Երևանի Չարենցի փողոցում կգործի «Հետիոտնային կանչի» ռեժիմով լուսացույց

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի ապրիլի 23-ից Երևան քաղաքի Չարենցի 75 հասցեին (Խրիմյան Հայրիկի անվան №10 դպրոց) հարակից ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին տեղեկացնում են ճանապարհային ոստիկանությունից։

Ըստ աղբյուրու, փոփոխության արդյունքում Չարենցի փողոցի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցային օբյեկտ, և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: