Վաղը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայկական կողմը պատրաստվում է վետո կիրառել. Factor.am

Վաղը՝ հունվարի 31-ին, նախանշված է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը կկայանա Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան ինտերնետ խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը։

Մասնավորապես՝ ըստ ռուսական լրատվամիջոցների, նախատեսված է 2020 թվականի հուլիսի 1-ից շեմը նվազեցնել 100 եվրոյի, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 50 եվրոյի և 2022 թվականի հունվարի 1-ից՝ 20 եվրոյի։

Այս նիստին վաղը մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը: Factor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատրաստվում է վետո կիրառել և հարցը հանել օրակարգից: Այս տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, սակայն գրասենյակի ղեկավարը մեր զանգերին չպատասխանեց: