ԱԱԾ-ն դիմել է ինձ և խնդրել աջակցել, ես պատրաստակամություն եմ հայտնել օժանդակել. Արարատ Միրզոյանը՝ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որով վերջինը հայտնում է, թե Միրզոյանը Թուրքիայի գործակալ է, գրում է Factor.am

Հարցին՝ Միրզոյանն իսկապես ստորագրե՞լ է Մինասյանի հրապարակած փաստաթուղթը, խորհրդարանի նախագահը դրական է պատասխանել։ «ՀՀ ԱԱԾ-ն ինձ՝ որպես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտի և գիտաշխատողի, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի աշխատակցի, որպես պատմաբանի, որն այդ շրջանում Ցեղասպանությանն անդրադարձող, դրա տարբեր հիմնահարցերին վերաբերող հոդվածներ էր գրում, նաև՝ արտասահմանյան պարբերականներում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դիմել է և խնդրել, առաջարկել աջակցել իրենց նշված օրակարգով: Սա է ամբողջը։

Ես, բնականաբար, անկախ օրվա քաղաքական իշխանությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքից՝ որպես ուղղակի հայրենասեր մարդ ու մասնագետ, իմ պատրաստակամությունն եմ հայտնել հենց այս հարցով օժանդակելու մեր անվտանգության ծառայությանը, և սա է ամբողջը»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նա հավելել է, որ այդ փաստաթուղթն իսկապես գոյություն ունի, իսկ մնացյալ հատվածը «հիվանդագին ցնորք» որակել։ «Եվ այդ մարդն այդ սարսափելի մեղադրանքի, իմ բարի համբավը վարկաբեկելու համար դեռ պիտի պատասխան տա»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, թե Արարատ Միրզոյանը եղել է Թուրքիայի հատուկ գործակալ, հետո դարձել ՀՀ ԱԱԾ կրկնակի գործակալ, և, որպես ապացույց, փաստաթուղթ էր հրապարակել, որի ներքևում Արարատ Միրզոյանի ստորագրությունն էր՝ գրառմամբ. «Ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են պետական և ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահպանել գաղտնի»: