Կյանքից վաղաժամ հեռացավ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը. ԱԳՆ

Կյանքից վաղաժամ հեռացավ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը. ԱԳՆ
Կյանքից վաղաժամ հեռացավ Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը. ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 28-ին կյանքից վաղաժամ հեռացավ անվանի հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանը։

Վահան Հովհաննեսյանը ծնվել է 1956թ. օգոստոսի 16-ին Երևանում։
1963 – 1973թթ. – սովորել է Երևանի Ա. Չեխովի անվան հ. 55 դպրոցում,
1973 – 1978թթ. – ուսանել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, ուսանել և ավարտել է Մոսկվայի մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը՝ պատմաբան-հնագետի մասնագիտությամբ,
1978 – 1980թթ. – ծառայել է խորհրդային բանակում,
1980 – 1989թթ. – «Էրեբունի» թանգարանում գիտաշխատող, գիտահետազոտական բաժնի վարիչ,
1989 – 1989թթ. – ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում գիտաշխատող,
1990թ. – ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
1990 – 1992թթ. – Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ
1992 – 1995թթ. – ՀՅԴ Հայաստանի Կենտրոնական կոմիտեի, ՀՅԴ Բյուրոյի անդամ
1998 – 1999թթ. – ՀՀ Նախագահի խորհրդական՝ տեղական ինքնակառավարման հարցերով,
1999 – 2003թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՅԴ խմբակցության անդամ,
2003 – 2007թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ փոխնագահ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ,
2007 – 2012թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ,
2007 – 2008թթ. – ՀՀ ԱԺ փոխնախագահ,
2008թ. – առաջադրվել և մասնակցել է ՀՀ նախագահական ընտրություններում՝ որպես ՀՅԴ թեկնածու,
2008 – 2012թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար,
2010 – 2012թթ. – ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,
2012 – 2013թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների և Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ, ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ,
2012թ. – ԵՎՐՈՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։

ՀՀ Նախագահի՝ 2013թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Հնագիտության և հին պատմության բնագավառում 30-ից ավելի գիտական հրատարակված աշխատությունների հեղինակ է: Դասախոսել է Երևանի պետական համալսարանում՝ հնագիտություն և քաղաքագիտություն մասնագիտություններով:

Մեզնից հեռացավ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, ով իր ողջ կյանքը նվիրել էր Հայրենիքի ծառայությանը։ Վահան Հովհաննեսյանի՝ բարձր արժանապատվությամբ և մեծ հայրենասիրությամբ օժտված հայի վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում։

ԱՅս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունը: