Արթուր Միքայելյանի բացառիկ ունակություններն ու Մեղրաձորի էթնո գաստրոտունը. Աննա Հակոբյանի այցը Կոտայքի մարզ

Կոտայքի մարզ այցի շրջանակում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է նաև Հրազդան համայնք, հյուրընկալվել Արթուր Միքայելյանի տանը: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին դիմավորել են Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը և Արթուր Միքայելյանի հայրը:

Արթուր Միքայելյանը հայտնի է մի շարք հաղորդումներում իր մասնակցությամբ: 3 տարեկանից գրում և կարդում է, չնայած ուշ է սկսել խոսել:

Արթուրը կարողանում է մեծ թվեր գումարել-հանել, անմիջապես հաշվել երաժշտության տևողությունը: Վայրկյանների, րոպեների հանդեպ առանձնահատուկ սեր ունի, գիտի նաև, թե ցանկացած երկրում որ ժամն է, և, օրինակ՝ 50 տարի առաջ հունվարի 1-ը շաբաթվա ինչ օր է:

Արթուրի նախասիրությունները ժամանակ առ ժամանակ փոխվում են, հիմա հետաքրքրվում է ռուսական սերիալներով և դրանց մասին հնարավոր ամբողջ տեղեկությունները գրում է սպիտակ թերթի վրա, իր յուրօրինակ ձեռագրով: Իր կարողությունների համար Արթուրի անունը հայտնվել է նաև Դյուցազնագրքում:

Արթուրի մայրը ցանկանում է համապատասխան մասնագետ գտնել, որը կբացահայտի Արթուրի ունակությունները և կօգնի իրեն, բայց դեռ չի հաջողվում:

Արթուրը նաև չարն ու բարին է տարբերում, պատմում են տան անդամները, կարող է անգամ տանից դուրս հրավիրել այն մարդուն, ում չի հավանում:

Աննա Հակոբյանը զրուցել է Արթուրի ու տան անդամների հետ, հետաքրքրվել նրա  նախասիրություններով:

Աննա Հակոբյանը Կոտայքի մարզ այցը ավարտում է Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր» էթնո գաստրոտանը, որտեղ նրան դիմավորել են Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, Մեղրաձորի մշակույթի տան տնօրեն Գոհար Գոգոլյանն ու գաստրոտան տնօրեն Վարդան Եղիազարյանը:

Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Մեղրաձոր համայնքի ավանդույթներին ու յուրահատուկ խոհանոցին:

Վարդան Եղիազարյանը վարչապետի տիկնոջն է ներկայացնում իր ձեռագործ աշխատանքները, որոնք պատրաստում է խաղողի արմատներից: Հավելում է, գրեթե չի միջամտում և ներկայացնում է արվեստի աշխատանքներն այնպես, ինչպես դրանք հողից են դուրս գալիս:

Աննա Հակոբյանը հետաքրքրվում է, թե ինչպես գաստրոտուն ստեղծելու միտքն առաջացավ: Վարդան Եղիազարյանի խոսքով՝ փայտի հետ աշխատել մանկուց է սիրել, հաճելի զբաղմունքը կյանքի գործ է դարձրել:

Էթնո գաստրոտուն էին եկել նաև Մեղրաձորի մշակույթի տան սաները: Վարչապետի տիկինը երեխաներից հետաքրքրվում է, թե մշակույթի տանը ինչով են զբաղվում ու ինչ են սովորում: Մշակույթի տանը 4 խմբակ է գործում` գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն և տիկնիկագործություն:

Մշակույթի տունը նաև վերարտադրում է բոլոր մոռացված տոներն ու ծիսակարգերը, այսօր հյուրերի համար բեմադրել ու ավանդական կարգով ներկայացնում էին Կաղանդն ու Սուրբ Ծնունդը: