Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա

Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա:  Առաջիկայում Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն ինչպես  գազով, այնպես էլ էլեկտրականությամբ աշխատող ավտոբուսներ։

Այս մասին ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ունենալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք»,- նշեց Սամվել Բալասանյանը: Նախատեսվող փոխադրամիջոցը նաև հարմարավետ է լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցողների, քայլակով, սայլակով տեղաշարժվողների համար, տեղեկացնում է Արմենպրեսը։

«450 000 եվրոյի սահմաններում կարող ենք 8 հատ ձեռք բերել փոքրերից կամ 4 հատ մեծը գնենք: Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք, տեսնենք ինչպես կլինի, սա մեզ համար իդեալական տարբերակ է»,- հավելեց քաղաքապետը: