Երկխոսության այսօրվա հանդիպումն ավարտվեց. իշխանությունը ներկայացրեց իր հիմնավորումների մի մասը

Քիչ առաջ Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է ընդդիմություն-իշխանություն երկխոսության համար ստեղծված աշխատանքային խմբերի հանդիպումը, որը տեւել է ավելի քան 5 ժամ:
Ինչպես հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ընդդիմության պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` այս հանդիպմանը քննարկվել է օգոստոսի 9-ի միջադեպը եւ այդ միջադեպի հետ կապված զարգացումները:
Զուրաբյանն ասել է, թե քննարկման արդյունքում Կոնգրեսը վստահություն ունի, որ ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխության հարցն արագորեն կկարգավորվի:
Նշվել է նաեւ, որ այսօր իշխանության աշխատանքային խմբի անդամները վերջապես ներկայացրել են ընդդիմության կողմից ներկայացված Հայաստանում արտահերթ ընտրությունները հիմնավորող 85 էջանոց փաստաթղթի իրենց պատասխանը:
Իշխանական պատվիրակությունը ներկայացրել է փաստաթղթի հարցերի մի մասը միայն, իսկ մյուս մասը ներկայացնելու է հաջորդ հանդիպման ժամանակ:
Ընդդիմություն իշխանություն երկխոսության համար ստեղծված պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս ուրբաթ`
ժամը 10:00-ին:
© Medialab.am