Փաշինյանը Փարիզում խոսել է ԵՄ ընդլայնման գործընթացի մասին՝ ողջունելով Վրաստանի հետ կապված որոշումը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում կայացած «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձել է Եվրամիության ընդլայնման գործընթացին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։ 

«Սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին։ Դժբախտաբար, ինչպես վարչապետ Ղարիբաշվիլին ասաց, մենք աշխարհում ունենք բազմաթիվ կոնֆլիկտներ, և մեր միասնական խնդիրն է` շարունակել աշխատել հասցեագրելու բոլոր կոնֆլիկտները՝ հասկանալով, որ դա հեշտ բան չէ։ Եթե դա հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ։ Մեր անձնական և քաղաքական պարտականությունն է` հասցեագրել կոնֆլիկտը և անել առավելագույնը հաջողության հասնելու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։