Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ապրիլի 20-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետերի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների մասնակցությամբ։ Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրեց, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։

Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր, ինչի ամենավերջին դրսևորումներն էին պատերազմն Արցախում և այդտեղ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու խաղաղ բնակչության սպանությունները։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոնը և Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանյոն։

Արարողությանը ներկա էին և ծաղկեպսակներ զետեղեցին Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Սենատի մշակույթի և կրթության հանձնաժողովի նախագահ Լորան Լաֆոնը, Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրանսիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը և Ալֆորվիլի հոգևոր հովիվ Տեր Տիրայր Քելեջյանը։

Ներկաները շնորհակալություն հայտնեցին Վալ-դը-Մարնի ֆրանս-հայկական ալյանս կազմակերպությանը՝ ի դեմս նախագահ Դելֆին Կույումջյանի և կազմակերպության ներկայացուցիչ Մարո Դեյրմենջյանի, ինչպես նաև Ֆրանսահայ մարտիկների և դիմադրության մասնակիցների ֆեդերացիայի նախագահ Ժակ Դեյրմենջյանին՝ միջոցառման համակազմակերպման և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը տարիներ շարունակ վառ պահելու համար։

Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։