Արցախի թեմը կոչ է անում միանալ մոմերով լուռ քայլերթին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Արցախի թեմը հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով արձագանքել Երևանում գտնվող արցախցի երիտասարդների նախաձեռնությանը եւ միանալ Ստեփանակերտում նախատեսված մոմերով լուռ քայլերթին:

Հիշեցնենք, որ երեկ Արցախցի մի խումբ երիտասարդները, որոնք Լաչինի միջանցքի փակման հետևանքով մնացել են Երևանում, հայտարարեցին, որ չեն մասնակցի մայրաքաղաքի ամանորյա տոնական համերգին. «Մենք ամանորի գիշերը տոն չենք ունենալու, որովհետև տոնը հրաշք է, իսկ հրաշք տեղի չունեցավ»: Նրանք որոշել են 2023 թվականը դիմավորել «Եռաբլուր» պանթեոնում, իրենց խոսքով՝ ամենաարժանիների կողքին:

«Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով, որ այս օրերին բազմաթիվ արցախցիներ իրենց կամքից անկախ չեն կարողանում վերադառնալ Արցախ, կոչ ենք անում արձագանքել Երևանում գտնվող արցախցի երիտասարդների նախաձեռնությանը և վաղը՝ ս.թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու տարածքից ձեռնարկել մոմերով լուռ քայլերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ կկատարվի հոգեհանգստյան կարգ ի հիշատակ մեր սուրբ նահատակների»,-նշված է Արցախի թեմի տարածած հաղորդագրության մեջ: