Հայաստանում COVID-19 ախտորոշմամբ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նվազում է

Healthcare workers in protective suits attend to the coronavirus patients inside an isolated ward at the Surb Grigor Lusavorich Medical center

Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ COVOD-19 ախտորոշում ունեցող քաղաքացիներից ծանր վիճակում է 178-ը, ծայրահեղ ծանր՝  45-ը, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված է 17 պացիենտ. դինամիկան նվազման միտում ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահին ծայրահեղ ծանր և ծանր վիճակում պացիենտների թիվը դեպի նվազում է գնում: Դեռ մեկ ամիս առաջ մենք ունեինք 300, 400-ի հասնող  ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ: Երեկվա դրությամբ նրանց թիվը 240 է: Օրական կտրվածքով էլ այն դեպի նվազում է գնում»,-ասաց խոսնակն ու հույս հայտնեց, որ առաջիկայում չի էլ ավելանա:

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը պայմանավորված է նրանով, թե նոր արձանագրվող դեպքերը որքանով կաճեն: Այս պահին դինամիկան դեպի նվազում է գնում: Խոսնակը, սակայն, քաղաքացիներին հորդորեց զգոնությունը չկորցնել, որ այս վիճակը հնարավոր լինի պահպանել:

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 դեպք: