«Վիճակն այնպիսին է, որ եթե խաղամոլին մեշոկով փող տաս, նա կգնա, կշարունակի խաղալ». ինչո՞ւ են մարդիկ զբաղվում խաղամոլությամբ

Կլինիկական հոգեբան Իզապէլ Մաթոսեանը, որը երկար տարիներ է՝ զբաղվում է դեռահասներին ու մեծահասակներին տանջող խնդիրներով, ասում է՝ խաղամոլությունը Հայաստանում լայն տարածում է ստացել: 

«Խաղամոլները գալիս են, երբ բանը բանից անցած է լինում, երբ դանակը արդեն ոսկորին է հասել: Հաճախ է եղել, որ նրանք եկել են, որովհետև կինը կամ ընտանիքի անդամները նրանց ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ ընտանիքը, կամ մոլությունը»,- «Մեդիալաբին» ասում է հոգեբանը:

Իզապէլ Մաթոսեանը Բեյրութից Հայաստան է եկել վեց տարի առաջ և իր գործունեության ընթացքում օգնում է լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ դեպրեսիան, վախն ու ֆոբիաները, սթրեսը, խաղամոլությունը, կախվածությունը ալկոհոլից և այլն:

Խաղամոլությամբ տարված անձինք, Մաթոսեանի խոսքով, շատ դեպքերում չեն գիտակցում, որ լուրջ խնդիր ունեն, որը պետք է լուծել, որից պետք է ազատվել: 

Այն, որ մարդիկ հսկայական գումարներ են կորցնում տարբեր խաղադրույքների վրա, խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով վիճակագրական որոշ տվյալներ: Ըստ այդմ՝ 2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում կատարվել է 3,2 տրլն դրամի խաղադրույք, ինչը կրկնակի գերազանցում է պետական բյուջեի եկամուտները:

Իշխանական պատգամավորի ներկայացրած մեկ այլ տվյալի համաձայն՝ Հայաստանում մարդիկ կատարած խաղադրույքների հետևանքով կորցրել են 70 մլրդ դրամ։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն իր հերթին ասել էր, որ, ըստ դիտարկումների՝ 2018-ի համեմատ խաղադրույքները վեցապատիկ աճել են։

Մաթոսեանն ասում է՝ խաղամոլությունը համաշխարհային երևույթ է, Բեյրութում էլ մարդիկ շատ են խաղացել և օգնության համար դիմել իրեն, բայց Հայաստանի նման փոքր երկրում, նրա խոսքով՝ այդ մոլուցքը վտանգավոր չափերի է հասնում:

«Եղել են անձինք, որոնք դիմել են պարզապես իրենց փրկելու համար: Եկել և ասել են՝ փրկե՛ք ինձ, պարտքերս ուզում են, ասում են՝ կսպանենք, փրկե՛ք ինձ, ե՛լք ցույց տվեք: Այստեղ դու հասկանում ես, որ իրենք չեն ուզում լուծել մոլուցքը, կախվածությունը խաղամոլությունից: Այդ դեպքում ի՞նչ անես: Այսինքն՝ եթե մեկը էդ րոպեին շատ կոպիտ ասած՝ մեշոկով փող տա, ասի՝ գնա պարտքերդ փակիր, նա շատ ուրախ կլինի ու կգնա, կշարունակի, իր մոլության վրա չի աշխատի: Հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակ է»,- ասում է հոգեբանը: 

Մոլությունը, ըստ մասնագետի, էմոցիոնալ խնդիրների հետևանք է, երբ, օրինակ՝ մարդը կարող է անտարբերության մատնվել, էմոցիոնալ թույլ վիճակում լինել, ինչի հետևանքով էլ տրվում է որևէ մոլության: Սակայն հիմնականում խնդիրը սոցիալական վատ վիճակի հետևանք է: 

«Երբ փորձում ես մարդու խնդիրը վերլուծել, տեսնում ես, որ նա եղել է սոցիալապես ոչ լավ վիճակում, և երբ մեկ-երկու անգամ փորձել է ու հեշտությամբ մի քանի հազար դրամ ստացել, արդեն տրվել է այդ մոլուցքին, ու դա նրա համար դարձել է սովորական մի բան, սովորական զբաղմունք: Մոլուցքի առաջացման պատճառ կարող է լինել նաև սիրելի անձի կորուստը, շրջապատի կամ ընտանիքի անտարբերությունը անձի դեռահասության տարիքում»,- նշում է մասնագետը:

Էմոցիոնալ թույլ անձինք են, ըստ Մաթոսեանի, ընկնում որևէ մոլուցքի ազդեցության տակ: Նման հոգեվիճակի հետ միասին կարող է ազդել ընտանիքում ծնողների անտարբերությունը կամ չափից դուրս վերահսկողությունը: 

«Շատ ու շատ խնդիրների համախումբը կարող է անձի մոտ որևէ մոլուցքից կախվածություն առաջացնել: Անձը կարող է շատ հարուստ ծնողների երեխա լինել, բայց ծնողներն ընդհանրապես էմոցիոնալ ձևով ներկա չլինեն նրա կյանքում, և նման պայմաններում մեծանալով՝ անձը կարող է տրվել մոլուցքի»,- ասում է նա:

Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է մոլախաղերի գովազդը սահմանափակող օրինագիծը։ Օրենսդրական նախաձեռնությանը կողմ է քվեարկել 56, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 16 պատգամավոր։ Դեմ էին հիմնականում այն պատգամավորները, որոնց կարծիքով նման սահմանափակումը կարող է լրատվամիջոցների համար ֆինանսական խնդիրներ առաջացնել:

Նախագիծը, մասնավորապես, արգելում է ցանկացած տեսակի մոլախաղերի գովազդը՝ լինի կազինո, բուքմեյքերական գրասենյակ, ինչպես նաև դրանց կազմակերպիչներին, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցում։ Արգելքը չի տարածվի այդ ընկերությունների պաշտոնական կայքերի վրա։

Գովազդը կթույլատրվի նաև 4 և բարձր աստղանի հյուրանոցներում, ինչպես նաև հսկիչ անցակետերում ու հենց այն շենքերում, որտեղ խաղեր են անցկացվում։

«Իհարկե, հիմա բանը բանից անցել է, և նման սահմանափակումները, կարծում եմ, ուշացած են, բայց, իհարկե, ժամանակը ցույց կտա՝ ինչպես դա կաշխատի: Պետք է ընդհանրապես արմատախիլ անել այս երևույթը, քանի որ այն մտել է մարդկանց կյանք, կրծում է նրանց ներսից»,- ընդգծում է Իզապէլ Մաթոսեանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am