կատարվել է 6904 թեստավորում, որից հաստատվել է 891 նոր դեպք, իսկ մահվան՝ 22: Ինչի՞ մասին են խոսում այս թվերը, կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում ինչպե՞ս եք գնահատում:

– Իրավիճակը գնահատում եմ ծանր, այն ավելի ծանր է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, որովհետև քովիդով վարակվածների ու դրա հետևանքով մահացածների թվաքանակի զգալի տարբերություն կա:

Այս թվերը խոսում են մեր իրականությունում վտանգավոր իրավիճակի մասին: Քաղաքացու ու պետության բոլոր քայլերը պետք է միտված լինեն իրավիճակի բարելավմանը, որքան էլ գիտենք, որ պատվաստումը չի ապահովում քովիդով վարակվելուց, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական նյութերից ու միջազգային կլինիկական հետազոտությունների արդյունքներից պարզ է դառնում, որ պատվաստված անձը, եթե անգամ ունենա կրկնավարակ, ապա մահվան հավանականությունը բավականին ցածր է:

Դեպքերի թվի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պայմանավորված է նոր շտամո՞վ, թե՞ այլ պատճառ էլ կա:

– Առաջին պատճառը, բնականաբար, ահագնացող դելտա շտամն է, որն ավելի ագրեսիվ է, ավելի արագ է տարածվում ու ավելի երիտասարդ է: Երկրորդ պատճառն այն մասսայական միջոցառումներն են, որ վերջերս երկրում տեղի ունեցան, դասապրոցեսի վերսկսումը, իսկ երրորդը մեր հասարակության կողմից, եթե ոչ մասսայական, ապա գերազանցապես դիմակ կրելու մշակույթը չյուրացնելը, հատկապես այն մարդկանց դեպքում, որոնք պատվաստվել են կամ արդեն հիվանդացել են:

Կարծում եմ, որ և՛ օրենքի պահանջները պետք է խստացվեն, և՛ հսկողությունը, որպեսզի դրանք կատարվեն, մեր սոցիալական գովազդները, մարքեթինգային քաղաքականությունը պետք է ուղղված լինեն մեր քաղաքացիների ինքնագիտակցության էլ ավելի բարձրացմանը:

Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ մարդիկ, որոնք իրականացնում են հակապատվաստումային քարոզչություն, պետք է որոշակի իրավական սահմանափակումների ենթարկվեն, որովհետև նրանց տեսակետը վտանգավորություն է ներկայացնում այլոց առողջության և հանրային առողջապահության տեսանկյունից:

– Առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուս ունեցած, բայց այլ հիվանդությունից մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1220 է, իսկ կորոնավարակի հետևանքով մահերի ընդհանուր թիվը 5419 է: Թվային այս ցուցանիշի մասով ի՞նչ կարող եք ասել, Հայաստանի նման երկրում սա նորմա՞լ է:

– Մեր կենսակերպն այնպիսին է, որ յուրաքանչյուր տարի, ցավոք, մահվան դեպքեր ունենում ենք թե՛ ոչ վարակիչ, թե՛ վարակիչ հիվանդություններից: Սակայն երբ չկար համավարակը, բնականաբար, ոչ վարակիչ հիվանդություններից մահացածության ցուցանիշը գերակշռում էր՝ սրտամկանի ինֆարկտ, քաղցկեղ, շաքարային դիաբետ և այլն: Բայց համավարակը, բացասական իմաստով, նպաստում է, որ այլ հիվանդություն ունեցող անձի մոտ ավելի շուտ զարգանան այդ հիվանդությունները:

Լինում են նաև դեպքեր, երբ վարակված անձը բուժվում է, սակայն վարակի թողած հետևանքները և նրա մինչ այդ ունեցած հիվանդությունների համադրությունը անդառնալի ազդեցություն են ունենում, ու դա է պատճառը, որ քովիդից հետո ունենում ենք քովիդով չպայմանավորված մահացության այդպիսի ցուցանիշ:

Պարո՛ն Վանեսյան, եթե համավարակային այս իրավիճակը շարունակվի նույն տեմպերով, մեկ շաբաթ անց թվային ի՞նչ ցուցանիշ ենք ունենալու:

– Այս ընթացքում նաև ակտիվացել է սեզոնային գրիպը, և շատ հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս ջերմության, թոքաբորբի ախտանշանների կամ, առհասարակ, քովիդի ախտանշաններին նմանվող ախտանշանների դեպքում կատարել թեստավորում:

Կարծում եմ, որ աշնան վերջին այս տեմպը որոշակիորեն կթուլանա, և հոկտեմբերից ուժի մեջ մտած այս սահմանափակումներից հետո էական ազդեցություն կտեսնենք նաև առողջապահական ցուցանիշներում, որի հիման վրա կկատարվի համապատասխան եզրակացություն համավարակի ակտիվանալու կամ նվազելու մասով:

Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ մեր հարևան Վրաստանում այսօր շատ ավելի ծանր վիճակ է համավարակի և՛ վարակելիության, և՛ մահվան դեպքերի մասով, քան մեզ մոտ:

Տեղի՞ն է, որ հասարակական տրանսպորտում և ամենուր խստացվեն հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունները:

– Բնականաբար պետք է խիստ հսկողություն իրականացվի, քանի որ այս վարակը օդակաթիլային ճանապարհով է տարածվում, պետք է հնարավորինս բոլոր մեխանիզմներով կանխարգելման, վերահսկման աշխատանքներ իրականացնել բոլոր վայրերում: Շատ լավ է նաև, որ կան իրավական ակտեր, բայց երբ այդ ակտերը չեն գործում, թերի են, կամ չի վերահսկվում դրանց կատարման գործընթացը, խնդիրն ավելի է լրջանում: Այսինքն՝ այս գործընթացը պետք է ավելի լայն թափով ու խիստ վերահսկողությամբ իրականացվի:

Արձանագրո՞ւմ եք, որ այստեղ կա պատկան մարմինների կողմից թերացում:

– Երբ խնդիր եմ տեսնում, ոչ թե Ֆեյսբուքում հրապարակում եմ անում, այլ զանգում եմ տվյալ կառույցի ղեկավարին: Կարծում եմ, որ այս գործընթացների տեմպն ու ծավալը պետք է գոնե կրկնակի մեծացվեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am