Կորոնավիրուս. ինչ է «պատմում» վարակի վիճակագրությունը․ Fip.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի տարածման ժողովրդագրական մի շարք ցուցանիշների, Իտալիայի օրինակով նշեց, որ վիրուսի պատճառով մահերի թիրախ խմբում հատկապես տարեց մարդիկ են։ 

«Նայելով բաշխվածքին՝ կտրուկ աճը մահերի հիմնականում սկսվում է 70-75 տարեկանից։ Եթե մահերի միջին տարիքը հաշվենք՝ 79,4 տարեկան է։ 3000 մահացած մարդկանց միջին տարիքը 79,4 տարեկանն է։ Մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձևն է և կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը՝ թոքերի հիվանդությունները, սրտի հիվանդությունները, շաքարային դիաբետը, ինսուլտը, ինֆարկտը․․ այդ բոլորը բարդացնում են վիճակը»,- ասաց Թորոսյանը։ 

Մարտի 19-ի դրությամբ աշխարհում նոր տիպի COVID19 կորոնավիրուսով վարակման ավելի քան 240 հազար դեպք է արձանագրվել: Մահացել է շուրջ 10 հազար մարդ։ Մահերի թվով առաջատարն այս պահին Իտալիան է՝ 3405 դեպքով, այստեղ վարակ արձանագրվել է ավելի քան 41 հազար մարդու մոտ։ Շուրջ երկու անգամ ավելի շատ վարակված կա վիրուսի տարածման օջախ համարվող Չինաստանում՝ մոտ 80 հազար, մահվան ելքերով դեպքերը, սակայն, այստեղ 200-ով պակաս են Իտալիայից։

Դեպքերն ըստ երկրների

Untitled infographic
Infogram

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ պաշտոնական մարմինների տվյալների վերլուծությունները ցույց է տալիս, որ մահերը, մեծամասամբ, իսկապես արձանագրվել են 70 և ավելի տարեկան անձանց շարքում։ Համեմատության համար նշենք, որ եթե 60-69 տարեկան անձանց վարակման դեպքերի՝ մահվան ելքով ավարտի հավանականությունը 3,6 տոկոս է, ապա 70-79 տարեկանների դեպքում այն դառնում է 8 տոկոս, իսկ 80 և ավելի տարիք ունեցողների դեպքում՝ մոտ 15 տոկոս։

Ճիշտ է նաև Արսեն Թորոսյանի այն դիտարկումը, որ տղամարդկանց արձանագրված մահերն ավելի շատ են։ Առողջապահության նախարարը ներկայացնում է Իտալիայի վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Նախարարի տրամադրած ինֆորմացիայի աղբյուրը Իտալիայի առողջապահության նախարարություն է։ Վերջինիս հաղորդմամբ՝ երկրում կորոնավիրուսից մահացած մարդկանց 99 տոկոսն այլ հիվանդություն է ունեցել։ 

Համաձայն տվյալների՝ վարակվածների միջին տարիքը 79․5 է, մահացածներինը՝ 80․5։ Կորոնավիրուսի հետևանքով մահացած տղամարդկանց միջին տարիքը ևս 79․5 է, իսկ կանանցն ավելի բարձր՝ 83․7 տարեկան։ Որպես օրինակ նշենք, որ երկրում 70-79 տարեկանների շրջանում մահացել է 158 կին և 549 տղամարդ։

Ինչպես հայտնում են առողջապահական կազմակերպությունները, կորոնավիրուսը հատկապես վտանգավոր է թոքերի, իմունային համակարգի խնդիրներ, քրոնիկ հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար։ Այս հիվանդությունների առկայությունը կորոնավիրուսով վարակվելու դեպքում մեծացնում է մահվան հավանականությունը։ Այսպես՝ եթե առանց նախնական պայմանների՝ վերոնշյալ հիվանդությունների, կորոնավիրուսից մահվան հավանականությունը կազմում է մոտ 1 տոկոս, ապա շաքարային դիաբետի դեպքում այն մոտավորապես 7 տոկոս է, քրոնիկ հիվանդությունների պարագայում՝ 6․3 տոկոս։

Այսպիսով, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պնդումը, թե կորոնավիրուսից մահվան ելքերը կապված են տարատեսակ հիվանդությունների հետ, իսկ թիրախ խմբում տարեցներն են, ճիշտ է։

Կորոնավիրուսով վարակվածները Հայաստանում

Մարտի 20-ի ժամը 10։00 դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 136 դեպք, որից 112-ը կապված է «Էջմիածնի» և «արտադրամասի» դեպքերի հետ, վարակված մյուս 24 անձանց մասին Առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ չի հաղորդում։ Ավելի վաղ հաղորդվել էր արդեն, որ վարակված անձանցից 3-ը կապված են Իրանից ժամանած և արդեն ապաքինված քաղաքացու հետ, մեկը ժամանել է Ֆրանսիայից, ևս երեքը Իտալիայից ժամանած անձինք են։ Վերջին օրերին վարակ հաստատվեց նաև վարակակիրների հետ աշխատող բուժքրոջ մոտ։

Մարտի 19-ի Կառավարության նիստում, երբ հաստատված էր վարակի 115 դեպք, Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վարակվածներից 13-ը 60-ից բարձր տարիքի են։ Նրանց կյանքին, ըստ Արսեն Թորոսյանի, վտանգ չի սպառնում։ Մինչ այժմ Հայաստանում գրանցվել է դպրոցահասակ երեխայի վարակման միայն մեկ դեպք։

Դեպքերը Հայաստանում

Line Chart

Անի Ավետիսյան

Fip.am