Վարդենիս քաղաքում ադրբեջանցիներ չեն եղել․ տարածված խուճապի հետքերով․ Fip.am

Վերջին օրերին սոցցանցերում և լրատվական կայքերում ակտիվորեն սկսեցին տարածվել լուրեր, թե Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն ազատորեն շրջում են Վարդենիս քաղաքում։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Այսօր ամենատարբեր աղբյուրներից մենք ստանում ենք տեղեկատվություն, որ Վարդենիս քաղաքի ռեստորաններից մեկում ճաշում են ադրբեջանցի զինվորականներ քաղաքացիական հագուստով, որ Վարդենիսի խանութներում ադրբեջանցի զինվորականներն առևտուր են անում»,— հայտարարեց պատգամավորը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ այս տեղեկությունների հետքերով և պարզել, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։

Պարզաբանում է Իվետա Տոնոյանը

Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է նրան հայտնել Վարդենիսում ադրբեջանցիների և ռեստորանում սնվելու մասին լուրը, և կա՞ն արդյոք դրա ապացույցներ։ Տոնոյանը պատասխանեց․ «Տեղեկատվության մի մասը մամուլից եմ ստացել, մի մասը Վարդենիսի բնակիչներից՝ կոնկրետ Վարդենիսի ռեստորանում հաց ուտելու վերաբերյալ»։ 

Պատգամավորը հայտնեց նաև, որ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթից հետո արձագանքներ է ստացել նաև ադրբեջանցիներից, որոնք գրել են, թե որտեղ ուզեն, այնտեղ էլ կճաշեն։ «Ադրբեջանցին ինձ գրել էր, որտեղ շատ հստակ ասում ա, որ լավ ենք անում, որտեղ ուզում ենք, էնտեղ էլ ճաշում ենք, որովհետև մեր Բասարգեչարն ա (Վարդենիս քաղաքի նախկին անվանումը- խմբ․) դա»,- փոխանցեց Տոնոյանը։ Մեր ճշտող հարցին, թե ադրբեջանցին որևէ ապացույց ներկայացրե՞լ է՝ ֆոտո կամ վիդեո, պատգամավորը պատասխանեց․ «Բնականաբար՝ ոչ»։

Նշենք, որ Վարդենիս քաղաքի խանութներից առևտուր անելու մասին լուրերն Ազգային անվտանգության ծառայությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հերքել էր դեռևս դեկտեմբերի 3-ին։

Վարդենիսի քաղաքապետը հերքում է

Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը Fip.am-ի հետ զրույցում ևս հերքեց տարածվող լուրերը։ Քաղաքապետի խոսքով՝ վերջինս 2 օր առաջ է իջել դիրքերից, և սահմանի երկայնքով տեղադրված դիրքերի խտությունը բավական մեծ է, ինչը բացառում է ադրբեջանցիների ներթափանցումը Հայաստանի տարածք։

Մեր հարցին, թե հնարավո՞ր չէ արդյոք Ադրբեջանի զինծառայողների մուտքը Սոթքի հանքի տարածքով, Մելքոնյանը հայտնեց, որ հանքի տարածքից դուրս եկող անցակետը հսկում են ոստիկանության Վարդենիսի տարածքային բաժնի, Ազգային անվտանգության ծառայության և Ռազմական ոստիկանության ծառայողները։ «Երեք ուժային կառույց հսկում են էտ անցակետը, ո՞նց կարող է ադրբեջանցին անցնի Վարդենիս էտ անցակետով, գա ռեստորան էլ հաց ուտի։ Դա աբսուրդ է»,- ասաց Վարդենիսի քաղաքապետը։

Արամ Մելքոնյանը վերստին պնդեց, որ տարածված լուրերը սուտ են․ «Յուրաքանչյուր պատգամավոր, որն ասում է, թե Վարդենիսում հաց են կերել, ես հրավիրում եմ Վարդենիսի քաղաքապետարան և բոլոր հարցերին պատասխանեմ։ Ո՞վ է տեսել։ Տեսնողն ինչո՞ւ չի զանգել ԱԱԾ, ոստիկանություն կամ համայնքապետին։ Ամբողջ համայնքն իմ համարն ունի։ Ինչո՞ւ մեկը չզանգեց ասեց, որ թուրքերը նստած մեր մոտ հաց են ուտում, եկեք տեսեք ինչ են անում»։

Լուրերին, թե ադրբեջանցի զինվորականները Վարդենիս են մտնում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, քաղաքապետը հակադարձեց․ «Վարդենիսում ռուս խաղաղապահներ չկան, Դադիվանքում կան, Քարվաճառի տարածքում կան, բայց Վարդենիսի տարածքում չկան»։

ԱԱԾ-ն ևս հերքում է

ԱԱԾ-ն Fip.am-ի հետ զրույցում ևս անդրադարձավ շրջանառվող լուրերին։

«Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես իրազեկում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում և հարակից տարածաշրջանում ադրբեջանցիների առկայության մասին շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտնեցին ԱԱԾ-ից։ 

Հավելենք նաև, որ տեղի բնակիչների շրջանում շրջանառվում էին Վարդենիս քաղաքում գործող երկու սուպերմարկետների անուններ, որտեղից, ըստ լուրերի, առևտուր են արել ադրբեջանցիները։ Խանութների տնօրենները, սակայն, ևս հերքեցին այդ տեղեկությունները։ 

Այսպիսով, փաստենք, որ տարածվող լուրերը, թե Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներն անարգել մտնում են Վարդենիս քաղաք, առևտուր անում քաղաքի խանութներից և սնվում տեղի ռեստորաններում, որևէ կերպ հիմնավորված չեն, և դա հերքում են ինչպես Ազգային անվտանգության ծառայությունն ու Վարդենիսի քաղաքապետը, այնպես էլ հենց այդ վերոնշյալ օբյեկտների սեփականատերերը։

Սևադա Ղազարյան

Fip.am