ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում «քեֆ անելու» մասին լուրը կեղծ է. վերջինս Քովիդ-19-ի ախտորոշմամբ բուժման մեջ է. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր հրապարակել այն մասին, թե իբր Հայաստանի ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը «քեֆ է անում Երևանի ռեստորաններից մեկում»։ Նշվում էր, թե տեսախցիկը ֆիքսել է ինչպես գնդապետի ռեստորան մուտք գործելը, այնպես էլ վերջինիս ծառայողական մեքենան։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել անձամբ գնդապետ Արմեն Ավթանդիլյանի հետ և տեղեկացել, որ վերջինս գտնվում է Երևանի կայազորային հոսպիտալում (Կանազ), որտեղ ախտորոշված կորոնավիրուսային հիվանդության դեմ շարունակում է բուժում ստանալ։

Նշվում է նաև, որ Ավթանդիլյանի՝ ՊՆ1212  համարանիշով ծառայողական մեքենան այս պահին կայանված է Հանրապետական զինկոմիսարիատում։

ՊՆ լրատվության վարչությունից, մեկնաբանելով տելեգրամյան ալիքի հրապարակած ՊՆ0400 համարանիշներով մեքենայի լուսանկարը, հայտնել են, որ այն կցագրված է ՀՀ ՊՆ սպառազինության պետ գեներալ Պողոս Պողոսյանին, ով, սակայն, ևս որևէ ռեստորան չի այցելել։