Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն գոյություն ունի. Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն գոյություն ունի, իսկ խաղաղության գործընթացի մնացած փուլերի ավարտը հնարավորություն կտա ապահովել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունություն և բարգավաճում։

Այս մասին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ադրբեջանական պետական ԱԶԵՐԹԱՋ գործակալությունը։

Բայրամովի խոսքով՝ 44-օրյա պատերազմը Հարավային Կովկասում ձևավորել է անվտանգության նոր ճարտարապետություն, որը հիմնված է «միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և «պատմական արդարության» սկզբունքների վրա»։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը, բացառիկ հնարավորություն են ստեղծել տարածաշրջանում հաստատելու ամուր խաղաղություն, անվտանգություն և կայուն զարգացում։

«Վստահաբար կարելի է ասել, որ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև դե ֆակտո խաղաղություն արդեն գոյություն ունի»,- ընդգծել է Բայրամովը։

Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի հետևողական խաղաղ նախաձեռնությունները, այդ թվում՝ վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը, զգալի ներդրում են ունեցել խաղաղ գործընթացի առաջխաղացման գործում։ Նրա կարծիքով՝ մնացած խնդիրների լուծումը պայմաններ կստեղծի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և վստահության մթնոլորտի ձևավորման համար։