Ես Ալիևին ուղիղ ասել եմ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն: Այս մասին Մակրոնը խոսել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես Ալիևին ուղիղ ասել եմ՝ հարվածը, որն Ադրբեջանը կիրակի հասցրել է Լեռնային Ղարաբաղին, չունի ոչ մի արդարացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մակրոնը:

Նա հաստատել է նաև ջիհադիստների ներկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում: «Ունենք փաստեր Սիրիայից վարձկանների ներգրավման մասին»,-ասել է նա:

Մակրոնն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում համարել է իսկապես վտանգավոր և հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում կողմերին անհապաղ հրադադար հաստատել` առանց նախապայմանների: «Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ անելու ենք ամեն ինչ՝ վերահաստատելու հրադադարը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը: