Գերմանիայի Բունդեսթագը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով դատարանները տնային բռնության համար մեղավոր ճանաչված անձանց կարող են պարտավորեցնել կրել էլեկտրոնային վերահսկման սարքեր։
Ոտքին ամրացվող սարքը հնարավորություն կտա հետևել բռնարարի գտնվելու վայրին և ահազանգ ուղարկել, եթե նա մոտենա, օրինակ, տուժողի բնակարանին։ Միջոցը նախատեսվում է կիրառել հատկապես այն դեպքերում, երբ կրկնակի բռնության բարձր ռիսկ կա։
Նոր օրենքով Գերմանիայի դատարանները նաև կարող են պարտավորեցնել իրավախախտներին մասնակցել զայրույթի կառավարման դասընթացների։
Խստացվում են նաև դատարանի որոշումները խախտելու համար նախատեսված պատժամիջոցները․ առավելագույն ազատազրկման ժամկետը բարձրացվել է մինչև երեք տարի։
Բունդեսթագում նշել են, որ փոփոխությունները կատարվում են կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ Ստամբուլյան կոնվենցիայի շրջանակում։
Գերմանիայում տնային բռնության զոհերի գրեթե 80 տոկոսը կանայք են։ 2024 թվականին երկրում տնային բռնությունից տուժել է ավելի քան 170 հազար մարդ։



















