Կրիմինալ իրավիճակը բերում է նորանոր զոհերի, մարդկային կյանքերը չեն հետաքրքրում այս իշխանությանը. Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը 

– Տիկի՛ն Ալեքսանյան, բանակում դարձյալ զոհ կա ոչ մարտական պայմաններում, ընդ որում՝ մեկ օրում երկու զոհի մասին տեղեկություն տարածվեց։ Խաղաղ պայմաններում զոհվող զինծառայողների հարցը ինչո՞ւ չի լուծվում, ինչի՞ հետևանք է բանակում նման իրավիճակը։

– Բանակում գոյություն չունի վերահսկողություն, վերահսկողության բացակայությունն ու անպատժելիության մթնոլորտը հանգեցնում են այս իրավիճակին։ Անցյալ տարի փակեցին 75 զոհով, ու դրանից հետո էլ ոչ մի հետևություն չարվեց, ոչինչ չփոխվեց, որ նոր զոհեր չլինեին։ 75-ը շատ բարձր թիվ է, նախկինների ժամանակ չի եղել նման մեծ թիվ, 40-50-ի շրջանակում էր, ես 90-ականների հետ կհամեմատեմ, երբ մահվան նման բարձր թվեր էին։ 

Բացարձակապես հետևություն չի արվում, սրանք մարդկային կյանքեր են, բայց դա չի մտահոգում այս իշխանություններին, այդքան զոհվում են, զոհվում։ Ազատ գյուղի դեպքից հետո, երբ 15 զինվոր կորցրինք, ոչ մի հետևություն չարվեց, ընթացքը շարունակվեց, հուլիս ամսին 10 զոհ ենք ունեցել։ Խնդիրն այն է, որ իրենց հռչակած բարեփոխումներն իրականում գոյություն չունեն, դրանք չեն արվում, ու բացի այդ էլ՝ քննչական մարմինները չեն բացահայտում հանցագործությունները, դրա համար էլ այդ կրիմինալ իրավիճակը բերում է նորանոր զոհերի։ 

– Իսկ ինչպե՞ս եք բացատրում այն, որ վարչապետը դպրոցի մարզասրահի կախիչների, ցնցուղի վատ որակի համար մարզպետների է ազատում աշխատանքից, իսկ այս պարագայում մենք նախարարության որևէ պաշտոնյայի պաշտոնանկության ականատես չենք լինում։

– Սա ուժային կառույց է, ու եթե նկատում եք, վարչապետը ոստիկանությանը ամրացրեց ու պաշտպանության նախարար նշանակեց մի մարդու, որն իր համար անփոխարինելի է, իր խոնարհ ծառան է: Նույնը նաև Քննչականի պետի մասին կասեմ։ Դուք չեք լսել, չէ՞, որ վարչապետն այս դեպքերի մասին երբևիցե խոսի, պաշտոնավարումից ի վեր չի խոսել այն պարագայում, երբ մահվան դեպքերի դինամիկան աճում է, ոչ թե նվազում, մինչև հարյուրի են հասնում մահվան դեպքերը։ 

Նրանք ընդհանրապես Պապիկյանին հռչակել են որպես անբիծ մի երևույթ։ Նրանց հետաքրքրում է միայն իրենց իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, թե մարդիկ են զոհվում, մարդկանց են սպանում։ Նրանք պատասխանատու են ամեն մի զինվորի կյանքի համար, բայց մենք տեսնում ենք, որ պատասխանատվությունն իսպառ բացակայում է, ամեն ինչ ուրիշների վրա են բարդում, իսկ Պապիկյանն առհասարակ ո՛չ իր մեղքն է ընդունում, ո՛չ ծնողներին է ընդունում։ Նրանք ապրում են, վայելում, ոչինչ, թող զոհերը լինեն։ 

– Տիկի՛ն Ալեքսանյան, իսկ պետության կողմից նման վերաբերմունքը բանակի նկատմամբ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Ես այսպես եմ հասկանում, որ նրանք չեն կարևորում բանակի դերը՝ որպես անվտանգության երաշխավորի ու երաշխիքի, եթե կարևորեին բանակի դերը կամ Հայաստանի անվտանգությունն ընդհանրապես, ապա բանակում որևէ բան կփոխեին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am