Հայաստան. Ֆինանսական խնդիրների պատճառով` երբեմնի բազմաթիվ մանկապարտեզների քանակը կրճատվում է

Հայաստան. Ֆինանսական խնդիրների պատճառով` երբեմնի բազմաթիվ մանկապարտեզների քանակը կրճատվում է
Հայաստան. Ֆինանսական խնդիրների պատճառով` երբեմնի բազմաթիվ մանկապարտեզների քանակը կրճատվում է

Նախադպրոցական տարիքի երեխաների ծնողները ծանր կացության մեջ են հայտնվել` փակվող մանկապարտեզների եւ նախադպրոցական հաստատությունների պակասի հետեւանքով:
Հայաստանում մանկապարտեզներն ամենաշատը տուժեցին  անկախացումից հետո ստեղծված  ճգնաժամային իրավիճակում: Նախադպրոցական հաստատությունների քանակը 1990-1996 թվականներին նվազեց 13 տոկոսով:
1996-ին նախադպրոցական հաստատություններն անցան համայնքային ենթակայության (համայնքներին ամբողջությամբ հանձնվեցին նաև մանկապարտեզների շենքները, շինությունները, գույքը), ինչի հետեւանքով դրանց ցանցը կրեց զգալի փոփոխություններ` իրար մոտ գտնվող առանձին մանկապարտեզներ միավորվեցին, իսկ մի շարք մանկապարտեզներ փակվեցին:

Շատ գյուղական համայնքներում մանկապարտեզները փակվեցին, քանի որ նվազեց նաեւ սոցիալական պահանջարկը:  Մանկապարտեզների թվի անկումը շարունակվեց նաեւ հետագա տարիներին:

Այսպես, Արմավիրի մարզի 94 գյուղական համայնքներից միայն 30-ում կան մանկապարտեզներ: Իսկ դեռեւս գործող նախադպրոցական հաստատությունները վստահություն չեն ներշնչում ծնողներին:

«Շատ եմ ուզում, որ երեխաներս նորմալ մանկապարտեզ հաճախեն, շփվեն իրենց հասակակիցների հետ, նոր բաներ սովորեն: Որ իմանամ` նրանք ապահով ձեռքերում են, ես էլ հանգիստ խղճով մի տեղ աշխատանքի կտեղավորվեմ: Բայց դժբախտաբար նման հնարավորություն չունեմ», – բողոքում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ 26-ամյա Կարինե Մխիթարյանը:

Իրականում մանկապարտեզ գյուղում կա, սակայն անբարեկարգ վիճակը, կահույքի ու սննդի հետ կապված խնդիրները, որոնցից անմասն չեն հանրապետության շատ այլ գյուղերի մանկապարտեզներ, ծնողներին թույլ չեն տալիս վստահորեն իրենց երեխաներին մանկապարտեզ տանել:

Նալբանդյան գյուղի մանկապարտեզն այս տարի ունեցել է 55 սան: 1970-ականներին հիմնադրված մանկապարտեզում դեռեւս խորհրդային տարիներից մնացած փոքրիկ պահարաններ են, որոնց մի մասը ընդհանրապես դռներ չունեն: Ճռճռացող փայտե հատակ, հնամաշ նստարաններ, մեծ խաղասրահի միայն մեջտեղում փռված փոքրիկ գորգ, մի քանի խաղալիք, մահճակալներ. սա է մանկապարտեզի ողջ գույքը: Շենքում անգամ մշտական ջուր չկա:

«Իհարկե, տնօրենը հավաստիացնում է, որ մանկապարտեզի աշխատողներն ամեն ինչ անում են մաքրությունը պահպանելու համար, սակայն, նրանց ուժերից վեր է հրաշքներ գործելը, քանի դեռ չկան նորմալ զուգարաններ, ջուր, քանի դեռ ամբողջ ամառ երեխաները ստիպված են բակում հողերի մեջ խաղալ, որովհետև ներսում չունեն հարմար խաղասրահ, խաղալիքներ», – ասում է Կարինե Մխիթարյանը:

Որոշ մասնագետների գնահատմամբ` նախադպրոցական համակարգի ապակենտրոնացումը քաղաքական առումով ճիշտ որոշում էր եւ լիովին համապատասխանում էր զարգացման միջազգային միտումներին: Սակայն ժամանակային առումով` շատ վաղ էր: Դրան պատրաստ չէին ո´չ նախադպրոցական հաստատությունները, ո´չ համայնքները, ո´չ էլ նախարարությունը` ֆինանսատնտեսական եւ այլ առումներով (կառավարման կարողություններ, մեթոդական ապահովում, վերահսկում և այլն):

Արմավիրի մարզպետարանի Կրթության, սպորտի եւ մշակույթի վարչության պետ Գայանե Սայադյանի կարծիքով` մանկապարտեզների գլխավոր խնդիրը հենց համակարգի ապակենտրոնացումն է: Մյուս խնդիրները (ջեռուցման բացակայությունը, սննդի ցածր որակը, գույքի մաշվածությունը, ուսումնական միջոցների բացակայությունը եւ այլն) բխում են դրանից:

«Մանկապարտեզները պետք է մնան պետության վերահսկողության ներքո: Համայնքները պարզապես չունեն այնքան ֆինանսական հնարավորություններ, որ կարողանան լիարժեք ապահովել մանկապարտեզների գոյությունը», – նշում է նա:

Գայանե Սայադյանի տվյալներով` վերջին 3 տարում մարզի 6 մանկապարտեզներ հայտնվել են «բախտավորների» ցուցակում` վերանորոգվել են, ջեռուցվել բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ:

Մյուս կարեւոր հիմնախնդիրը, որ ունեն մանկապարտեզները` 0ջեռուցման բացակայությունն է: Ամբողջ Արմավիրի մարզում միայն 3 մանկապարտեզ է գործում ձմռանը: Քաղաքների մանկապարտեզների ընդմիջումը տեւում է 3 ամիս, իսկ գյուղերում` մինչեւ 7 ամիս:

Վերոհիշյալ պատճառներով էլ ծնողները չեն կարողանում աշխատանքի վերադառնալ կամ նորը փնտրել:

«Սատար» հոգեբանական կենտրոնի հոգեբան Լիլիթ Գրիգորյանն ասում է` մանկապարտեզ հաճախող երեխայի համար ամիսներ շարունակ հաճախումներն ընդմիջելը հաճախ հանգեցնում է ֆիզիոլոգիական փոփոխությունների` ընդհանուր ակտիվության անկում, իմունիտետի թուլացում:

Թեպետ Նալբանդյան գյուղի մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Ղուկասյանը հավաստիացնում է, որ ձմեռային ընդմիջումից հետո երեխաները նորից վերադառնում են մանկապարտեզ, կան ծնողներ, որոնք մի շարք պատճառներով հաջորդ տարի իրենց երեխաներին չեն տարել այնտեղ:

Ինչպես նշում է գյուղի բնակիչ Արմինե Մանուկյանը, իր տղան պարզապես  չկարողացավ «մերվել» մյուս երեխաներին:

«Երեւի պարզապես չհասցրեց կամ դաստիարակները բավականաչափ ջանք չգործադրեցին», – ասում է Մանուկյանը, ում համար երեխային արձակուրդից հետո մանկապարտեզ չտանելու պատճառ են հանդիսացել նաեւ անբավարար սանիտարահիգիենիկ պայմանները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը օրենսդրությամբ վերապահված է միայն նախադպրոցական հաստատությունների քաղաքականության մշակումը եւ ծրագրամեթոդական ապահովումը, իսկ մարզպետարաններին ոլորտի նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատվությունը:

Մարզպետարանները, սակայն, որոնց վրա դրված է այդ պատասխանատվությունը, մանկապարտեզների սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ տեղեկություններ չունեն: Նալբանդյանի մանկապարտեզի տնօրենն ասում է իրենց մոտ այդ հարցով մարզպետարանից երբեք չեն եկել:

Իսկ ըստ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների` վերահսկողությունը իր մեջ ներառում է միայն հաստատություններում աշխատողների հաշվառումը, մեթոդական նյութերի մշակումը եւ նմանատիպ այլ թղթաբանություններ:

Քանի որ կառավարությունը չի հարկադրում մարզպետարաններին բավարար ֆինանսական միջոցներ հատկացնել [մանկապարտեզներին], Ղուկասյանին մնում է հույսը դնել տեղական իշխանությունների վրա:

«Գյուղապետը խոստացել է իր պաշտոնավարության ընթացքում օգնել մեր խնդիրները լուծելու հարցում: Սակայն մեզ ասում են, որ ամեն ինչ միանգամից անելու համար բավարար միջոցներ չկան», – ասում է նա:

Օլգա Եսայան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: www.iwpr.net

© Medialab.am