«Մտածում եմ՝ ես ի՞նչ մայր էի, որ իմ սիրտը չկարողացա տամ երեխուս». Ծյոմը՝ տիեզերքի ձայներ լսող դիջեյը, որ կամավոր մեկնեց ճակատ

Քոլանջյանների երկհարկանի տանն արդեն վաղուց երաժշտության փոխարեն չընդհատվող լռություն է, որ ընտանիքում սկիզբ է առել 27-ամյա Արտյոմ Քոլանջյանի զոհվելուց հետո։ Մայրն ասում է՝ որդին օդի ու ջրի պես էր սիրում իր երաժշտությունը, ապրում էր իր ստեղծած ամեն մի հնչյունով, բայց որոշեց ամեն ինչ մի կողմ թողնել հանուն հայրենիքի և նրա հանդեպ ունեցած սիրո։ 

Այսօր Արտյոմի փոխարեն 48-ամյա Արփինե Շահբազյանը զրուցում է հյուրասենյակի պատից կախված որդու լուսանկարի հետ, որի առաջ երբեմն լաց է լինում, երբեմն էլ վիճում և մեղադրում ՝ կյանքը չխնայելու և իրենց մենակ թողնելու մեջ։ 

«Ասում եմ՝ է՞ս էր ուզածդ, հիմա որ գնացիր ինձ փրկելու, ախպորդ փրկելու, էս փրկե՞լ ա, բա սենց, քո կյանքի գնով ապրելն ինձ պե՞տք էր․․․»,- հուզվում է մայրն ու ցույց տալիս որդու խնամքով պահած ձայնասկավառակները, որ այսօր դարձել են նրա մոխրացած ապագայի խորհրդանիշներ։ 

«Ծյոմս դիջեյ էր, մականունը՝ SCIONIS, որ նշանակում ա նոր սկիզբ, վերածնունդ։ Իր երաժշտությունը պրոգրեսիվ, տեխնո, ժամանակակից երաժշտությունների խառնուրդ էր, իր ոճն էր։ Հենց մի նոր բան էր գրում, հերթով կանչում էր բոլորին ու ուզում էր հասկանար՝ ով ինչ լսեց։

Ես զգում էի իր երաժշտությունը։ Ինձ միշտ կանչում էր, որ լսեի, կարծիքս ասեի, ու գիտեք, ես միշտ անկեղծ ասում էի ինչ մտածում էի, ինքն էլ լսում ու հաշվի էր առնում»։ 

Մայրն ասում է՝ պատերազմի լուրը լսելուն պես Արտյոմն անմիջապես հանեց  Ապրիլյան քառօրյա պատերազմից մնացած զինվորական համազգեստն ու ծառայությունից մնացած կոշիկները, լվանալ, արդուկել տվեց դրանք, որ հագնի և որպես կամավոր միանա առաջնագծում կանգնած մյուս տղաներին։ 

«Իմ սարքած տոլմայից կերավ, իրա գործերը հերթով դրեց, լսեց, անջատեց ու գնաց։ Ես մինչև հիմա չեմ հասկանում՝ ոնց կարողացավ ամեն ինչ տենց հեշտ թողնի ու գնա։ Ոնց որ իրա սաղ նպատակները, հույսերը, երազանքները էդ համազգեստը հագնելուց հետո վերանային, հօդս ցնդեին․․․»,- ասում է Արփինե Շահբազյանն ու հավելում՝ Արտյոմի անունը ոչ մի ցուցակում չկար, իր անուն-ազգանունը գրիչով գրել տվեց, որ գնա։ 

Սկզբում նրան տարել են Լուսակերտ վերապատրաստման, իսկ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 15-ին՝ տեղափոխել Հադրութ, որի մասին, սակայն, տնեցիներն իմացել են միայն Արտյոմի զոհվելուց հետո. իր գտնվելու վայրը թաքցրել է, որպեսզի մայրն ու եղբայրը չանհանգստանան։ 

Որդուց վերջին զանգն Արփինե Շահբազյանը ստացել է հոկտեմբերի 18-ին, ասել է՝ ամեն ինչ լավ է, հաղթում ենք, չմտածե՛ք։ Մոր խոսքով՝ անհանգստության նշույլ անգամ չի եղել ձայնի մեջ, այնինչ դա վերջին անգամ էր, երբ նրանք լսել են Արտյոմի ձայնը:

«Դասակի հրամանատար էր։ Վերջին խոսքերն էլ հենց իր տղերքին ա ասել։ Ասել ա՝ տղերք, դուք աշխարհի ամենաուժեղ տղերքի ցուցակում եք, բոլորիդ անունները գրված են․․․ Զոհվելու մասին տղերքն են զանգել, ախպորը ասել, տենց Դավն արդեն իմացել ա»,- ասում է մայրը՝ նշելով, որ վերջին զանգից հետո Արտյոմին սկսել են փնտրել և ազգանվան սխալ լինելու պատճառով գտել են 6 օր անց։

«Ես ամսի 28-ին ՊՆ-ում դիմում գրեցի, բայց պարզվում ա՝ իրեն արդեն բերել էին Երևան։ Հերացու բժիշկներից մեկը զանգել էր Ծյոմի դիջեյ ընկերոջը, ասել էր՝ ես Ծյոմին ճանաչում եմ, ստեղ քնած ա, դուք ո՞ւր եք ման գալիս։

Ասում են՝ մի մազ չկար պակաս․․․ երեխուս սիրտն էր ստացել ԱԹՍ-ի հարվածը, սրտին էին խփել։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ես ի՞նչ մայր էի, որ իմ սիրտը չկարողացա տամ երեխուս»,- ասում է Արփինե Շահբազյանն ու նշում՝ իրեն մայրական սիրտն էր հուշել, որ Արտյոմն այլևս չի վերադառնալու։

«Ինձ իմ սիրտը ասեց, որ Ծյոմս էլ չկա, իմ սիրտը․․․ ես էդ ամեն ինչը արդեն տեսել էի, Ծյոմի դեպքն իմ աչքերի առաջով անցել էր։

Պատերազմի օրերին Զինուժի լոգոներից էի սարքում, որ ծախեմ, փողը փոխանցեմ երեխեքին։ Ամսի 22-ին՝ Ծյոմի զոհվելու օրը, դուրս էի եկել փողոց, անկախ ինձանից գոռում, լացում էի՝ ես էլ չգիտեի՝ ինչի։ Գոռում էի՝ իմ երեխեն հետ ա գալու, բայց գիտեի, որ հետ չի գալու․․․»,- պատմում է մայրը։

«Ես ամսի 28-ին իմացա դեպքի մասին։ Էդ օրը իրարից լրիվ տարբեր, անծանոթ մարդիկ էին եկել մեր տուն՝ ախպերս, ընկերների մայրեր և այլն։ Էդ որ տենց լցվեցին մեր տուն, արդեն պարզ էր՝ ինչի՛ են եկել, բայց ես արդեն գիտեի, որովհետև տեսել էի ամեն ինչ»։ 

Արփինե Շահբազյանը ցավով է նշում՝ որդին միայն մեկ ամիս հասցրեց ապրել իր 27 տարին, թեև դեռ շատ գարուններ ուներ ապրելու և արարելու։ Մայրն ասում է՝ Արտյոմը յուրահատուկ էր։ Խոսում էր աստղերից ու տիեզերքից, տեսնում ու լսում էր բաներ, որոնք շատերը նույնիսկ չեն էլ զգում։ Սիրում էր մարդկանց ու կյանքը իր բոլոր դրսևորումներով։

«Ասում էր՝ դու տիեզերքի ձայները լսո՞ւմ ես, գույները տեսնո՞ւմ ես, մա՛․․․»,- հիշում է մայրը։ 

Արտյոմ Քոլանջյանը սկզբում ուսանել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական բաժնում, իսկ ավելի վաղ՝ դպրոցական տարիներին, 2 տարի հաճախել է երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին, դրանից զատ զբաղվելով նաև սպորտով, սպորտային մարմնամարզությամբ, բռնցքամարտով և ըմբշամարտով:

Արտյոմն իրեն փայլուն է դրսևորել նաև ծառայության տարիներին՝ բազմաթիվ շնորհակալական նամակներ և պատվոգրեր ստանալով նաև Ջ.Հարությունյանի կողմից` որպես ավագ սերժանտ, դասակի հրամանատար, հրետանու հաշվարկող:

«Հենց էդ ժամանակից պատրվակ էր ման գալիս, որ հետ դառնար ծառայության։ Մինչև ծառայեց, հետ եկավ, գնացի դժոխք, հետ եկա։ Քառօրյայի ժամանակ էլ գնացի դժոխք, հետ եկա, որովհետև 25 օր էլ մնաց ընդեղ։ 

Իսկ հիմա մեզ թողեց դժոխքում, սաղ կյանքս պիտի խեղդվելով ապրեմ, որ իմ ձեռքով ճանապարհեցի երեխուս․․․»,- ասում է մայրն ու նշում՝ որդին բազմաթիվ հրավերներ ուներ արտերկրից, բայց նույնիսկ այդ փաստը հետ չպահեց առաջնագիծ մեկնելուց։ 

«Գնալուց մի որոշ ժամանակ առաջ ասել էին՝ մատդ որ երկրի վրա դնես, կտանենք, կնվագես, շատ փող կաշխատես։ Որ ասում էի՝ շատ լավ ա, Ծյոմ ջան, անպայման գնա, ասում էր՝ սպասի, մամա, դրա ժամանակը չի։ Անընդհատ հետաձգում էր, որովհետև երևի մի բան զգում էր»։

Արփինե Շահբազյանը որդուց հետո է կառուցել Նորագավիթի 13 հասցեում գտնվող երկհարկանի տունը, որն իրենց համար նոր ու երջանիկ կյանքի սկիզբ պիտի դառնար, և որի մասին երազում էին ինքն ու երկու որդիները։ Երազանքների տունը, սակայն, մի մեծ ու դատարկ տարածություն է այսօր, որտեղ ամեն անկյունն Արտյոմին ու նրա կիսատ մնացած կյանքն է հիշեցնում։

«Ծյոմս էս տան մեջ պիտի լիներ, բայց ինքը մենակ դատարկ հողը տեսավ, էս տունը չտեսավ։ Ես իմ մեջ ուժ գտա, իմ երեխու ցանկությունը հասցրի ավարտին։ Սաղ ոնց որոշել, պայմանավորվել էինք, տենց էլ արել եմ, բայց ինչի՞ս ա պետք, եթե երեխես էլ չի գալու, իսկ ես ամբողջ կյանքում սենց խեղդվելով էլ ապրելու եմ»,- ասում է մայրն ու հավելում՝ որդու համար նաև անձնական ստուդիա է կառուցել, որի մասին երազում էր Արտյոմը։

Արփինեն Արտյոմի լուսանկարը դաջել է ձեռքերին, ասում է, որ նման կերպ ուզում է միշտ իր որդու հետ լինել: 

«Երեխես էլ չի գալիս երազիս, երևի նեղացել ա մամայից։ Մյուսները երազ տեսնում են, ես՝ չէ։ Մի օր էլ մեկի երազին եկել ու ասել ա՝ սենց ո՞նց կլինի, մաման ինձ հանգիստ չի թողում․․․ Ես չեմ կարում, ո՞նց հանգիստ թողեմ իմ երեխուն»,- ասում է Արփինե Շահբազյանն ու հավելում՝ ամեն բացվող լուսաբացի հետ կյանքն ավելի ու ավելի դժվար է թվում։ 

Երկու որդիներին միայնակ մեծացրած կնոջ ճանապարհներն արդեն երկու տարի է, ինչ հատվում են Եռաբլուրում, իսկ այն ամենը, ինչ պիտի աներ որդու համար, անում է սառը շիրմաքարի համար։ 

«Գիտեք, երբ թաղապետարանում էի աշխատում, նոր թաղապետ նշանակվելուց հետո ինձ գործից հանեցին։ Ծյոմս ծառայում էր, Դավս էլ դպրոցական էր։ Ես երեխեքիս միակ խնամակալն էի։ Հազար տեղ նամակ ու դիմում գրեցի, բայց ինձ ոչ ոք չլսեց, որովհետև անտեր ու թույլ օղակ էի։ 

Էդ մարդկանց համար երեխես էսօր իրա կյանքը տվեց, հիմա էդ մարդիկ իրանց երեխեքին գրկում, պաչում են, իսկ ես իմ երեխու սառը քարն եմ գրկում, պաչում, էդ մի կտոր հողն էլ չթողեցին․․․ խլեցին, սաղ խլեցին իմ ձեռից։ Ի՞նչ անեմ, նստեմ հպարտանամ իմ երեխով, հա՞, ես չգիտեմ․․․էսօր ես էլի ապրում եմ, որ իմ երեխեն, իմ բալեն ապրի»,- հուզվում է որդեկորույս մայրը: 

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյան

MediaLab.am