Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո

Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո
Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո

Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր մակարդակի այցը մեծապես նպաստում է մեր հարաբերությունների հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Պարոն վան Ռոմպոյի հետ մենք ունեցանք անկեղծ և օգտակար քննարկում երկկողմ և տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ մեզ մոտ առկա է լիակատար փոխըմբռնում օրակարգում ընդգրկված բոլոր հարցերի շուրջ:
Մենք արձանագրեցինք, որ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում առկա է նկատելի առաջընթաց մի շարք ուղղություններով, և վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը` պահպանելու դրական դինամիկան և շարունակաբար զարգացնելու մեր համագործակցությունը:
Հայաստանը վճռական է իրականացնելու լայնածավալ բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի էական բարելավմանը, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Այդ գործընթացում՝ ի դեմս Եվրոպական միության, մենք տեսնում ենք վստահելի գործընկերոջ և աջակցողի: Մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր բարեփոխումներին Եվրոպական միության աջակցության վերաբերյալ:

Պարոն նախագահի հետ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: Եվս մեկ անգամ վերահաստատեցինք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա: Ուժի կիրառման սպառնալիքները և զինված սադրանքները նույնչափ անհարիր են 21-րդ դարի Եվրոպայի համար, որքան ազգատյաց հայտարարությունները, անհանդուրժողականությունը, պատմության վերախմբագրման փորձերը: Մենք ողջունում ենք Եվրոպական միության պատրաստակամությունը վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու հարցում:

Անդրադարձ կատարեցինք Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, որոնց արդյունքների վերաբերյալ ԵՄ մեր գործընկերների և մեր գնահատականները համընկնում են. սրանք լավագույն ընտրություններն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բայց դեռևս շատ անելիքներ կան ընտրական գործընթացի հետագա բարելավման ուղղությամբ: Ես վերահաստատեցի մեր պատրաստակամությունը նոր առաջընթաց գրանցելու 2013 թվականի նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցում:

Գոհունակությամբ նշեցինք, որ հաջողությամբ են ընթանում Հայաստան-Եվրոպական միություն բանակցությունները մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մենք նախատեսում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները և սեղմ ժամկետներում ավարտել նաև Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները: Ընթանում են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի բանակցությունները: Մեր ցանկությունն է, որ դրանք հնարավորինս արագ ավարտվեն` լայն հնարավորություններ ստեղծելով մեր երիտասարդների, արվեստագետների, գիտնականների, մարդկանց միջև շփումներն ընդարձակելու համար:

Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործընկերներին` Հայաստանի բարեփոխումներին սատարելու պատրաստակամության համար: Դա շատ կարևոր է այդ բարեփոխումների արագ և լիարժեք իրականացման համար: Պարոն վան Ռոմպոյի հետ մտքեր փոխանակեցինք այդ աջակցության նոր հնարավոր ձևերի մասին:

Վերջերս գտնվելով Բրյուսելում՝ մասնակցել եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Քննարկման հիմնական նյութը եվրոգոտում ստեղծված ֆինանսատնտեսական լարվածությունը և դրանից դուրս գալու հնարավոր ելքերն էին: Փոքր պետությունների տնտեսությունները հատկապես խոցելի են նման լարումների ժամանակ, և մենք ակնկալում ենք, որ որպես Արևելյան գործընկեր՝ կստանանք այդ դժվարությունները հաղթահարելուն ուղղված աջակցության մեր մասը:

Պարոն Նախագահ, Ձեր այցը չափազանց կարևոր է, բայց, ցավոք, շատ կարճատև: Հուսով եմ, որ Ձեր գերծանրաբեռնված օրակարգում ժամանակ կգտնեք կրկին այցելելու Հայաստան, քանի որ մեր ինտենսիվ շփումները չափազանց կարևոր են մեր հարաբերություններն ամրապնդելու համար: Մեկ անգամ ևս բարով եք եկել: Շնորհակալ եմ ուշադրության համար, աջակցության համար:

© Medialab.am