ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը հույս տվեց. անհետ կորած զինծառայողների հարազատները` Աբազյանի հետ զրույցի մասին

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ու ծնողները Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո պայմանավորվածություններ են ձեռք բերել:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Անահիտ Մանասյանը նշեց, որ Աբազյանի հետ պայմանավորվել են, որ իրենք իրենց մոտ եղած փաստերն ու տվյալները կտրամադրեն ԱԱԾ-ին:

«Մենք պայմանավորվել ենք՝ այն բոլոր տեղեկությունները, որ մենք հավաքել ենք, կտրամադրենք ԱԱԾ-ին, Աբազյանն էլ իր հերթին ասաց, որ ավելի խորացված հետախուզություն կիրականացվի: Մենք պարբերաբար նաև հանդիպումներ ենք ունենալու, որպեսզի մեզ զեկուցեն մեր երեխաների վերաբերյալ կատարված աշխատանքների մասին»,- նշեց Մանասյանը:

Խոսելով այն մասին, թե Աբազյանի հետ հանդիպման արդյունքներն արդյոք գոհացնո՞ղ էին, Անահիտ Մանասյանն ասաց, որ մինչև հստակ արդյունքներ չունենան գոհ չեն լինի ոչնչից:

«Մենք արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ: Այժմ մենք պետք է մեր կողմից աշխատանքներն իրականացնենք, հավաքենք փաստեր ու կապ հաստատենք: Մինչ այս պահը հավաքագրած մեր տեղեկություններն ու փաստերը հիմնականում տրամադրել ենք դատախազությանը: Հիմա մենք պետք է մի փոքր այլ փաստեր ներկայացնենք, որոնք ԱԱԾ-ի գործառույթների շրջանակներում են, որպեսզի և՛ մարմինները գտնենք, և՛, եթե ունենք ողջ տղաներ, ովքեր գերության մեջ են՝ վերադարձվեն հայրենիք»,- նշեց Մանասյանը:

Նա ընդգծեց, որ ինչ-որ չափով հույս տվեց Աբազյանի հետ հանդիպումը, սակայն մինչև զավակների վերաբերյալ հստակ տեղեկություն չլինի՝ վստահ լինել ոչնչում չի կարող:

Պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ էլ անհետ կորած զինծառայողի հարազատը նշեց, որ այն ինչ պետք է այդ գերատեսչությունն աներ՝ չի իրագործվել:

«ՊՆ-ն հավաքագրել է մեր երեխաներին, տարել են, ուրեմն իրենք պետք  է պատասխանատվություն կրեն: Հասկանում եմ, որ պատերազմ է եղել, բնական էր, որ զոհեր կունենայինք, բայց գոնե նրանց ճակատագրերի մասին տեղեկություն տան՝ զոհվել են, աճյունները չեն կարողանում դուրս բերել, գերի են: Մենք չգիտենք, թե ովքեր են մեր երեխաներից ողջ և ովքեր զոհված, ոչինչ չեն արել: Այսքանից հետո ինչպես համագործակցենք այդ կառույցի հետ»,- նշեց Մանասյանը:

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն ԱԱԾ շենքի մոտ էին հավաքվել վաղ առավոտից: Մինչ Աբազյանի հետ հանդիպում նրանք լրագրողներին հայտնեցին, որ իրենք տվյալներ են հավաքագրել ու պատրաստ են տրամադրել ԱԱԾ-ին: Հարազատները նաև շեշտեցին, որ իրենց  կատարած աշխատանքների շնորհիվ 21 անհետ կորած զինծառայողից 9-ի մասունքները գտնվել են: Նրանցից 8-ը նույնականացվել է, մեկինը՝ դեռ չի ստացվում: