Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, որոշում է կայացրել մերժել Առուշ Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը, գրում է Factor.am-ը։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է հուլիսի 16-ից: Հիշեցնենք՝ նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանն իր դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։ Ըստ մեղադրանքի՝ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ համայնքապետը հանդիպել է Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանին և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Ըստ ՀՔԾ-ի՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել Առուշանյանի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Քարահունջի ղեկավար Ավետյանը հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք տալուց: