Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները

Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները
Կառավարության անդամները երդվել են բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները

Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների երդման արարողությունը:

Սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ կառավարության անդամների երդման երկրորդ արարողությունն էր:

Առաջինը երդվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Այնուհետև հերթով երդվել են կառավարության մյուս անդամները:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետին ու կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց հաջողություններ և արդյունավետ աշխատանք՝ ի շահ մեր երկրի հզորացման և ի բարօրություն մեր ժողովրդի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։