Վերջին օրերին ՀՀԿ վերնախավը ձեռնամուխ է եղել նախագահի ընտրություններում ՀՀԿ թեկնածուի համար սպասված ձայներ չապահոված տեղական ինքնակառավարման մարմիններին ղեկավարների պաշտոնանկության գործին:
Նախօրեին հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, այնուհետև տեղեկություն տարածվեց, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն է հրաժարվում պաշտոնից, իսկ այսօր Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի մասին տեղեկությունն է տարածվել:
Չնայած Վանաձորի քաղաքապետի դեպքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, թե իբր ըստ իրեն հասած տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանին վրդովեցրել է Վանաձորի քաղաքապետի վերջին հարցազրույցը, որում նա ժողովրդին անգիտակից է անվանել, ակնհայտ է, որ այս հրաժարականը կուսակցական աշխատանքը լավ չկատարելու հետևանք է:
Հիշեցնենք, որ ինչպես հանրապետության մյուս հիմնական քաղաքներում, այնպես էլ Շիրակի մարզկենտրոն Գյումրում, Լոռու մարզկենտրոն Վանաձորում և Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում Սերժ Սարգսյանը նախագահի ընտրությունների արդյունքում պարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանին:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ հետընտրական շրջանում հրաժարականների շարքի պատճառը կարող է լինել այն, որ մարզերի պաշտոնյաները հօգուտ Սերժ Սարգսյանի համապատասխան տոկոսներ չեն ապահովել:
«Սա է պատճառը և ոչ թե այն, որ իրենք իրենց պաշտոնեական պարտականությունները լավ չեն կատարել և այլն: Այսինքն՝ այստեղ շատ հետաքրքիր մի փաստ ենք արձանագրում՝ պետական և կուսակցական մարմինների սերտաճում: Եթե պաշտոնեական պարտականությունների վատ կատարման հետ է դա կապված, ապա ինչո՞ւ մինչև հիմա հրաժարականի պահանջ չեք ներկայացրել: Եթե պաշտոնեական լիազորությունները լավ էին կատարել, նշանակում է քաղաքական այս գործընթացների, այսինքն՝ ընտրությունների արդյունքը չապահովելու հետ է կապված: Դա նշանակում է, որ գործող քաղաքապետի վրա դրել են նաև կուսակցական պարտականություն, որը նրա լիազորությունների մեջ չպետք է մտնի: Նա հո չի՞ գնալու զոռով մարդկանց բերի, թվեր նկարի»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նա նկատում է՝ Շիրակի մարզպետի այն հայտարարությունը, որ եթե խախտում լիներ, ինչպե՞ս կարող էր մարզում Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել, վկայում է այն մասին, որ միայն ընտրախախտումների դեպքում կարող էր Սերժ Սարգսյանը հաղթել:
Արթուր Սաքունցն ասում է, որ ոչ թե հրաժարականների շարանի վրա պետք է ուշադրություն սևեռել, այլ խնդիրն այն է, որ այսօր օրակարգում կա մեկ հարց՝ քվեարկության արդյունքները կեղծվել են:
«Այսինքն՝ ակնհայտ է, պարզագույն հաշվարկներով հստակ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է շատ ձայն ստացել և նա է փաստացի հաղթել: Եվ հիմա հանրության ուշադրությունն այդ հիմնական խնդրից շեղելու միտում ունեն նաև քաղաքական նման որոշումները, հրաժարականների շարանը, որ, իբր՝ տեսեք, հավատացեք, որ ես կփոխվեմ: Խնդիրն այն է, որ ինքն արդեն փոխված է, և այդ փոխված լինելու փաստից ուշադրությունը շեղել այլ փոքր ու միջին պաշտոնյաների հրաժարականների վրա, նշանակում է հանրությանը մատուցել, այսպես կոչված, զոհեր, որով բավարարվեն և մեծ խնդիրն անուշադրության մատնեն»,- նշում է Սաքունցը՝ միաժամանակ հավելելով, որ իրավիճակը փոխվել է, ոչ ոք այլևս այդ խայծը կուլ չի տա:
Արթուր Սաքունցն ընդգծում է, որ միանշանակ կուսակցական աշխատանքը լավ չկատարելու համար են այսօր պատժվում քաղաքապետները, գյուղապետներն ու մարզպետները, որոնց 70-80 տոկոսը Հանրապետական կուսակցության անդամ են: Նա նկատում է, որ այսօր իրավիճակ է փոխվել, գյուղերում ու քաղաքներում Հարապետական կուսակցությունն այլևս չունի մեծամասնություն: Եվ այս իրավիճակում մեղադրել քաղաքացիներին անգիտակից լինելու մեջ, դա, Սաքունցի խոսքով, անգրագետ մոտեցում է:
«Թվաբանական վերլուծությունները, ընտրությունների պատկերը հիմք են տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկել են ոչ Հանրապետական կուսակցության, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Եվ կեղծիքի միջոցով փորձել քաղաքացիներին պարտադրել այլ պատկեր, քան իրականում կա, շատ անգիտակից վերաբերմունք ու մոտեցում է: Հանրապետական կուսակցությանը հարց՝ դուք քաղաքացիներին համարում եք անգիտակի՞ց, որ էդքանը չե՞ն հասկանում: Այսինքն՝ էլի վերադառնում եմ այն հարցին, որ հիմնական մեխը հանրապետության ամբողջ տարածքում քվեարկության արդյունքների կեղծիքի հարցն է: Եվ դա այսպիսի փոքր զոհաբերություններով փոխարինելը համարժեք չէ»,- նշեց Արթուր Սաքունցը:
Գյումրու «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը կարծում է, որ Աշոտ Գիզիրյանի և մյուսների պաշտոնանկություններն այս փուլում արվեցին հավանաբար մարդկանց ուշադրությունը ընտրական գործընթացներից շեղելու համար:
«Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ այնուամենայնիվ ինչ-որ բան արվելու է: Եթե իշխանությունները քիչ ձայն են ստացել, նրանք տրամաբանորեն մտածում են, որ տեղական իշխանությունները, որոնք ամենամոտն են մարդկանց, նաև նրանք են մեղավոր, որ ժողովուրդն իշխանական թեկնածուից դժգոհ է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Վահան Թումասյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ այնուամենայնիվ իրենք հետևություններ անում են, այն տարածքներում, որտեղ իրենց չեն քվեարկել, իբր թե բարեփոխումներ են անում: Սակայն, ըստ Թումասյանի, ոչ թե կադրերը պետք է փոխվեն, այլ իշխանության և իշխանություն-ժողովուրդ հարաբերության որակը պետք է փոխվի:
Վահան Թումասյանը նշում է, որ այս ընտրություններում բռնի ուժ չկիրառվեց, քանի որ դա Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ձեռագիրը չէ, այդ պատճառով էլ նման արդյունք գրանցվեց:
Քաղաքի Սլաբոտկա թաղամասում, որտեղ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր «պատասխանատու», քվեարկության արդյունքում հաղթել է Սերժ Սարգսյանը: Սակայն Վահան Թումասյանը նշում է, որ ակնհայտ է՝ արդյունքը կեղծվել է, քանի որ չէր կարող քաղաքի բոլոր թաղամասերում այլ պատկեր լինել, նշված թաղամասում՝ հակառակ պատկեր:
Վահան Թումասյանը կարծիքով` 95 թվականից ի վեր Շիրակի մարզի ժողովուրդը իշխանություններին դեմ է քվեարկել, նախագահական բոլոր ընտրություններում էլ մարզում իշխանությունները պարտվել են:
«Պարզապես այս անգամ մասնավորապես Գյումրում լցոնումները, կեղծիքները քիչ են արվել, և որոշ չափով արտացոլվել է իրականությունը, պատկերը մոտ է քվեարկության իրական արդյունքներին: Առհասարակ նախագահական ընտրություններում ժողովուրդը կարծում է, որ դա հեղափոխություն է, և փորձում է այդ հեղափոխությունը կատարել»,- ասում է Թումասյանը:
Մարի Ներսեսյան
© Medialab.am