Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը

Հյուսիս-հարավ ճանապարհի «Տրանշ-2»-ի 34 կիլոմետրանոց հատվածում (Աշտարակ-Թալին) մեկնարկել են շինարարական աշխատանքները։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են  «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ Հյուսիս-հարավի «Տրանշ»-2-ի կառուցումը ֆինանսավորվում է  ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։ 

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր  տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող  աշխատանքների ընթացքին։ 

Շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Գոռ Ավետիսյանը նշել է‚ որ Աշտարակ-Թալինը Հյուսիս-հարավ ծրագրի կարևոր հատվածներից է‚ ու շատ կարևոր է‚ որպեսզի սահմանված ժամկետներում ու պատշաճ որակով 34 կմ երկարությամբ ճանապարհը հանձնվի շահագործման։ 

Նա ընդգծել է‚ որ շինարարության ընթացքում բոլոր հարցերը պետք է լուծվեն պատվիրատու-շինարար-տեխհսկող սերտ համագործակցությամբ‚ և հավաստիացրել է‚ որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի թիմը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել` աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։ 

«Կապալառու կազմակերպությունը՝ «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն‚ կատարում է հողային աշխատանքներ։ 

Այս օրերի ընթացքում արվել է մի քանի տասնյակ հազար խմ ծավալով հողային հանույթ։ Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թիվը»,-հայտնել են Հիմնադրամից՝ հավելելով, որ շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկությունը։