Մեկ ամսից պատրաստ կլինի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի աուդիո տարբերակը, ինչը Իջևանի բնակիչ Ալիկ Խառատյանը երկար ժամանակ փորձում էր կյանքի կոչել:
Աուդիոգիրքը հնարավորություն կտա հաշմանդամություն եւ մասնավորապես տեսողության հետ խնդիրներ ունեցողներին արդյունավետ տարբերակով իրազեկվել սեփական իրավունքներին:
Աուդիոգիրք ստեղծելու Խառատյանի ծրագիրը հաղթող է ճանաչվեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած «Տեղական իրավապաշտպանության խթանում» երկօրյա դասընթացից հետո հատկացվող փոքր դրամաշնորհային մրցույթում:
«Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստացա նախաձեռնությունս իրականացնելու,- «Մեդիալաբին» ասում է Ալիկ Խառատյանը,- աուդիոգրքի շնորհիվ մարդիկ կիրազեկվեն իրենց իրավունքների մասին եւ կփորձեն պաշտպանել իրենք իրենց եւ ոչ թե տարբեր հաստատություններում մշտապես խեղճ խնդրողի դերում կհայտնվեն: Աուդիոգիրքը հասանելի կլինի համացանցում` բոլորի համար»:
Ալիկ Խառատյանը աուդիոգրքեր ստեղծելու մասին վաղուց էր մտածում: 29-ամյա Խառատյանը խորությամբ է ծանոթ բոլոր այն խնդիրներին, որոնց առնչվում են տեսողության խնդիր ունեցող մարդիկ:
«Ութ տարեկան էի, երբ մեր տան խոհանոցում արկի պայթյունից կորցրեցի տեսողությունս և ձախ ձեռքս»,-ասում է Խառատյանը:
Ալիկ Խառատյանը կույր է: Նա նաեւ առաջին կարգի հաշմանդամություն ունի:
Այդ դեպքից անցել է 21 տարի, որոնց հետադարձ հայացք նետելիս, Ալիկ Խառատյանը հիշում է իր ծանր փորձություններն ու դառը զգացողությունները, որոնք կարողացել է հաղթահարել անկոտրում կամքի ճանապարհը բռնելով:
Իջևանի շրջանի՝ Աչաջուր գյուղում ծնված և մեծացած Ալիկ Խառատյանը սովորել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող անձանց թիվ 14 հատուկ դպրոցում: Բարձր առաջադիմությամբ դպրոցն ավարտելուց հետո, ցանկություն է հայտնում ստանալ բարձրագույն կրթություն:
«Ընդունվեցի Երևանի պետական համալսարանի՝ Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի պատմության և իրավունքի հիմունքներ բաժինը: Ես գիտակցում էի, որ իմ տեսողության խնդիրը ուսման ընթացքում բազմաթիվ խոչընդոտների առջև է կանգեցնելու ինձ, բայց ուսում ստանալու մեծ ձգտումն ինձ առաջ էր տանում: Համալսարանում սովորելիս մեծ եղբայրս էր ինձ ուղեկցում, իսկ դասախոսությունները լսարանում ձայնագրում էի, հետո բերում էի տանը նորից լսում ու սովորում: Եթե չէի հասցնում, կուրսեցիներիս էի խնդրում, որպեսզի գրած լեկցիաները ձայնագրեն ու տրամադրեն ինձ»,-պատմում է ասում է Ալիկ Խառատյանը:
Նրա բարեկամների և ծանոթների շրջանում շատ քչերն էին հավատում, որ նա կարող է ընդունվել ԲՈՒՀ: Կուրսում Ալիկ Խառատյանը միակ տեսողության խնդիր ունեցող ուսանողն էր:
«Սկզբում ուսանողներն էլ չէին պատկերացնում, որ կարող եմ իրենց հետ հավասար սովորել: Ոչ թե շատ էին խնդիրները, այլ ամեն ինչն էր խնդիր: Պետության կողմից աուդիոգրքեր չկային, որ տրամադրվեին ինձ: Բայց ես սկզբից էլ գիտեի, որ բոլոր խնդիրները ինքնուրույն պետք է հաղթահարեմ, ու երբ որ ձայնագրելու տարբերակով որոշեցի սովորել ու կուրսեցիներիս խնդրել, որպեսզի աջակցեն ինձ, արդեն իրենք էլ պատկերացրեցին, որ կարող են օգտակար լինել ինձ: Եվ իրենք էլ սկսեցին իրենց օգնությունը առաջարկել»,-պատմում է Ալիկ Խառատյանը:
Ուսման տարիներին գործնականում բախվելով բազում խնդիրների, Ալիկը հասկանում է, որ խիստ սահմանափակ հնարավորություններ ունեցող Հայաստանի տարբեր ոլորտներում թեմատիկ ընդգրկուն աուդիոգրքերը մեծ օգնություն կլինեն տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար: Համալսարանում ուսումը գերազանց ավարտելուց հետո Ալիկը փորձում է իր ներուժը ունենալ և օգտակար լինել իր նման տեսողության խնդիր ունեցող անձանց համար:
«Նոր ձեռքբերումների գնալը անհատական խնդիր է և մարդու ձգտումից, ցանկությունից, կամքի ուժից է կախված: Իմ նման մարդկանց համար խնդիրները շատ դժվար է հաղթահարել, բայց կախված է քո մոտեցումներից: Ինձ օգնեց ուսման հանդեպ մեծ սերն ու առաջադիմությունը»,-ավելում է Ալիկը:
Քանի որ դպրոցից նա տիրապետում էր համակարգչային խոսող ծրագրերի, բուհն ավարտելուց հետո 3 տարի ինքնուս սովորում է աուդիոմոնտաժային ծրագրեր: Տեսողության խնդիր ունեցող մարդկանց ուսման համար առաջնային պահանջ են ներկայացնում այսօր աուդիոգրքերը, ուստի Ալիկ Խառատյանի ամենակարևոր նպատակն է դառնում ստեղծել աուդիոգրքեր ձայնագրելու ծրագիր, որպեսզի տեսողության խնդիր ունեցող մարդիկ ստանան լավ կրթություն, իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին և ինտեգրված լինեն հասարակությանը:
«Ծրագիրը և դպրոցական դասագրքերի, և բուհերի մասնագիտական գրքերի ձայնագրում է իր մեջ ներառում: Տեսողության խնդիր ունեցող շատ անձիք կան, ովքեր ցանկություն ունեն սովորել և ունակ են լավ սովորելու, բայց նրանցից շատերը չեն դիմում բուհ, քանի որ ուղեկցող չունեն, կամ տանը իրենց համար գիքր կարդացող չկա: Իսկ դա լուրջ խնդիր է: Եթե բուհերում լինեն աուդիոգրքեր, մարդիկ անգամ կկարողանան հեռակա կերպով և շատ արագ կրթություն ստանալ, տանը իրենց համար մի քանի անգամ լսել աուդիոգրքերը ու սովորել»,-ասում է Խառատյանը:
Նա նշում է, որ ոչ միայն բուհերում, այլև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներում գոյություն չունեն աուդիոգրքեր: Իր դպրոցական ուսման տարիներին նա հիշում է, թե ինչպես էին ուսուցիչները բարձրաձայն ընթերցում դասագրքերը:
«Բայց ժամանակը սուղ էր և նրանք մեկ անգամ էին հասցնում կարդալ, իսկ երեխաների մոտ ընկալունակությունը տարբեր է, մեկը շուտ է ընկալում, մեկն` ավելի շուտ: Բրայլյան գրքեր էլ գրեթե չկային, ընդամենը մեկ, երկու գիրք էր: Իսկ աուդիոգրքերի առկայության պարագայում ուսուցումը շատ ավելի հեշտ և արագ կլինի տեսողական խնդիրնր ունեցող անձանց համար»,-նշում է Ալիկը:
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2013-ի պաշտոնական տվյալների` Հայաստանում այսօր կա տեսողության խնդիր ունեցող շուրջ 13 հազար մարդ: Նրանցից 1797-ը համարվում է առաջին խմբիի, իսկ 3731-ը երկրորդ խմբի հաշմանդամ, այսինքն, կամ ընհանրապես կույր են,կամ շատ նվազ են տեսնում:
Պետության աջակցությունը նվազագույն է: Որպես առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ, օրինակ, Ալիկ Խառատյանի` պետությունից 19 հազար դրամ թոշակ է ստանում:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը նշում է, Հայաստանում տեսողության խնդիր ունեցող երեխաների կրթության ապահովմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացնում ` համագործակցելով տարբեր ՀԿ-ների և ՀՀ Կառավարության հետ:
«Կրթության ծրագրերի ներքո մեր նպատակներից մեկն է ստեղծել բարենպաստ միջավայր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների համար` լինի դա ֆիզիկական, թե մտավոր խնդիր: Մեր ծրագրերի նպատակը Հայաստանում ներառական կրթության զարգացումն է: Մենք իրականացնում ենք նաև ուսուցիչների վերապատրաստում, թե ինչպես պետք է ներառական կրթություն տրամադրել և դասավանդել»,-ասում է Զառա Սարգսյանը:
Ըստ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամիˋ 2013-ին անցկացրած «Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքը Հայաստանում» հարցման արդյունքների, հարցվածների 93 տոկոսը դրական է արձագանքել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ, բայց 50 տոկոսը բացասական է պատասխանել այն հարցին, թե երեխաները պետք է հաճախեն ներառական դպրոց:
«Խնդիրը ավելի շատ երևում է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների դեպքում: Հարցվածների 30 տոկոսն դեմ է եղել մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ, և 80 տոկոսը կողմ է արտահայտվել, որպեսզի նրանք հաճախեն հատուկ դպրոց, այլ ոչ թե ներառական: Այդ իսկ պատճառով մեր մյուս կարևոր ուղղություններից մեկը հանրային վերաբերմունքի փոփոխումն էˋ ի նպաստ հաշմանդամություն ունեցող երեխաների, որպեսզի նրանք ազատ կարողանան հաճախել դպրոց և բացասական վերաբերմունքի չարժանանան»,-ասում է Զառա Սարգսյանը:
Փորձը ցույց է տալիս, որ դպրոցն ավարտելուց հետո տեսողության խնդիրներ ունեցող երեխաները բարձրագույն ուսումը նախընտրում են շարունակել հիմնականում ԵՊՀ-ի պատմության, իրավագիտության, բանասիրության, կամ հոգեբանության ֆակուլտենտներում, ինչպես նաև Երևանի պետական կոնսերվատորիայում:
Ալիկ Խառատյանը հավաստիացնում է, որ եթե մի օր իրեն հաջողվի դպրոցական և բուհական դասագրքերը աուդիո տարբերակով ձայնագրելու իր նախագիծը կյանքի կոչել, ապա նա դրանք անվճար կտրամադրի տեսողության խնդիր ունեցող դպրոցականներին, բուհերին, հաշմանդամների հարցերով զբաղվող միություններին և հասարակական կազմակերպություններին:
«Եթե ֆինանսավորում լինի իմ այս ծավալուն և ամբողջական ծրագրի իրագործման համար, ես ինքս էլ աշխատանքային զբաղվածություն կունենամ, և կստեղծեմ աուդիոգրքեր, որոնք հասանելի կլինեն համացանցում բոլորի համար: Դրա արդյունքում հաշմանդամություն ունեցող անձիք ավելի հեշտ կկարողանան ստանալ կրթություն եւ ինտեգրվել հասարակությանը,-հավելում է Ալիկ Խառատյանը:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am