Human Rights Watch` ԼՂ հակամարտության երկու կողմերն էլ արձանագրել են Ժնևյան կոնվենցիայի խախտումներ

«Ամերիկայի ձայն» – HRW-ն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ պատերազմի հանցագործություններ արձանագրելով թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական կողմերից, ասում է կազմակերպության ներկայացուցիչը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց օդային և ցամաքային հարձակում Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքով, որը լարեց իրավիճակը Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունների միջև, նշված է Human Rights Watch մարդասիրական կազմակերպության հայտարարության մեջ:

Կառույցը հետևել է ԼՂ-ի շուրջ ռազմական գործողություններին: Ըստ HRW-ի Եվրոպայի և Եվրասիայի գծով տնօրեն Ռեյչել Դենբերի՝ Ժնևյան կոնվենցիայի դրույթների խախտումներ են գրանցել թե՛ադրբեջանական և թե՛ հայկական ուժերը՝ կիրառելով արգելված զինատեսակներ: Նա նաև շեշտել է, որ կասետային զինատեսակների կիրառման դեմ գոյություն ունեցող կոնվենցիային չեն միացել ոչ Երևանը և ոչ էլ Բաքուն:

«Կասետային զինատեսակները, որոնք ադրբեջանական և հայկական ուժերը օգտագործել են բազմաթիվ հրթիռակոծումների ժամանակ, արգելված են»,- ասում է Դենբերը:

Ադրբեջանական հրթիռակոծումների պարագայում կազմակերպությունն արձանագրել է Ժնևյան կոնվենցիայի խախտում, մասնավորապես Ստեփանակերտի ու Շուշիի ուղղությամբ հրթիռակոծումների ժամանակ:

«Մենք բացահայտել ենք բազմաթիվ դեպքեր, երբ ադրբեջանական հրթիռակոծումներն եղել են չթիրախավորված մասամբ այն պատճառով, որ նրանք կամ օգտագործել են կասետային զինատեսակներ, որոնց բնույթն արդեն այդպիսին է, կամ էլ ունեցել են թիրախ, բայց կիրառել են այնպիսի զինատեսակ, որը վնասում է ոչ միայն այդ թիրախն, այլև շրջակա քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասում է նա:

Որպես օրինակ Դենբերը մատնանշում է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումն ադրբեջանական զինուժի կողմից: Օրերս հրապարակած մամլո հաղորդագրության մեջ HRW ընդգծել է՝ ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ընթացքում 2020 թ. հոկտեմբերի 8-ին հարձակվել են Շուշի քաղաքում գտնվող եկեղեցու վրա, որը կարծես միտումնավոր թիրախավորում էր: Դա պատերազմի օրենքների խախտում է:

«Եկեղեցու վրա հարվածներից մեկը, ըստ մեզ, որն արձանագրվել է հոկտեմբերի 8-ին, իրականացվել է թիրախավորված: Մենք հետազոտության միջոցով պարզել ենք, որ այդ հարվածի ժամանակ կիրառվել է զենատեսակ, որն ուներ ուղղորդման համակարգ կամ մեխանիզմ, և դա թույլ է տալիս եզրակացնելու, որ դա նպատակային հարված էր»,- ասում է Դենբերը:

Կազմակերպությունն արձանագրել է նաև կասետային զինատեսակների կիրառման դեպքեր հայկական ուժերի կողմից ադրբեջանական թիրախների ուղղությամբ:

«Մենք արձանագրեցինք նման հարվածներ Ադրբեջանի մի շարք տարբեր վայրերում ՝ Գյանջայում, Բարդայում, Թերթերում և այլուր: Հրթիռակոծումների ժամանակ օգտագործվել են Սմերչ, Գրադ տեսակի հրթիռներ, ինչպես նաև կասետային զինատեսակներ»,- ասում է Դենբերը:

Մեկ այլ կարևոր մարդասիրական հիմնախնդրի՝ գերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում Դենբերն ընդգծում է՝ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը մարդասիրական օրենքի լուրջ խախտում է անկախ նրանից, թե նրանք ներգրավված են մարտական գործողություններում, թե ոչ:

«Պատերազմի գերիներին վնաս պատճառելու, նվաստացնելը կամ նրանց վրա հանրային ուշադրություն սևեռելու ցանկացած փորձ, որը ներառում է նաև նրանց հեռուստացույցով ցուցադրելն ու հանրայնացնելը, մարդասիրական իրավունքի շատ լուրջ խախտումներ են»,- ընդգծել է նա:

Ռեյչել Դենբերի պնդմամբ իրենց եզրակացությունները հիմնված են բազում հարցազրույցների, արբանյակային պատկերների, լուսանկարների և տեսանյութերի ուսումնասիրության վրա, ինչպես նաև տեղում իրականացրած դիտարկումների և հավաքագրած փաստերի:

Նա նաև նշում է, որ կառույցը չի անդրադառնում խնդրին այն տեսանկյունից, թե կողմերից որ մեկն է ավելի շատ խախտումներ արձանագրել: Մենք չենք համեմատում կողմերին, այլ դիտարկում ենք ամեն կողմն առանձին, պնդում է Դենբերը:

«Չեմ հավակնում ասել, որ մեր հետազոտույթունը համապարփակ է: Այն համապարփակ չէ: Բայց այն դեպքերը, որոնք մենք հրապարակել ենք, արձանագրված են մեր կողմից»,- ասել է նա:

Դենբերը նշում է, որ կառույցը շարունակում է ուսումնասիրությունները՝ հավաքագրելով նոր փաստեր, լուսանկարներ ու տեսանյութեր: