«Ընտրությունները դեռ չսկսված` ավարտվեցին». ըստ փորձագետի` Ծառուկյանի չառաջադրվելը` «զրկում է գործող նախագահին լուրջ մրցակցությունից»

«Ընտրությունները դեռ չսկսված` ավարտվեցին». ըստ փորձագետի` Ծառուկյանի չառաջադրվելը` «զրկում է գործող նախագահին լուրջ մրցակցությունից»
«Ընտրությունները դեռ չսկսված` ավարտվեցին». ըստ փորձագետի` Ծառուկյանի չառաջադրվելը` «զրկում է գործող նախագահին լուրջ մրցակցությունից»

ԲՀԿ հայտարարությունը` սեփական թեկնածու չառաջադրելու և մյուս թեկնածուներից որևէ մեկին չսատարելու մասին գալիք` 2013-ի նախագահական ընտրություններում, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը որակում է որպես գործող նախագահի ոչ լուրջ հաղթանակ:
«Մեդիալաբի» հետ զրույցում նա նշում է, որ քաղաքական դաշտում գալիք նախագահական ընտրություններում հիմնական խաղացող ուժերը երեքն էին՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը:

«Քանի որ այժմ ԲՀԿ-ն ընդունեց չեզոք դիրք և հանդես եկավ նման հայտարարությամբ, այժմ ձևական մրցակցություն է լինելու, քանի ՀԱԿ-ի ազդեցությունը ավելի թույլ է, քան ՀՀԿ-ինը: ԲՀԿ-ն, չմասնակցելով ընտրություններին, իհարկե իր դիրքը պահում է, բայց զրկում է գործող նախագահին լուրջ մրցակցությունից և լուրջ հաղթանակ տանելուց, այսինքն` մեզ մոտ նախագահական ընտրությունները չսկսված` ավարտվեցին»,- ասում է Բադալյանը:

Թե ինչո՞ւ այսքան ուշ ԲՀԿ-ն հայտարարեց թեկնածու չառաջադրելու մասին, Բադալյանը կարծում է, որ «ամենայն հավանականությամբ» բանակցային փուլ էր գնում այլ գործընկերների և աշխարհաքաղաքական ուժերի հետ, որի արդյունքում եկան նման եզրակացության:

Նրա խոսքով` ԲՀԿ այս որոշումը սպասելի էր, «քանի որ շատ էին խոսում այն մասին, որ վերջին շրջանում գործող իշխանությունը արևմտամետ դիրքորոշում է արտահայտում»:

«Հայաստանում հասարակությանը վերջին 20 տարիներին չի հաջողվել ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարել, այսինքն` հասարակությունը թույլ է: Եթե իշխանության 90 տոկոսը հասարակության ներսից չի ձևավորվում, ապա դրսից է ձևավորվում, ինչի մասին ես բազմիցս ասել եմ»,- նշում է Բադալյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը:

Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում. գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am