Թուրք գերեզմանափորները փնտրում են ցեղասպանության ժամանակաշրջանի հայկական գանձերը

Թուրք գերեզմանափորները փնտրում են ցեղասպանության ժամանակաշրջանի հայկական գանձերը
Թուրք գերեզմանափորները փնտրում են ցեղասպանության ժամանակաշրջանի հայկական գանձերը

Վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը:

Բավական չէ, որ 1.5 միլիոն հայեր սպանվեցին և զրկվեցին իրենց ունեցվածքից ու հայրենիքից, հիմա էլ որոշ թուրքեր «հպարտությամբ» թանկարժեք մետաղներ են փնտրում՝ պղծելով հայկական գերեզմանոցները և այլ հնագույն հայկական վայրեր, ինչպիսիք են եկեղեցիներն ու տները:

Ահա «Հաբեր թուրք»ի հարցազրույցի տեքստը.

«Ինչպե՞ս կարելի է գողանալ հայկական ոսկին»:

Հաղորդավար՝ Օյլում Թալու

Հյուր՝ Ուգուր Կուլաչ

Հյուր. Անհավատը թուրքին ցույց չի տալիս գանձի տեղը, քանի որ մենք փորձում ենք գտնել նրանց փողերը: Մենք փնտրում ենք հայերի և հույների փողերը:

Հաղորդավար. Այսպիսով, Դուք պրոֆեսիոնալ գանձ որոնո՞ղ եք:

Հյուր. Այո:

Հաղորդավար. Դուք շատ հետաքրքիր անձնավորություն եք: Նախ, Ձեր գրքերը զարմանալի են: Ես ուզում եմ այդ գրքերը նվիրել մարդկանց:

Հյուր. Շնորհակալություն:

Հաղորդավար. Քարտեզները, քարտեզների բացատրությունը: Դա շատ զարմանալի գիրք է: Ի՞նչ է գանձ որոնողը:

Հյուր. Գանձ որոնողը՝ ոսկեխույզ է: Միակ բանը, որի մասին մտածում է գանձ որոնողը՝ ոսկին է, ուրիշ ոչինչ: Իհարկե, նրանք ավերում են այն վայրերը, որտեղ անփութորեն փորում են: Գանձ որոնողները շատ գաղտնի վայրեր գիտեն, որոնց մասին նույնիսկ հնագետները չգիտեն: Դա է ոսկի գտնողը:

Հաղորդավար. Օ~հ, հրաշալի է… Ոսկի գտնող… Քանի՞ գանձ որոնող կա Թուրքիայում:

Հյուր. Ավելի քան 500 հազար գանձ որոնողներ, որոնք գրանցված են իմ ընկերությունում:

Հաղորդավար. Իրո՞ք:

Հյուր. Այո…

Հաղորդավար. 500 հազար գանձ որոնո՞ղ:

Հյուր. Մոտ 18 տարի ես այս ոլորտում եմ: Ես արտադրում եմ այդ սարքերը և դրանք վաճառում: Այս պահին 25 հազար մարդու վաճառել եմ դրանցից: Հիմա մենք 130 ընկերություն ենք Թուրքիայում: Մենք այս ոլորտում ծառայում ենք ժողովրդին: Օրինակ, եթե պետությունը գանձեր որոնողներին խնդրի բերել բոլոր պատմական իրերը, ապա դրանք ավելի շատ կլինեն, քան թանգարաններում պահվող նյութերը:

Հաղորդավար. Օ~հ…

Հյուր. Թուրքիայում գանձերը լինում են երեք տեսակի՝ տոննաներով, ամաններով և կաթսաներով:

Հաղորդավար. Ինչի՞ մասին եք խոսում: Ամաննե՞ր, տոննանե՞ր և կաթսանե՞ր:

Հյուր. Այո:

Հաղորդավար. Դուք նկատի ունեք, որ նրանք ամբողջ ոսկին դրել են կաթսայի մեջ, վերևից ծածկել, որովհետև այն ժամանակ բանկեր չկային: Նրանք փախել են…

Հյուր. Իհարկե:

Հյուր. Այս աշխատանքը մոտ 100 տարվա պատմություն ունի: Տեղահանության պահին որոշ փոքրամասնություններ երկրից արտաքսվել են: Նրանք չեն կարողացել իրենց ունեցվածքը տանել իրենց հետ, դրանք թաղել են տարբեր տեղերում, մտածելով, որ կվերադառնան: Սակայն նրանց մեծ մասը ոչ մի կերպ չի կարողացել վերադառնալ: Բայց նրանց երեխաները, տարվա որոշակի ժամանակահատվածում, գալիս են Թուրքիա, որտեղ ապրել են նրանց նախնիները:

Իսկ հետո նրանք փորում են հողը և այնտեղից հանում իրենց նախնիների թաղած փողը։ Նրանք քարտեզներ ունեն: Նրանք հյուրընկալում են իրենց նախնիների հարևանների տանը: Երբ տանտերը քնում է, նրանք դուրս են գալիս, փորում են հողը, վերցնում փողը և հեռանում: Գանձերի որոնումը բաժանվում է երկու խմբի: Առաջին խումբը զբաղված է մոտ անցյալի փոքրամասնությունների ունեցվածքի որոնմամբ: Երկրորդ խումբը բաղկացած է հին քաղաքակրթությունների գանձեր որոնողներից: [Այնուհետև հյուրը ցույց է տալիս, թե ինչպես է որոնում իր որոնողական սարքի միջոցով, որը, ցավոք, չի աշխատում…]: Եթե պետությունը քեզ բռնում է առաջին անգամ, ապա տուգանք չկա…

Իզմիթի շրջանը Հռոմեական կայսրության մայրաքաղաքն էր և այնտեղ շատ գեղեցիկ թաղված գանձեր կան… Իհարկե, կան փոքր թաղված գանձեր, որոնք պատկանում մոտ անցյալի փոքրամասնություններին: Կախարդանք պետք է արվի այնտեղ: Գանձերը ջիներին են ի պահ տրվել: Մենք փնտրում ենք ոսկե դրամներ: Ոսկին շատ կարևոր է գանձ որոնողների համար: Օրինակ, ոսկուց կամ այլ բաներից պատրաստված արձանները կամ ոսկե դրամները: Դրանք շատ արժեքավոր են: Դրանք կարելի վաճառել ամենուրեք: Նրանք հալեցնում են դրանք կամ ուղղակիորեն վաճառում են մաքսանենգներին կամ կարող են վաճառել պետությանը: Թող նրանք ինձ թույլտվություն տան, ես կգտնեմ այնքան գումար, որով կվճարեմ Թուրքիայի կառավարության պարտքը Արժույթի միջազգային հիմնադրամին:

Հաղորդավար. Իսկ ինչո՞ւ այդ ոսկին դուրս չի բերվում:

Հյուր. Որովհետև այդ երկրները չեն ցանկանում, որ այս ոսկին դուրս բերվի Թուրքիայից… Գանձ որոնողները հետաքրքրված չեն հնագույն քաղաքներով կամ տարածքներով: Նրանց միակ հետաքրքրությունն է՝ գտնել գերեզմանը, փորել այն և վերցնել արժեքավոր իրերն ու հեռանալ:

Հաղորդավար. Ինչո՞ւ հնագետները ձեզ չեն սիրում:

Հյուր. Որովհետև մենք կոտրում ենք պատմական իրերը:

Հաղորդավար. Այսպիսով, Դուք ասում եք, որ «մենք փնտրում ենք վերջին 60-90 տարում տեղահանված փոքրամասնությունների՞ գումարները»:

Հյուր. Իմ հաճախորդների թվում կան խորհրդարանականներ, բժիշկներ, գործարարներ, պրոֆեսորներ: Հիմա գարուն է գալիս, գանձ որոնողները աշխուժացել են: Նրանք ամիսներ շարունակ համբերատար սպասել են: Նրանք հիմա կհարձակվեն: Ամեն տարի այսպես է լինում: Այս տարի փորվածքներում հայտնաբերված իրերը նորից կվաճառվեն արտասահմանում: Մենք նյութապաշտ չենք: Մենք հավատում ենք նաև հոգևորին: Մահմեդականները պետք է հարուստ և հզոր լինեն: Ինչո՞ւ մենք պետք է աղքատ լինենք: Մենք հատուկ երկիր ենք՝ ստեղծված Ալլահի կողմից…

Հաղորդավար. Շատ շնորհակալ եմ:

Այս գողերը թալանում են ոչ միայն հայերին և մյուս փոքրամասնություններին պատկանող գանձերը, այլև խախտում են թուրքական օրենքները: Անհավատալի է, որ այդ գողերը հայտնվում են թուրքական հեռուստատեսությունում  և նման լկտի մեծամտությամբ պատմում իրենց քրեական գործերի մասին… Թուրքիայում խիստ օրենքներ են գործում գանձ որոնողների համար, որոնց թույլտվությունները սահամանափակվում են 30-օրյա ժամկետով և 100 քառ. մ տարածքի համար։ Կա «մշակութային տարածքների» երկար ցուցակ, ինչպիսիք են կրոնական վայրերն ու գերեզմանոցները, որտեղ նույնիսկ լիցենզավորված գանձ որոնողներին թույլ չի տրվում փորել։

Հարութ Սասունյան     
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com