«Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է». Երբ խորհրդային կարգերը վերադառնում են

«Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է». Երբ խորհրդային կարգերը վերադառնում են
«Վերջին զանգի ժամանակ տեղի ունեցածը ստրկության հերթական դրսեւորումն է». Երբ խորհրդային կարգերը վերադառնում են

Երեւանի 119 ավագ դպրոցում  Վերջին զանգի արարողություն ժամանակ տեղի ունեցածը ստրկության երեւույթի հերթական դրսեւորումն է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում  նեոսովետիզմը վերակենդանացել է: « Մեդիալաբի» հետ զրույցում Անդրադառնալով մայիսի քսաներեքին՝ Վերջին զանգի արարողությանը դպրոցի սաներից մեկի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բանաստեղծության շուրջ ծագած աղմուկին, կարծիք է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշետ Բլեյանը:

«Սա դաստիարակում է այն, ինչ մեր իրականությունն է  այսօր դաստիարակում: Մենք վերարտադրում ենք մեր նմանին: Այսօր խորհրդային իրականության վերարտադրությունն է բոլոր առումներով,  եւ  Մաքսային միության զանգը սեպտեմբերի երեքին արագացրեց նեոսովետիզմի ռեստավրացիան Հայաստանում»,-«Մեդիալաբին» ասում է Աշոտ Բլեյանը:

Հիշեցնենք, մայիսի 23-ին ՝ Վերջին զանգի օրը Երեւանի համար 119 ավագ դպրոցի Վերջին զանգի արարողությունը դպրոցի աշակերտներից մեկի` վարչապետ Հովիկ Աբրահամյանի նվիրած ձոնը բուռն քննադատությունների տեղիք էր տվել:

 «…Մոռանալ ես-ը՝ մենք-ի մեջ

Ոչ ջանքը այս կյանքի համար, եւ ոչ էլ կյանքը խնայել,

Այս բոլորն աշխարհում, միայն հենց Ձեզ է վայել,

Բաց անել, ծածանել ազնիվ դրոշակն իր մեծ հավատի,

Սարսափը հեգնելով` կանգնել հողմի դեմ ճակատ ճակատի,

Չհիշել կսկիծն իր վերքի, իր հպարտ կրծքի տակ զգալ սրտերի տրոփյունն ամենքի,

Իր սրտի տակ պայծառ, ամենքի կրծքի տակ վառել,

Այս բոլորն աշխարհում միայն մեր վարչապետին է վայել»:

Մինչ աշակերտը պաթետիկ ոճով իր «ձոնն» էր հյուսում Հովիկ Աբրահամյանին, նույն սեղանի շուրջ նստած կրթության ոլորտի պատասխանատուները` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը լայնաժպիտ հիացած բուռն ծափահարում էին:

Աշոտ Բլեյանի խոսքով, այստեղ մանկավարժական մեթոդի մասին խոսք անգամ չի կարող լինել : Կրթությունը, նրա խոսքով,  պետք է նպաստի ոչ թե  ստրկամտության , այլ ազատ մտածողության ձեւավորմանը: Սա, ըստ նրա, առանձին վերցված մի դրվագ է, որը հատուկ  է Հայաստանի ամբողջ կրթական համակարգին:

«Մտովի  պատկերացրեք, մեկ շաբաթ կամ մեկ ամիս առաջ դպրոցը գիտի, որ վարչապետն է այցելեու իրենց եւ ուսուցչով, տնօրենով պատրաստվում են նրան ընդունելու: Այդ երեւույթ մենք տեսնում ենք ընտրությունների ժամանակ, երբ ուսուցիչները,  դպրոցների տնօրեններն ու սովորողները  նույն սցենարով են գործում»,-նշում է Աշոտ Բլեյանը՝ հավելելով, որ այն ինչ վաղուց պետք է հաղթահարած լինեինք անկախության քսանհինգ  տարիների ընթացքում, այսօր վերակենդանացնում ենք:

Դպրոցի տնօրեն Հովհաննես Կարապետյանն ի դեպ, որեւէ խնդիր չի տեսնում, որ երեխան նման բանաստեղծություն է նվիրում վարչապետին: Ըստ տնօրենի, դպրոցում վարչապետի այցի մասին իմացել են մեկ օր առաջ եւ հայոց լեզվի մասնագետի օգնությամբ պատրաստվել իրադարձությանը: Դպրոցի տնօրենը գոհ է, որ երեխաները «շփվում են ղեկավարների հետ»  եւ նրան «հաղորդեն իրենց մտածածը»:

Երեւանի 119 ավագ դպրոցում  տեղի ունեցածն իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով երեխայի կրթության իրավունքի եւ կրթության բովանդակության խախտում է:

«Ես երեխայի իրավունքի խախտում համարում եմ ոչ միայն ինքնին փաստը, այլեւ դա կրթության բովանդակության առումով եմ համարում խախտում, երբ կրթությունը խեղաթյուրվում է եւ կրթությանը տրվում է ժողովրդավարական պետությանը հակասող կուսակցական կրթության բովանդակություն»,- «Մեդիալաբին»  ասում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ այստեղ արժեհամակարգի խնդիր էլ կա. դպրոցում դաստիարակում են ոչ թե երկրի  Սահմանադրությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածը ազատ մտածող քաղաքացի, այլ պաշտոնն ու իշխանությունը փառաբանողի:

Արթուր  Սաքունցի խոսքով, դպրոցների կուսակցականացումը խորը արմատներ է գցել Հայաստանում, որը անկախությունից հետո թեեւ հաղթահարվեց, բայց  Ռոբերտ Քոչարյանի նախագահության եւ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության օրոք թափ առավ ու արմատներ վերջնականպես հաստատվեց ՀՀԿ-ի գործունեության հետեւանքով:

Նա նշում է, որ, երբ նախարարները փոխվում էին, ասենք դաշնակացական էին կամ Օեկ-ական, զարմանալիորեն դպրոցներում ուժեղանում էին տվյալ կուսակցականները:  

«Դա ոչ միայն սաքուլիկների ձեւով է ծառայեցվում  բուհական հաստատություններում, որտեղ  ուսանողական խորհուրդները ուղղակի կուսակցական երիտասարդական կառույցներ են , այլեւ դպրոցներում»- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

«Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով էլ երեւույթը եւս մեկ անգամ պահանջում  է, որ դպրոցները, բուհերն ու կրթական այլ հաստատություններն ապակուսակցականացվեն:  

«Դրա բացասական հետեւանքները մենք տեսնում ենք ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլեւ զգում ձեւավորվող սերնդի վրա: Արդյունքում մեր հասարակությունն ուղղակի լավ հասարակություն չի դառնա եւ լավ քաղաքացի չի ունենա, եթե քծնողներ, կարիերիստներ ու պատեհապաշտներ դաստիարակենք: Երեխան պետք է հասկանա, որ պաշտոնյան ոչ թե կիսանդրի է որի մոտ պետք է սրտաճմլիկ եւ առոգանությամբ ձոներ ասել, այլ մարդ է, որը կոչված է իր համար լավ ապագա ստեղծել»,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:  

Նրա խոսքով, բոլորն են հասկանում, որ տեղի ունեցածն ավելի ծիծաղելի է, քան ողջունելի, հետեւաբար, վարչապետն ու ԿԳ նախարարը պետք է պետք է պարզեն, թե ով է նման քարոզչության նախաձեռնողը:  ՀՀԿ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը , սակայն, ըստ նրա, վկայում է, որ ասվածը դժվար կյանքի կոչվի, քանի որ Սերժ Սարգսյանը խոսեց հենց կուսակցապետություն ստեղծելու մասին:

Նշենք, որ սոցցանցերում առաջացած աղմուկին մեկնաբանության տեսքով արձագանքել է  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: 

«Միթե ակնհայտ չէ, որ երեխայի շուրթերից ոչ թե անձնավորված «ձոն» է հնչում, այլ , անկախ անհատներից, անկախ պետության կառավարության ղեկավարի ներկայության կարևորության ընդգծում: Միթե պարզ չէ, որ Հայաստանի վարչապետի մասին է խոսքը: Ուրախ չեն ոմանք երևի, որ պետություն ունեն, կառավարություն ունեն, վարչապետ ունեն և ունեն դպրոց, որը փորձում է երեխաների մոտ այդ ինստիտուտների հանդեպ հարգանք և պատկառանք ձևավորել, մի քիչ ավել մի քիչ պակաս: Իրական խնդիրը ոչ երեխան է, ոչ էլ դպրոցը: Փնտրեք խնդիրները ուրիշ տեղ…», -ի պատասխան իրեն այս առիթով ուղղված հարցի գրել նա:

ԿԳ նախարարն այս մեկնաբանությունն, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացու նկատմամբ: Ըստ նրա, Արմեն  Աշոտյանը թույլ կարծքի ունի ՀՀ քաղաքացիների մտածողության մասին , եթե գտնում է, որ իր ասածը հալած յուղի պես կարող  է ընդունվել:

« ՀՀ քաղաքացիները զոմիբիացած չեն, որ չկարողանան համարժեք գնահատել այդ մեկնաբանությունը: Նախարարն իր մեկնաբանությամբ  ապացուցում է, որ ըստ Սահմանադրության ժողովրդավարական պետության պայմաններում չի հասկանում, թե որն է կրթության բովանդակությունը եւ խեղաթյուրում է կրթության  համակարգը՝  ելնելով   կուսակցական շահերից»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=WGRa-mxzo38