Մարդիկ ակտիվ դատափետում են Լավրովին, չմտածելով, որ այս տարբերակին վաղը կարող է երանի տանք. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

-Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում Արարատ Միրզոյան-Սերգեյ Լավրով հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կան այս հանդիպումից։ 

– Այս հանդիպումն ավելի քիչ լարված էր, համենայնդեպս, հայկական կողմի հասցեին հեգնանք՝ որպես այդպիսին չկար, ամենակարևորն այն էր, որ Ռուսաստանը վերջապես բովանդակային ինչ-որ պատկերացումներ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ կապված, իսկ ավելի շուտ՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հետ կապված։ Այս առումով հանդիպումն իսկապես արժեքավոր էր, որովհետև մենք իմացանք, թե Մոսկվան ինչ մոտավոր կամ հնարավոր մոտեցումներ ունի։ 

Փոխված էին նաև հայկական կողմի մոտեցումները, Միրզոյանի մոտ էլ չկար նախկին լարվածությունը, որովհետև մենք տեսանք, որ վերջին ասուլիսի ժամանակ Փաշինյանն անթաքույց դժգոհում էր բրյուսելյան հարթակից: Ըստ ամենայնի, Երևանը տեղափոխվել է գետնի վրա, համենայնդեպս, փորձում է, բայց քանի որ Փաշինյանի իշխանությունն օրակարգ չունի, միևնույն է՝ մեր երկիրը վերածվելու է ֆուտբոլի գնդակի բրյուսելյան կամ մոսկովյան կիսադաշտերում, լավատեսություն չունեմ։ Ուղղակի որոշակի պատրանքներից հետո մի քիչ ավելի սթափ են դարձել։

– Լավրովն իր խոսքում ասաց, որ «Արևմուտքը փորձում է գժտեցնել Ռուսաստանին և Հայաստանին», ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարի այցը Հայաստան դեռ ոչինչ չի նշանակում, այդ այցով խնդիրները չեն կարգավորվել։ Նկատի ունենալով այս ամենը՝ ինչ եք կարծում, Հայաստանի իշխանությունը հստակեցրե՞լ է, թե որ կողմի հետ է շարունակելու ավելի սերտ համագործակցել։

– Եկեք ես Ալեն Սիմոնյանի մտքերը չմեկնաբանեմ, որովհետև հատկապես արտաքին քաղաքականության հարցերում նա, մեղմ ասած, ծիծաղելի վիճակում է հայտնվում, նա այնքան չի հարգում իր պետական կարգավիճակը, հիշեցնեմ, որ նա այս երկրի երկրորդ պաշտոնյան է, որը մեկնաբանում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունները։ 

Երկրորդ՝ Ալեն Սիմոնյանը հաստատ կարևոր դերակատարում չունի Հայաստանի արտաքին քաղաքականության մշակման հարցում։ Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր կեցվածքին, ես կամ-կամ-ին միշտ էլ դեմ եմ եղել, Հայաստանը պետք է բոլոր ուղղություններով շատ ակտիվ արտաքին քաղաքականություն վարի։ Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմավարական գործընկերություն, բայց նաև գործընկերներ ենք Եվրամիության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Իրանի հետ։ 

Խնդիրն այստեղ այլ է, երբ դու չունես օրակարգ, դու հայտնվում ես աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, այսինքն՝ այն իրավիճակում, ինչի մեջ է Հայաստանն այսօր, իմ վեճը սրա դեմ է։ Այդ արտաքին ակտիվ քաղաքականությունը պետք է փոխլրացնող լինի, այլ ոչ թե հակադրային, այսինքն՝ մենք չպետք է Արևմուտքի հետ մեր հարաբերությունները հակադրենք Ռուսաստանին ու հակառակը, պետք է փորձենք ավելացնել մեր արտաքին քաղաքական հնարավորությունները, որքան դա թույլ է տալիս ստեղծված աշխարհաքաղաքական վիճակը։ Համենայնդեպս, արտաքին քաղաքականության ակտիվությունը վեկտորի փոփոխության նպատակ չպետք է ունենա, որովհետև դրա վտանգների մասին բազմիցս ենք խոսել հենց ձեզ հետ զրույցների ժամանակ։

– «Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են մայրենի լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։

Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, նույն իրավունքներն են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագրում՝ Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ»։ Լավրովի այս առաջարկը որքանո՞վ եք իրատեսական համարում Արցախի պարագայում ու այն ինչպե՞ս եք գնահատում։

– Մինչև 44-օրյա պատերազմը ոչ միայն ինձ, ձեր, այլ նաև մեր հասարակության մեծ մասի համար նույնիսկ վիրավորական կլիներ, եթե Ղարաբաղը համեմատեին անգամ Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հետ, որովհետև մենք համարում էինք, որ Ղարաբաղի խնդիրը մաքուր ինքնորոշման խնդիր է, իսկ այդ մյուս կոնֆլիկտների մասով նաև ռուսական շահերի շեշտված արտահայտության հետ գործ ունենք, բայց հիմա մենք պետք է շատ ուշադրությամբ հետևենք 44-օրյա պատերազմի փլատակների տակ մնաց Ղարաբաղի անկախության օրակարգը և սուբյեկտությունը հիշեցնող ցանկացած առաջարկի։ 

Լավրովի առաջարկության մեջ, որքան էլ այն մեզ համար երանելի չլինի, այնուամենայնիվ, գոնե ինչ-որ սուբյեկտության թույլ բաղադրիչներ կան։ Օրինակ՝ Դոնբասի համար Մինսկի համաձայնությունները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան, ինչի հետևանքով էլ բռնկվեց ուկրաինական պատերազմը, նախատեսում էին բավականին վառ ընդգծված տեղական ինքնակառավարում։ 

Բոլորիս երազանքն այն էր, որ Ղարաբաղը լինի անկախ, ճանաչվի միջազգային հանրության կողմից, բայց 44-օրյա պատերազմից հետո դա երազանք էլ մնաց։ Հիմա աշխարհաքաղաքական գեթ մեկ կենտրոն չկա, նույնիսկ Ֆրանսիան, որը Ղարաբաղի անկախության հարցում մեզ դաշնակից կլինի, հետևաբար, ցանկացած լուծում, որը կերաշխավորի Արցախի որոշակի սուբյեկտություն, հայկականություն ու հնարավորություն կտա, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակի իր գործունեությունը, ինձ համար ողջունելի կլինի, գոնե երաշխիք կլինի, որ Արցախը չի հայաթափվի։

– Իսկ որքանո՞վ կարող է այս առաջարկությունն իրականություն դառնալ, եթե նկատի ունենանք Ադրբեջանի դիրքորոշումը, պարո՛ն Սուրենյանց։

– Շատ լուրջ մտավախություններ ունեմ․ մի բան է Լավրովի ցանկությունը, այլ բան՝ իրականությունը, Ադրբեջանն ընդհանրապես սուբյեկտայնության մասին հիշեցնող որևէ բան չի ուզում լսել։ Ես չգիտեմ՝ Մոսկվան կարո՞ղ է իր այս տարբերակին գոնե հակել Բաքվին։ Երկրորդը՝ արդյոք կկարողանա՞նք հասնել որևէ կարգավորման այն պարագայում, որ հենց մեր զրույցի պահին շատ իրական է Արցախի հայաթափության ռիսկը, այսինքն՝ այս մտավախությունները կան։ Մարդիկ ակտիվ դատափետում, անարգանքի սյունին են գամում Լավրովին, չմտածելով, որ հիմա այնպիսի վիճակում ենք, որ նույնիսկ այս տարբերակին վաղը կարող է երանի տանք, ինչպես հիմա երանի ենք տալիս Լավրովի առաջին տարբերակին։ 

– Հայկական կողմը կկարողանա՞ այնպես անել, որ այս առաջարկն իրականությանը մոտենա, թե՞ ամեն բան ավելի շատ կախված է գերտերությունների կամքից։

 – Այստեղ էլ շատ անկեղծ լինենք․ հայկական կողմը բավարարեց Բաքվի օրակարգը Պրահայում՝ փաստաթղթով դրա դիմաց Արցախի համար ոչինչ չստանալով, ես նկատի ունեմ սուբյեկտության, բնակչության անվտանգության մասով։ Մեր խնդիրն այն է, որ այս իշխանությունից պահանջենք Ղարաբաղի հարցում օրակարգ ունենալ։ Պարզ է, որ անկախությունն իրական չէ, մյուս կողմից էլ պարզ է, որ անընդունելի է Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրումը, բայց եթե պաշտոնական Երևանը օրակարգ չունենա, մենք չենք կարող միջազգային որևէ խաղացողի ստիպել, որ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ գտնվեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am