«Թուղթ Հայաստանից» կամ` բույրեր հայրենիքից. «Ալամեզոն» Բլոգ

«Թուղթ Հայաստանից» կամ` բույրեր հայրենիքից. «Ալամեզոն» Բլոգ
«Թուղթ Հայաստանից» կամ` բույրեր հայրենիքից. «Ալամեզոն» Բլոգ

Այո, այո, թեև հայ լրագրողները այն թարգմանում են «Հայկական թուղթ», որն ավելի հաճելի է կարդացվում, այնուամենայնիվ, ֆրանսերենից այն թարգմանվում է բառացիորեն «Թուղթ Հայաստանից»: Եվ սա շատ կարևոր է մեզ` հայերիս համար…, բայց ամեն ինչ սկզբից:

«Որոշ ժամանակ առաջ, ընկերներիցս Մարինան իր էջում հետաքրքիր ինֆորմացիա էր տեղադրել Օծանելիքներ արտադրող հայտնի Guerlian ֆիրման էքսկլյուզիվ օծանելիք էր թողարկել, միայն պատվերով, որը կոչվում է Bois d’Arménie (բառացիորեն ` Փայտ Հայաստանից ):

Բնականաբար շատ հետաքրքրեց, սկսեցի փորփրել համացանցը, մինչև որ իրենց էջում գտա տեղեկություն.

Պարֆումերը օծանելիքը ստեղծելիս ոգեշնչվել է Papier d’Arménie ից:

Իսկույն հիշեցի,այս թղթի մասին, նույն օրը դեղատնից գնեցի այն` ֆրանսիացի ամուսնուս զարմացնելու համար 🙂 միասին վառեցինք ( այն պիտի վառես դանդաղ , որ բույր տա ) և ես հուզվեցի, չգիտեմ, դրսում ամեն հայկականը հետ կապ ունեցողն է հուզիչ 🙂 ես օբյեկտիվ չէի, ամուսնուս հարցրեցի.
-Ի՞նչ կասես:
-Շատ հայկական է իսկապես!


Փորձեցի ինֆորմացիա հայթայթել, և կարևոր բացահայտում արեցի 🙂

Պատմությունը իհարկե պարզ է առանց առեղծվածի .

Ծագումով ֆրանսիացի Օգյուստ Պոնսոն ուսուման է մեկնել Օսմանյան կայսրություն և հենց այտեղ է բացահայտել, որ իրենց տներում հայերը խեժով ներծծված թուղթ են այրում` տունը օդափոխելու, ախտահանելու, մլակներից ազատվելու համար:

Վերադառնալով Ֆրանսիա իր ընկեր` դեղագործ Անրի Ռիվերոյի հետ փորձել նույնը ստանալ, իսկ այնուհետև հիմնել, գրանցել և մեծ թափով սկսել թղթի արտադրանքը:

Հետաքրիր է, որ իրենց պաշտոնական էջում, իրենք բաց են թողնում Օսմանյան կայսրության անունը, նշելով, որ Պոնսոն եղել է հենց Հայաստանում, և թուղթը իսկապես կոչվում է «Թուղթ Հայաստանից»` վկայակոչելով տեղանքը:

Միգուցե ուրիշ հարցերում այս մանրուքը կարևոր չլիներ, բայց ինձ համար, ում ընտանիքը Արևմտյան Հայաստանից է, շատ կարևոր թվաց, որ դեռ 19-րդ դարում, անկախ օսմանների  «կայսրությունից» ֆրանսիացի այս երիտասարդը համարել է, որ ինքը գտնվում է Հայաստանում 🙂  

Այո, արդեն 120 տարուց ավել է այս թուղթը վաճառվում է Եվրոպայով մեկ և բոլոր երկրներում այն բառացիորեն թարգմանվում է «Թուղթ Հայաստանից»

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog