Միանյակ մայր Ռամելա Աբելյանը՝ Հադրութից Ծաղկաձոր․ «Էստեղից դուրս գանք, չգիտեմ՝ ո՛ւր ենք գնալու, ամեն ինչի խնդիր ունենք»

Միայնակ մայր, 39-ամյա Ռամելա Աբելյանը Արցախյան պատերազմի հետևանքով անչափահաս երկու երեխայի հետ հայտնվել է դժվարին վիճակում։

Կորցնելով տունն ու աշխատանքը՝ Ռամելան չի պատկերացնում՝ ինչպես և որտեղ են շարունակելու ապրել։ Ռամելայի ամուսինը 10 տարի առաջ է մահացել, ծնողները՝ նույնպես, անչափահաս երեխաներին մենակ է մեծացնում։ Ասում է, որ թեպետ պատերազմից առաջ էլ հեշտ չէր, բայց աշխատում էր, տուն ուներ, հողամաս, երեխաներին կարողանում էր պահել։ Հիմա ամեն ինչ կորցրել է, ինչպիսին կլինի ապագան՝ դեռևս չի պատկերացնում։

«Պատերազմը շատ բան փոխեց: Ծնող, ամուսին կորցրել էի, բայց հարմարվել էի, աշխատում էի «Արցախփոստում», 15 տարվա ստաժ ունեի: Երեխեքը սովորել էին, դպրոցից հետո մենակ էին մնում, մինչև գալիս էի, հարազատ քույր, եղբայր չունեմ, որ օգնեն, բայց ապրում էինք, լավ էր։ 

Իսկ հիմա տունն էլ կորցրինք, երկուհարկանի սեփական տուն էր, հողամաս ունեինք, ամեն ծառ ունեինք՝ թութ, սերկևիլ, նուռ, խաղող, կառալյոկ, էլ պնդուկ, պոպոք»,- «Մեդիալաբին» պատմում է Ռամելա Աբելյանը։

Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից 44 օր անց, պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլյամի Ալիևը:

Աղմկահարույց հայտարարությամբ ադրբեջանական կողմին անցած բնակավայրերի թվում էր նաև ԼՂՀ հարավ-արևելքում գտնվող Հադրութի շրջանը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ շրջանում բնակեցված բնակավայրերի թիվը 43 էր, բնակչության թիվը՝ շուրջ 15.000: 

Պատերազմի ժամանակ հազարավոր մարդիկ, հեռանալով իրենց տներից, չեն էլ պատկերացրել, որ այլևս չեն վերադառնալու։ Հեռացել են իրենց բնակավայրերից՝ չհասցնելով վերցնել անգամ կարևոր փաստաթղթեր։

Ռամելան Հադրութ քաղաքից է, տնից դուրս է եկել պատերազմի առաջին օրը, սակայն մտածել է, թե կվերադառնան, և ոչինչ չի վերցրել իր հետ:

«Մեր տունը հենց դիվիզիայի մոտ էր, որ խփեցին, տանը ինչ կար՝ ջարդվեց: Մենք գնացինք ուրիշ շենքի նկուղ, մերը նկուղ չուներ, կրակում էին, ահավոր էր, վախեցել էին երեխեքը։ Հետո գնացինք Տումի գյուղ, մի հեռախոսով դուրս եկանք, անգամ զարյադչնիկ չէինք վերցրել, ասեցինք՝ հետ ենք գալու, քառօրյայի ժամանակ ես սկի տնից դուրս չեմ եկել։

Տումի գյուղում մի օր մնացինք, իմացանք՝ դրությունը վատանում ա, եկանք Գորիս: Երկու ամիս Գորիսում եմ մնացել, հետո եկանք Ծաղկաձորի մարզահամալիր, հիմա էստեղ ենք»,- պատմում է Աբելյանը։

Ռամելայի խոսքով՝ Ծաղկաձորի մարզահամալիրում կարող են մնալ մինչև մարտ ամիսը, իսկ դրանից հետո ի՛նչ կլինի՝ պարզ չէ։

«Ասել են՝ մինչև մարտ ամիսը պահելու ենք, համարյա 200-ի չափ մարդ կա էստեղ, Հադրութի գյուղերից են, Շուշիից։ Էստեղից դուրս գանք՝ չգիտեմ ուր ենք գնալու, ամեն ինչի խնդիր ունենք, բայց առաջինը կացարանի հարցն ա, միսենյականոց էլ լինի, ինձ հերիք ա, որ էդքան թողել եմ, ինչի՞ եմ հասել»,- նշում է Աբելյանը։

Ռամելան ասում է, որ պետությունից 300 հազար դրամների աջակցությունը արդեն ստացել են, բայց․ «Դրանով ի՞նչ կարաս հոգաս, պիտի պահենք, որ էստեղից դուրս գանք, մի երկու ամսվա տան վարձ լինի, մի քիչ ուտելիք, մի քիչ շոր առնենք, ոչ մի բան չունենք, էս մի բաժակը առնես, մի ամանը առնես, ո՞նց կարաս համ էն անես, համ էս:

Դեռ լավ ա, էս մասնավոր շենքը տվել են, էս ամիսներին յոլա ենք գնում։ Հետո ի՞նչ կլինի»,- մտահոգ ասում է Աբելյանը։

Ասում է, որ Ծաղկաձորում փորձել է աշխատանք փնտրել, նշում է՝ ամեն աշխատանք էլ կկատարի․ «Աման լվալ, մաքրուհի՝ ինչ լինի, կաշխատեմ, բայց Ծաղկաձորում աշխատանք չկա, Հրազդանում կա, բայց ես չեմ կարա երկու երեխեքին թողնեմ, էդքան հեռու գնամ»։

Ռամելան հիմա միայն մտածում է իր կացարանն ունենալ, կարողանալ աշխատել, փորձել ոտքի կանգնել, երեխաներին կրթության տալ․ «Դեռ չեմ պատկերացնում ապագան, ասում եմ՝ գնամ Ղարաբաղ, բա ի՞նչ կլինի, բա 5 տարուց հետո որտե՞ղ գնամ:

Մինչև մարտ սպասենք, եթե Երևանում տուն լիներ, կհամաձայնվեի, ստեղ երեխեքը հետ են մնում դպրոցից, քաղաքապետարանը տրանսպորտ ա տալիս, եթե շատ ա ձյուն լինում, տրանսպորտը չի բարձրանում, մենք քաղաքից շատ ենք բարձր, համալիրը վերևներն ա։ Երեխեքը համարյա մի շաբաթ դպրոց չեն գնացել, տունը քաղաքում լիներ, նորմալ դպրոց գնային, սովորեին։

Պիտի սովորեն, մարդ դառնան, մի բանի հասնեն։ Իրենք են իմ հույսը, ասում եմ՝ սովորեք, որ կարողանանք մեզ պահենք»,- հուզմունքով նշում է Ռամելան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am