Կրթության տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը․ կասեցվել է թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը

ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիման վրա` ՀՀ պարետի N135-Ա որոշմամբ, այսօր  3 օրով կասեցվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 85 մանկապարտեզի գործունեությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Տեսչական մարմինը այսօր նաև կրկնակի ստուգայցեր է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուշադրության կենտրոնում այն մանկապարտեզներն են, որտեղ նախորդ այցերի ընթացքում արձանագրվել էին սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման թերացումներ:

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ թերացումների մեծ մասը արդեն վերացված են:

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, իսկ արձանագրված խախտումները ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ: