«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, գաղտնիք չէ, որ Իրանը բազմիցս է ասել՝ հարևան երկրների սահմանների խախտումն իր համար անթույլատրելի է ու դեմ է արտահայտվել «Զանգեզուրի միջանցք» ծրագրին, բայց վերջին օրերին Իրանից ամենաբարձր ու տարբեր մակարդակներով կրկին հնչեցին նման հայտարարություններ։ Ո՞րն է պատճառը։
– Հիմնական պատճառը, իմ կարծիքով, Լավրովի՝ օրեր առաջ արած հայտարարությունն է, թե Հայաստանն է սաբոտաժի ենթարկում նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կատարումը: Նաև իրանական փորձագիտական շրջանակներում կա կարծիք, որ օգոստոսին, երբ Շոյգուն մեկնել էր Թեհրան, նաև այդ հարցն էր քննարկել Իրանի իշխանությունների հետ:
Բայց ակնհայտ է, որ հենց Լավրովի հայտարարությունը պատճառ դարձավ, որ Իրանում մեկը մյուսի հետևից ամենաբարձր մակարդակով բազմաթիվ պաշտոնյաներ՝ և՛ խորհրդարանից, և՛ գործադիրից, սկսեցին կոշտ հռետորաբանությամբ մեսիջներ ուղղել Մոսկվային, որ այդ «միջանցքը» որևէ կերպ իրականություն չի դառնա։
– Այդ մեսիջը միայն Ռուսաստանի՞ն էր ուղղված, թե՞ նաև Ադրբեջանին ու Թուրքիային։
– Հիմնական հասցեատերը Ռուսաստանն է, նաև Ադրբեջանն ու Թուրքիան, բայց եթե հաշվի առնենք, որ որոշ պաշտոնյաներ ուղիղ խոսում են Ռուսաստանի մասին, ու նաև այն, որ Ռուսաստանն ավելի շատ է խոսում այդ «միջանցքի» բացման ու վերահսկողության մասին, կարող ենք ենթադրել, որ հիմնական հասցեատերը Ռուսաստանն է։
– Նիկոլ Փաշինյանը օրերս, ըստ էության, հերքեց ռուսական կողմի ասածը, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կա պայմանավորվածություն, որ երրորդ երկիր պետք է վերահսկողություն սահմանի։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ կողմերը հակադարձում են իրար։
– Այդ հայտարարության 9-րդ կետն այնպես է գրված, որ տարբեր կողմեր այն իրենց ձեռնտու ձևով են մեկնաբանում։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանն այս հարցում կոշտ դիրքորոշում է որդեգրել, ու սա իր համար կարմիր գիծ է։ Իհարկե Ռուսաստանը չի համակերպվելու դրա հետ ու փորձելու է տարբեր ճնշումներով Հայաստանին պարտադրել, որ հենց իր սահմանապահներն այնտեղ կանգնեն։
– Հայկական կողմը խոսում է նաև պահնորդների տեղակայման մասին, ձեր գնահատմամբ՝ այս հարցն ի վերջո ի՞նչ հանգուցալուծում է ստանալու։
– Իմ կարծիքով՝ այս հարցն այդպես էլ չի լուծվելու, իսկ 2025-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ կլրանա պայմանագրի ժամկետը, այդ հարցը կկորցնի իր ակտուալությունը, և Հայաստանն ընդհանրապես կհրաժարվի այդ հարցի քննարկումից այն ձևով, ինչ Ադրբեջանն ու Ռուսաստանն են ուզում։ Մեկ տարի անց այս հարցն ընդհանրապես դուրս է գալու շրջանառությունից։
– Այսինքն՝ դուք վստահություն ունեք, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի՞ լուծելու այս հարցը, ինչո՞ւ։
– Այո՛, ես կարծում եմ, որ չի գնալու, եթե գնալու լիներ՝ մինչև հիմա դա արած կլիներ։ Չի գնա այդ քայլին, որովհետև Իրանն ու Արևմուտքը դեմ են դրան, այսինքն՝ կա երկու զսպող արտաքին ուժ, իսկ արդեն 2025-ին հայկական զինուժը բավականին լավ վիճակում կլինի, ու Ադրբեջանը կհասկանա, որ նման քայլի գնալը մեծ արկածախնդրություն կլինի, ու այդ թեման իր օրակարգից էլ դուրս կգա։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am