«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրոնագետ, փիլիսոփա, սոցիոլոգ Վարդան Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանի և ութ արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հանդիպումից հետո կարծիքներ հնչեցին, որ իշխանություն-Եկեղեցի հարաբերությունների լարվածությունը էլ ավելի է խորանում, որ պետք է Վեհափառը հեռանա կամ տեղապահ նշանակի, Փաշինյանի հետ հանդիպած հոգևորականներին կարգալույծ անի: Ըստ եկեղեցական կանոնակարգերի՝ ի՞նչ է սահմանված նման դեպքերում:
– Մեր կանոնադրությունը մի քիչ հարաբերական կանոնադրություն է, ամենավաղ շրջանում ինչպես ներկայացվել, այդպես էլ մնացել է, շատ հարաբերական գործ է, ու կարծում եմ, որ դրանում նման կետ չի էլ լինի: Որքան գիտեմ, Վեհափառն իրավունք ունի միայն առողջական խնդիրների պատճառաբանությամբ հեռանալ, որովհետև դա աշխարհիկ պաշտոն չէ, որ մի օր որոշեն հեռացնել, հեռացնեն կամ հեռանա, իր որոշելով չէ, նա օծյալ է: Իսկ մյուս հոգևորականներին կարգալույծ անելու իրավունք, իհարկե, Վեհափառն ունի, դա հնարավոր է անել Եպիսկոպոսաց ժողով հրավիրելով, որը պետք է բաղկացած լինի եպիսկոպոսներից, ինչպես նաև ծայրագույն վարդապետներից, հնարավոր է բացառություն արվի ու ոչ կուսակրոն վարդապետների մասնակցություն ևս լինի: Այս դեպքում կարգալույծ անել հոգևորականին հնարավոր է:
– Ձեր գնահատմամբ՝ այս ամբողջ գործընթացներն ինչի՞ են միտված՝ այդ հայտարարության տեքստը Վեհափառի դեմ, բարձրաստիճան հոգևորականների հանդիպումը Փաշինյանի հետ:
– Ես զարմանում եմ, որ կեղծ օրակարգի շուրջ ընթանում է այսպիսի կրքերի վերելք, չնայած վերելք չեմ էլ տեսնում, հեռուստատեսություններն ընդամենը սառը մեկնաբանություններ են տալիս, ինչից հետևում է, որ հասարակությանը դա տառացիորեն չի հետաքրքրում, իսկ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ մարդկանց չնչին տոկոսն է հետաքրքրված այս ընթացքով, այսինքն՝ դա որպես օրակարգ անհասկանալի է: Ես հասկանում եմ, որ իշխանության համար դա որոշակի նշանակություն կարող է ունենալ՝ ոչ շատ հեռու ընտրությունների համատեքստում, բայց, այնուամենայնիվ, դա չունի այնպիսի ազդեցություն, որ պետք է արմատապես շրջի իրավիճակը հօգուտ ներկայիս իշխանության, իմ կարծիքով՝ այս ամենը կարող է նաև բացասական ազդեցություն ունենալ իշխանության համար:
– Ստացվում է՝ չեք կիսում այն մտահոգությունները, ըստ որոնց այս գործողությունները պառակտելու են Եկեղեցին, ներքին ցնցումներ են առաջացնելու և այլն:
– Իսկ Եկեղեցին ինչո՞ւ է պառակտվելու, ինչու մեկ եպիսկոպո՞ս է կարգալույծ արվել, դրանից հետո պառակտվե՞լ է Եկեղեցին: Բազմաթիվ հոգևոր անձինք կարգալույծ են արվել, բայց որևէ բան չի եղել՝ ընդհուպ Ռուսաստանի թեմի առաջնորդ է կարգալույծ արվել և ի՞նչ:
– Պարո՛ն Խաչատրյան, դե, կարծիքներ են հնչում, որ հնարավոր է նաև սցենար, որ Վեհափառին ձերբակալեն ինչ-որ քրեական գործի շրջանակներում, իշխանության կողմից նոր վեհափառ նշանակվի:
– Եկեք Վեհափառ կալանավորելը մոռանանք, էլի: Հիշեցնեմ մի բան էլ. հնարավոր չէ այդ ճոճանակը մի կողմից հրել ու հույս ունենալ, որ այն հետ չի գալու, այդպիսի բան չի լինելու ուղղակի:
-Կալանավորման սցենարը, փաստորեն, քիչ հավանական եք համարում:
– Հավանական չէ, որովհետև դա կառաջացնի համաշխարհային արձագանք, իսկ ներկայիս իշխանության ռենոմեն այնպիսին չէ, որ այդ համաշխարհային արձագանքի պայմաններում շարունակի ինչ-որ ճնշում գործադրելը:
– Իսկ այսպիսի գործընթացներով իշխանությունն ինչի՞ է փորձում հասնել:
– Փորձում է երևի իրեն ապահովել հաջորդ ընտրությունների համար, որ հաջորդ ընտրություններին խոչընդոտներ չունենան:
– Ի՞նչ առումով խոչընդոտ:
– Դե եթե Եկեղեցին իրեն քաղաքական ընդդիմախոս է, ապա այդ դեպքում Եկեղեցու ունեցած ազդեցությունը Հայաստանի վրա կօգտագործվի ընդդեմ իրեն:
– Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն կարծում եք, որ այս ամենն արհեստական օրակարգ է ու հանրության կողմից ընդունելություն չի՞ ստանում:
– Չի կարող ընդունելություն ստանալ, ասենք՝ քանի՞ տոկոսին է հետաքրքիր, թե կուսակրոն հոգևորականը պահպանե՞լ է այդ ուխտը, ապաշխարե՞լ է, ե՞րբ է ապաշխարել, առավելևս, երբ այդ ապաշխարության մասին Եկեղեցին որևէ տեղեկություն չպետք է հանի: Եթե հիմա այս մարդկանց հանեն, ապա վաղը եկավ մեկ ուրիշ իշխանություն, նա էլ ուզելու է այդ մյուս կաթողիկոսին հանել, ո՞նց է լինելու: Աշխարհիկ ամեն հաջորդ փոքրիկ իշխանիկներն էլ են սկսելու հոգևորականներին հարմարեցնել իրենց քիմքին: Սա, եթե հաջողվի, լինելու է նախադեպ, իսկ դա նշանակելու է որ մենք գնում ենք դեպի համակարգային ճգնաժամ, որն ավարտվելու է երկրի զարգացման կանգով:
– Կարծում եք, որ Եկեղեցին այդ համակարգային ճգնաժամը թույլ չի՞ տա այնուամենայնիվ:
– Համակարգային ճգնաժամի մենք հիմա գնում ենք, մեր երկրում հիմա պետք է լինի այլ օրակարգ՝ երկրի անվտանգության, զարգացման, կրթական, արդյունաբերական և այլ և այլ ոլորտների, բայց այդ ամենի փոխարեն մենք գործ ունենք այս ամենի հետ:
– Իշխանությունն ասում է, որ այդ բոլոր ոլորտներում աշխատանքներ տարվել ու տարվում են, Եկեղեցին է մնացել խնդրահարույց, դա էլ պետք է լուծել:
– Դե եթե լուծել են այդ ոլորտներում առկա խնդիրները, ուրեմն փառք իրենց, ինչ ասեմ: Եթե լուծելն այն է, որ մենք բարեկամանում ենք թուրքերի հետ, Ադրբեջանի հետ, ես չգիտեմ, թե դա երբ է ստացվելու, համենայնդեպս, իմ բոլոր հնարավոր պատկերացումներն այդտեղ խախտվում են՝ նույնիսկ մեկ տարվա ժամկետի շրջանակներում:
– Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն մտահոգություններ չունե՞ք, որ Եկեղեցին թուլանալու է, Վեհափառին հեռացնելու են:
– Չէ: Ես համարում եմ, որ Վեհափառը, ես նրա հետ անձնական հարաբերություններ չունեմ, երբեք չեմ եղել նրա մտավորականների ցուցակներում, բայց որպես մասնագետ՝ շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի ծանրագույն հետևանքներ է ունենալու այս գործընթացը, եթե հաջողվի:
Ես համարում եմ, որ Վեհափառը չպետք է այս գործընթացին տրվի ու հրաժարական տա կամ իր փոխարեն նշանակի ուրիշին: Սա լինելու է նախադեպ, որը ծայրահեղ հետևանքներ է ունենալու Հայ Առաքելական Եկեղեցու համար, ու բնավ պատահական չէ, որ այդ հարցում նրան սատարում են ինչպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, այնպես և մեր պատրիարքները: Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ, որը լարված հարաբերություններ է ունեցել Կաթողիկոսի հետ, որևէ կերպ չի պատկերացնում, որ կարելի է ընդառաջել այս ընթացքին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















