Երկու օրում երկու հարցազրույց․ դատավորը խախտում է օրենքը

Երկու օրում երկու հարցազրույց․ դատավորը խախտում է օրենքը
Երկու օրում երկու հարցազրույց․ դատավորը խախտում է օրենքը

Երեկ՝ օգոստոսի 13-ին, վերաքննիչ դատարանը ազատ արձակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Նույն օրը հրապարակվեց նաև հատուկ քննչական ծառայության հայտարարությունը, որտեղ ասվում է, որ դատարանի կայացրած որոշումն ապօրինի է։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- հայտարարել էր ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Քիչ անց մամուլում տարածվեց երկրորդ նախագահին կալանքից ազատած դատավորի՝ Ալեքսանդր Ազարյանի հարցազրույցը, որտեղ վերջինս անդրադառնում է ՀՔԾ տարածած հայտարարությանը՝ որակելով այն «անգրագետ»։

Մեկ այլ կայքին տված հարցազրույցում դատավորը առավել մանրամասն խոսել է իր՝ գործում ունեցած կաշկանդվածության, ինչպես նաև նիստի ժամանակ իր կողմից հնչեցրած հայտարարությունների մասին։

Հատկանշական է, որ հարցազրույց տալով և նման հայտարարություններ անելով ՝ Ալեքսանդր  Ազարյանը խախտել է «ՀՀ դատավորի վարքագծի կանոնները սահմանելու մասին» ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշումը, որտեղ մասնավորապես ասված է՝

Կանոն 14. «…Դատավորն իրավասու չէ անել հրապարակային հայտարարություններ, մեկնաբանել դատական գործեր և ակտեր, լրատվության միջոցներում հանդես գալ դատարանի վարույթում գտնվող կամ ակնկալվող գործերի էության հետ կապված հարցերով: Համապատասխան հայտարարությամբ, մեկնաբանությամբ կամ այլ եղանակով լրատվության միջոցներում հանդես գալու պահանջով դատավորը դիմում է ՀՀ դատական դեպարտամենտի զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն»:

Բացի այս, Դատական օրենսգրքի 69 հոդվածի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ … 7) զերծ մնալ որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դատավորը գործով հանդես է գալիս որպես կողմ կամ կողմի օրինական ներկայացուցիչ։

Այս օրենքներն ու վարքագծի կանոնները խիստ պարտադիր են դատավորների համար։ Դրանք խախտելը նախատեսում է կարգապահական պատասխանատվությունը, որը նախատեսված է Դատական օրենսգրքի 142 հոդվածով։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ sut.am