Պատգամավորը Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մեջ տեսնում է ՍԲ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու ձեռագիրը

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մեջ տեսնում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի ձեռագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդանյանն ասաց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում:

«Սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի: Այն նույն ձեռագիրն է, որ տեղի ունեցավ Ջուղայում: Եթե չստիպենք, որ միջազգային հանրությունը սկսի արձագանքել նման իրավիճակին, մենք կրկին ունենալու ենք ոչնչացված հուշարձաններ»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը նշեց, որ այս խնդիրը պատրաստվում է բարձրաձայնել միջազգային իր գործընկերների մոտ և կոչ արեց միանալ այդ աշխատանքին:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը: