Վերականգնելով կապը Իրանի հետ․ մանրամասներ ճանապարհների կառուցման ընթացքից. FIP.am

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ Գորիս-Կապանին փոխարինող Տաթև-Աղվանի ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել։ Նրան արձագանքեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ չհերքելով տեղեկությունը։ 

Մարինա Ղազարյանը նշեց, որ ճանապարհի 6-7 հատվածներում կան խնդիրներ, քանի որ այն շատ արագ է կառուցվել։ Ղազարյանը նաև ասաց, որ սա գյուղամիջյան ճանապարհ է, չի համապատասխանում միջպետական ճանապարհի ստանդարտներին։ Պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանն էլ վստահեցրեց, որ խնդրահարույց ճանապարհահատվածների դեպքում կապալառուներն իրենց հաշվին են իրականացնելու աշխատանքները և պետության հետ կնքված պայմանագրային արժեքում ավելացում չի լինելու։

Քանդվածությունը, սակայն, Տաթև-Աղվանի ճանապարհի միակ խնդիրը չէ։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ փուլում է գտնվում սահմանային նոր իրադրությամբ պայմանավորված այլընտրանքային ճանապարհների կառուցումը և ինչ խնդիրների են բախվում Իրանին կապող այս ուղիներից օգտվող բեռնափոխադրողները։

Այլընտրանքային ճանապարհի դժվարությունն ու նոր այլընտրանքը

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի 21 կիլոմետր հատվածն ադրբեջանական կողմին անցավ 2020-ի դեկտեմբերին։ Դրանից կես տարի անց կառավարությունը սկսեց Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհի հինմանորոգումը։ Այս ճանապարհի մասին խոսակցություններն ակտիվացան օգոստոսի վերջին, երբ Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհին։ 

Այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումն ավարտվեց 2021-ի նոյեմբերին, մինչ այդ վարորդները հիմնականում օգտվում էին ադրբեջանական կողմին անցած հատվածից։ Գորիսից Կապան տանող նախկին ճանապարհահատվածի երկարությունը մոտ 65 կմ էր, լայնությունը՝ 6-8 մ։ Նոր կառուցված Տաթև-Աղվանին, որը փոքր-ինչ երկար է (68 կմ), նախկինից ավելի նեղ է՝ 6․6-7․2 մ, ինչը դժվարացնում է բեռնատարների տեղաշարժը։ Սակայն ճանապարհի գլխավոր դժվարությունը ոլորաններն են։ Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև հատվածը ոլորանների պատճառով դժվարանցանելի է մեծ բեռնատարների համար։

Սա է պատճառը, որ իրանցի վարորդները դեռ նախընտրում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհից՝ չնայած ճանապարհն այնքան էլ անվտանգ չէ և ավելի թանկ է արժենում, քանի որ ադրբեջանական անցակետերով անցնելը լրացուցիչ վճար է պահանջում։

«Սաթի» բեռնափոխադրող կազմակերպության տնօրեն Տիգրան Պռոշյանը FIP.am-ի հետ զրույցում նշեց, որ քչերն են նախընտրում օգտվել նոր՝ Տաթև-Աղվանի ճանապարհից։ Արդյունքում, Տիգրան Պռոշյանի խոսքով, բեռնափոխադրման գները թանկացել են։

«Ճանապարհը նեղ է, մեքենաները այդ ճանապարհով չեն կարողանում անցնել։ Բեռնափոխադրման գները թանկացել են, որովհետև ճանապարհն անվտանգ չի համարվում, և իրանցի վարորդներն ավելի շատ գումար են պահանջում։ Մոտ 40-50%-ով թանկացել են բեռնափոխադրման գները»,- ասաց բեռնափոխադրող ընկերության տնօրենը։

Ոլորանները շրջանցելու նպատակով կառավարությունը նախաձեռնել է Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ այն կունենա 19․9 կմ երկարություն, լայնությունը կկազմի 6․6-9 մ։ Այս ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։ 

Հիշեցնենք, որ Տաթև-Աղվանիից և Տաթև-Լծենից բացի, նախատեսված են այլընտրանքային մի քանի ճանապարհներ ևս, որոնք կծառայեն Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը հայկական մյուս բնակավայրերին կապելու նպատակին։ Սահմանային իրադրության փոփոխությունից հետո այս գյուղերը գրեթե շրջափակման մեջ էին հայտնվել, և բնակիչները տեղաշարժվելու համար ստիպված էին օգտվել դաշտամիջյան ճանապարհներից։ Կառավարությունը խոստացել էր կառուցել կամ վերակառուցել Որոտան-Խոտ, Քաշունի-Բարձրավան, Տանձավեր-Շուռնուխ ճանապարհները, որոնք երթևեկելի կլինեն բոլոր տեսակի մեքենաների համար, բոլոր եղանակներին։ 

2021-ի նոյեմբերի 15-ին ադրբեջանական կողմը փակեց նաև Կապան-Ճակատեն ճանապարհը։ Ճակատեն գյուղն արտաքին աշխարհի հետ կապելու համար Գեղանուշ-Ճակատեն հատվածում կատարվել է ժամանակավոր բարելավում՝ մինչև Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի կառուցումը։ 

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ այս աշխատանքները նույնպես կավարտվեն մինչև 2022-ի վերջը։

Իրան տանող մյուս նախագիծը՝ Հյուսիս-Հարավ

Իրանին կապող ճանապարհային նախագծերից ամենախոշորը, թերևս, Հյուսիս-Հարավ միջանցքի ներդրումային ծրագիրն է։ 2021-ի սեպտեմբերին կառավարության ընդունած որոշմամբ որպես առաջնահերթություն է սահմանվել Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը։ 

Այս ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճանապարհահատված մոտ 60 կմ երկարությամբ՝ ներառյալ 4․7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12․5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ, որոնցից ամենաերկարը լինելու է Բագրուշատի թունելը (մոտ 8․6 կմ)։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից FIP.am-ին տեղեկացրին, որ շինարարական աշխատանքները տևելու են 6 տարի։

Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մյուս՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) հատվածին, ապա ծրագրի շրջանակներում նախագծման աշխատանքներն ավարտվել են։ Նախատեսվում է կառուցել շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհ, որի շինարարությունը կտևի 3 տարի։ Շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է, սակայն մեկնարկի ժամկետ չի նշվում։

Փաստերի ստուգման հարթակ